Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսները փորձեցին ավելի դիվանագիտական մանևր անել»․ Վիգեն Հակոբյանը՝ Միրզոյան-Լավրով ասուլիսի մասին

Մարտ 21,2023 19:40

«ՀՀ վարչապետի՝ վերջին շրջանի ասուլիսները մոտավորապես նույն սցենարի մեջ էին։ Ամեն անգամ գալիս է ու հայտարարում, թե գիտեք՝ ես ամեն ինչ անում եմ, որ խաղաղության դարաշրջան սկսեմ, բայց մենք չունենք վստահելի ռազմավարական դաշնակից՝ ի դեմս ՌԴ-ի»,-«Հայաստանի անվտանգության փլուզված համակարգը» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին։

Ըստ քաղտեխնոլոգի՝ Նիկոլ Փաշինյանը եկավ ու հայտարարեց, որ ամեն ինչ անում է, նույնիսկ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները վտանգելով` փորձել է Արևմուտքի հետ աշխատել, բայց բրյուսելյան ֆորմատն էլ արդյունք չի տալիս, որովհետև որևէ երաշխիք չկա, որ նույնիսկ, եթե մենք փաստաթուղթ ստորագրենք, ապա մենք կունենանք խաղաղություն։ Ըստ Վիգեն Հակոբյանի՝ այդ ասուլիսի գլխավոր նպատակը դա էր։ Նա համոզված է, որ խաղաղության փաստաթուղթ գոյություն ունի, բայց որևէ մեկը երաշխավոր չի կանգնում այդ փաստաթղթին։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը՝ քաղտեխնոլոգն ասաց․ «Եթե դու դաշտից դուրս ես մղում քո ռազմավարական դաշնակցին, որի խաղաղապահներն ապահովագրում են Արցախի բնակչությանը ցեղասպանությունից, հիմա ստացվեց այնպես, որ խաղից փորձեցին հանել ռուսներին, բայց որևէ մեկը՝ նույն Արևմուտքից, երաշխավոր չի ուզում լինել խաղաղության պայմանագրի դրույթներին»։ Ըստ Վիգեն Հակոբյանի՝ հանրությանը վարժեցնում են այն գաղափարին, որ այս կամ այն ձևով Ադրբեջանը փորձելու է հասնել իր նպատակին՝ փոքր պատերազմով կամ մի այլ ձևով ինչ-որ բան կարող է հանձնվել։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը նաև դրա մասին էր։

Անդրադառնալով Լավրով-Միրզոյան ասուլիսին՝ Վիգեն Հակոբյանն ասաց․ «Ռուսները փորձեցին ավելի դիվանագիտական մանևր անել՝ օգտագործելով երևանյան իշխանությունների ուղերձի շուրջ ինչ-որ նոր իրողությունները ստեղծելը, որն ուներ նաև քարոզչական բաղադրիչ։ Լավրովը հայտարարեց՝ մենք դեմ չենք փաշինյանական թեզին, որ Արցախը և Ադրբեջանը պետք է իրար հետ բանակցեն, բայց միաժամանակ ըստ էության հիշեցրեց, որ այդ նույն մոդելով առնվազն երկու օրինակ գոյություն ունի՝ Դոնբասը, Կոսովոն։ Թեպետ վստահ չեմ, որ նույն բովանդակությամբ են խոսում Արցախն ու Ադրբեջանը, առնվազն Ադրբեջանն այդ ինքնավարության գաղափարի մասին չի ուզում խոսել»։

Ըստ Վիգեն Հակոբյանի՝ Սերգեյ Լավրովն ակնարկեց ՀՀ իշխանություններին, որ նորից վերադառնալու եք ռուսական մոդելին, այսինքն՝ հետաձգել Արցախի կարգավիճակի շուրջ գործընթացը։ Նրա կարծիքով՝ ընդհանուր առմամբ ռուսները բավականին լուրջ էին պատրաստվել այս բանակցությանը ի տարբերության հայկական կողմի։

Վիգեն Հակոբյանը, արձանագրելով, որ Սերգեյ Լավրովն օգտագործեց «ղարաբաղցի» եզրույթը, նշեց․ «Այսինքն՝ կա այդպիսի կատեգորիա Լավրովի խոսույթում։ Ուստի կարծում եմ՝ ինչ-որ նոր գործընթաց է գնում։ Չի բացառվում, որ աշխարհաքաղաքական փոփոխություններում ռուսների համար գուցե առաջին հերթին նույնիսկ ոչ թե ՀՀ-ն է, այլ Արցախը կարող է շատ ավելի նշանակություն ունենալ։

Նոր գործընթացներ են սկսվում, որտեղ ռուսները բարձրացնում են ի հեճուկս Ալիևի՝ Արցախի ինչ-որ կարգավիճակի հարց, մյուս կողմից կանխատեսելի է Ադրբեջանի ռեակցիան։ Այստեղ ինչ-որ գործընթաց է սկսվում։ Գուցե, եթե մենք ունենայինք լուրջ քաղաքական իշխանություն, դիվանագիտություն և ունակություններ, քաղաքական կամք, ապա կարելի էր այստեղ ինչ որ բան որսալ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031