Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը երկու նպատակ ունի». Գառնիկ Դավթյանը՝ հնարավոր զարգացումների մասին

Մարտ 21,2023 19:01

«Ամբողջ պետական համակարգը, այդ թվում նաեւ ՊՆ-ն, ճգնաժամում են. այդպես անվանելը նույնիսկ մեղմ կլինի»,- «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում կարծիք հայտնեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն՝ անդրադառնալով այսօր կատարվածին, ըստ որի՝ ՊՆ-ի փոխանցմամբ, Խնձորեսկի բնակիչը, մարտական հենակետեր սնունդ տեղափոխելիս՝ վատ տեսանելիության պատճառով, մոլորվել եւ հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Մինչ պաշտոնական տեղեկատվության տարածումը, սոցիալական ցանցերում գրառումներ հայտնվեցին այն մասին, որ ադրբեջանցիները առեւանգել են Խնձորեսկի բնակչին: Փորձագետի կարծիքով, երկու տարբերակն էլ հնարավոր է, բայց բանակում տեղի ունեցող բոլոր ողբերգությունների համար անձնական պատասխանատվություն պետք է ստանձնի նախարար Սուրեն Պապիկյանը:

Ըստ նրա, 2020 թվականի «Նիկոլի պարտությունից հետո», մեզ մոտ սերմանվում է պարտվելու, նահանջելու հոգեբանություն եւ այսօր էլ դրա հետեւանքների ականատեսն ենք:

«Բանակը գտնվում է այսքան վատ վիճակում, որովհետեւ բանակը ղեկավարում է մի անձ, ով ունի քաղաքական ամբիցիաներ, ոչ թե պետական ամբիցիաներ»,- հայտարարեց փորձագետը:

Գառնիկ Դավթյանն անդրադարձավ նաեւ երեկվանից սոցիալական ցանցերում տարածվող ադրբեջանական «բնապահպանի» տեսանյութին, որում վերջինս սպառնում է Նովրուզի կապակցությամբ հայի արյուն թափել: Փորձագետի փոխանցմամբ, այդ անձը ղեկավարում է «чистка продалжается» տելեգրամ-ալիքը եւ ալիքի անվանումը, այնտեղ տեղադրվող տեսանյութերն ու հոդվածները խոսում են այն մասին, որ այդ շրջանակի վերջնական նպատակն Արցախն ամբողջությամբ հայաթափելն է: Տվյալ անձն էլ, 2020-ի պատերազմի ավարտից հետո, այցելել է Արցախի հանրապետության բռնազավթած տարածքներ, նկարահանումներ է արել հայկական դիրքերում, ցույց է տվել «ադրբեջանցիների հերոսությունները», ինչը ենթադրում է հայ զինվորների գլխատում, գերիներին տանջամահ անել եւ այլն: «Այդ անձը ֆինանսավորում է ստանում պետական համակարգից եւ իմ ունեցած տեղեկություններով, ունի լուրջ կապեր Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ այդ անձին նաեւ հեռուստաեթերներ են տրամադրում: Այս ամենն, ըստ Գառնիկ Դավթյանի, «օդից չի լինում», այլ դա սովորաբար իրականացվում է պետական ռեսուրսի աջակցությամբ:

Ելնելով այս ամենից՝ Հայաստանի-ի եւ Արցախի հանրապետությունների գլխին կախված բոլոր խնդիրները, նա համարում է, այսպես կոչված՝ խաղաղության դարաշրջանի, իսկ իր բնութագրմամբ «Նիկոլի ջարդի դարաշրջանի» եւ ՔՊ-ի «վաստակը»:

Գառնիկ Դավթյանի դիտարկմամբ, Ադրբեջանում հակահայկական քարոզը վերջին շրջանում ավելի ինտենսիվ է դարձել եւ վերջին դիտարկումները ցույց են տալիս, որ Ադրբեջանին ոչ թե Սյունիքի մարզն է պետք, այլ ամբողջ Հայաստանի հանրապետությունը. սկզբնական շրջանում՝ Սյունիքի մարզը՝ Զանգեզուրի կոչվող միջանցքով, Տավուշի մարզը:

Նրա դիտարկմամբ, մեծ է հավանականությունը նոր ռազմական էսկալացիայի եւ լարվածությունը հատուկ կլինի հենց Տավուշի մարզում, քանի որ 2020-ին, Թովուզի դեպքերի ժամանակ, այդ հատվածում ադրբեջանական հենակետ է անցել հայկական վերահսկողության տակ, իսկ Ալիեւի քինախնդրությունը եւ իր անունը մաքրելու հարցն ակնհայտ է: Նաեւ Տավուշում են գտնվում այն, այսպես կոչված, անկլավները, որոնք Ալիեւը հայտարարում է, որ պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Եթե նման գործընթաց լինի, դա Հայաստանի տնտեսությունը կոլապսի կենթարկի, ավելին, Հայաստանի սուբյեկտայնության հարց կառաջանա: Բանախոսը հիշեցնում է ՀՀ իշխանության տրամադրվածությունը՝ նկատելով, որ հնարավոր է սկսեն հանրությանը համոզել, թե նոր ճանապարհ կկառուցենք եւ զուգահեռ է անցկացնում Գորիս-Կապան ճանապարհի հանձնման հետ, որին այլընտրանքը այնպես կառուցվեց, որը երկու ամիս ծառայեց իր նպատակին:

Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, փորձագետի դիտարկմամբ, նա «ամբողջ Հայաստանը կամ կվաճառի, կամ՝ պատերազմով կտա՝ կասի՝ դե չկարողացանք պահել՝ տվեցինք»:

«Հիմա Նիկոլը երկու նպատակ ունի. կամ կհամոզի հասարակությանը, որ պատերազմենք, զոհեր տանք, ուրեմն մեղավոր եք դուք կամ ռեւանշիստները, որոնք ի սկզբանե դեմ էին ադրբեջանցիների կողմից առաջ քաշած պայմաններին՝ անկլավների հանձնում, Զանգեզուրի միջանցքի հանձնում, Արցախի հանձնում եւ երկրորդ՝ ամբողջ պատերազմի մեղքը կբարդի «ռեւանշիստների», «նախկինների», հասարակության այն շերտի վրա, որոնք դեմ են եղել Թուրքիայի եւ ադրբեջանցիների հետ միակողմանի զիջումներով միակողմանի խաղաղության հաստատմանը»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների համար հայրենիքը սկսվում է կառավարության շենքից եւ իրենց բնակարաններից ներս:

Խոսելով պատերազմի շեմին Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին էլ, փորձագետը նկատեց՝ սցենարը ծանոթ է, քանի որ նախորդ պատերազմի շեմին էլ գեներալներ կալանավորվեցին, նվաստացվեցին, ազգային հերոսի ինստիտուտը խայտառակվեց, ինչ-որ «տուշոնկա գողանալու համար», մինչդեռ, հետո, պարզվեց, որ հարուցված գործը որեւէ աղերս չուներ բարձրացված աղմուկի եւ իրականության հետ, բայց, «սպային դանակահարած անձը պաշտպանության նախարար է, որովհետեւ Նիկոլի քմահաճույքներն է կատարում»:

Ցանկացած էսկալացիայի պարագայում, բանախոսը գտնում է, որ ՌԴ-ն հենց այնպես իր շահերը Հայաստանում չի զիջի, անկախ նրանից, որ մինչ այս պահը եւ այս պահին էլ ՌԴ-ն սխալներ է թույլ տալիս եւ հենց ՌԴ-ն է, որ իր շահերից ելնելով՝ միջամտելու է, եթե Հայաստանի վրա լայնածավալ հարձակում լինի: Ինչ մնում է Իրան-Ադրբեջան հնարավոր ռազմական էսկալացիային, այս դեպքում եւս Հայաստանը եւ Արցախը՝ իր բռնազավթված տարածքներով, հայտնվելու են ռազմական գործողությունների կենտրոնում եւ բավական շատ տուժելու են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031