Երեկ ՀՀ Պետական վերահսկողության ծառայությունը մամլո հաղորդագրություն տարածեց այն մասին, որ մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել են չարաշահումներ՝ կապված Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացված ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքների հետ:
«Հիմք ընդունելով համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ներկայացված տեղեկատվությունը և ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը՝ պարզվել է, որ Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքները կատարվել են նախագծանախահաշվային փաստաթղթերից շեղումներով, օգտագործվել է անորակ հումք, որի արդյունքում ջրամատակարարման ցանցում առաջանում են վթարներ և այն լիարժեք չի շահագործվում:
Արդյունքում, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, Լուսաղբյուր բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքները լիարժեք չեն կատարվել և պետության հատկացրած միջոցները ծախսվել են անարդյունավետ և ոչ նպատակային», – գրված է մամլո հաղորդագրության մեջ։
ՊՎԾ-ն եկել է այն եզրահանգման, որ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի իրավասու պաշտոնատար անձինք առերևույթ թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին:
Կարդացեք նաև
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Անիի նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանը, որն այս պահին ընտրապայքարի մեջ է, մասնակցում է Անիի ՏԻՄ ընտրություններին՝ «Ազգ-համայնք» դաշինքով, պնդում է, որ սա իրեն սևացնելու փորձ է։
«Իրենք բազմիցս փորձում են ներկայացնել, որ Անի համայնքում այս տարիների ընթացքում սուբվենցիոն ծրագրեր չեն կատարվել։ Ակնհայտ սուտ է․ ներկայացնում են, հետո իրենք իրենց հերքում։
Փաստն այն է, որ սուբվենցիոն ծրագրեր կատարվել են, Լուսաղբյուր բնակավայրի ջրագծերը կառուցվել են սուբվենցիոն ծրագրով։ Համապատասխան բոլոր ընթացակարգերը պատշաճ կատարվել են՝ գնումներին համապատասխանող մրցութային փաթեթի նախագծման, փորձաքննության, վերահսկողության, հեղինակային հսկողության, տեխնիկական հսկողության, ավարտական ակտերի։ Ծրագրի ավարտական ընթացքի ընդունմանը մասնակցություն է ունեցել թե՛ մարզպետարանը՝ իր ունեցած լիազոր ներկայացուցչով, թե՛ քաղաքաշինության պետական տեսչությունը։
Ամբողջ փաստաթղթավորումը համապատասխանում է իր բոլոր ընթացակարգերին և նորմերին, այդ գործընթացի մեջ որևէ խնդիր չկա։ Եղել են վթարներ, որոնց պատճառով առաջացել են մտահոգություններ, համապատասխան շինարարի կողմից ապահովվել է ընթացիկ վերանորոգման, վթարների կատարման ընթացքը։ Թե ինչ խնդիրներ են էդտեղ, համայնքապետարանը որևէ իրավասություն չունի։
Անհրաժեշտ համապատասխան ուսումնասիրություններով գուցե փորձեն հետազոտել, հասկանալ՝ ինչ խնդիր կա, բայց այն, որ համայնքապետարանն այստեղ որևէ բացթողում չի արել, դա փաստ է, եթե ունի, դրան մասնակից են մարզպետարանը, նաև քաղաքաշինության տեսչությունը։
Բացի այդ, համայնքապետարանը վարձել է շինարարությունը վերահսկող համապատասխան մասնագիտացված որակի տեխնիկական հսկիչ, հեղինակային հսկողությունն էլ իրականացրել է նախագծողը, որով ևս իրենց կողմից խնդիրներ չեն արձանագրվել», – ասաց Արտակ Գևորգյանը։
Նա պնդում է, որ «Ազգ-համայնք» դաշինքի դիրքերը ուժեղ են ՏԻՄ ընտրություններում, հաղթելու հավանականությունը շատ բարձր է, հետևաբար և փորձում են այս մեթոդներով խնդիրներ առաջացնել։ Ըստ Արտակ Գևորգյանի, նման փորձեր կատարվել են նաև նախկինում։
«Նման ձևով փորձում են տպավորություն ստեղծել, ընտրական պրոցեսի վրա ազդել՝ իրենց կողմից սև մեխանիզմ օգտագործելու միջոցով, որը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Հետամուտ ենք լինելու, և մեր ժողովուրդը իր վստահության քվեն տալու է մեզ․ «Ազգ-համայնք» դաշինքը հաղթելու է», – հայտարարեց նախկին համայնքապետը։
Արտակ Գևորգյանը նաև նեղվեց, թե իր տեղակալի` Մարտիրոս Դարբինյանի մասին լուրեր են շրջանառում, թե նա, լինելով իր իրավահաջորդը, ձախողել է համայնքապատկան գույքի, սարքավորումների, տրանսպորտային միջոցների ընդունում-հանձնման գործընթացը՝ մեկնելով ՌԴ։
«Իմ լիազորությունները դադարելուց հետո մեկ ամիս ու կես դրանք իրականացրել է իմ տեղակալը՝ մինչև ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը։ Իմ կողմից ապահովվել են բոլոր անհրաժեշտ հնարավոր միջոցները, ընդունում-հանձնումն ապահովվել է։
Իմ նախկին տեղակալը ևս ընդունում-հանձնում է կատարել ժամանակավոր պաշտոնակատարի հետ։ Իմ տեղակալի ընտանիքը գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, Ամանորին ընդառաջ պիտի գնար, որովհետև վատառողջ էր։ Իրենց անփութության, անգործության, ոչ մասնագիտացված, ոչ կարողություն ունեցող կարգավիճակի մարդիկ խոչընդոտել են ընդունման-հանձման գործընթացը։
Քիչ առաջ խոսել եմ իմ տեղակալի հետ, որը վատառողջ է դեռ, նա հավաստիացրեց, որ իրեն ասել են՝ ամեն ինչ նորմալ է, մենք հետո այդ փաստաթղթավորումը միասին կապահովենք, ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք։
Արդեն հինգ ամիս իրենք շահագործում են համայնքի գույքը, տեխնիկական միջոցները և հիմա նոր բարձրաձայնում, թե ինչ-որ բան պակաս է։ Ուղղակի արհեստածին բանսարկություններ են, որի միջոցով փորձում են մարդկանց աչքերին թոզ փչել, տպավորություն ստեղծել, թե Անի համայնքում աշխատանքները նորմալ չեն ընթացել և ոչ մասնագիտացված ձևով են իրականացվել։
Եվ դրանք ակնհայտ սուտ են, գալիս է նրանից, որ իրենք թույլ գտնվելով՝ չունենալով հնարավորություն հաղթելու, փորձում են ընտրական գործընթացի համար օգտագործել վարկաբեկման տարբեր միջոցներ։ Թող շատ չչարչարվեն, մենք ենք հաղթելու», – հայտարարեց Արտակ Գևորգյանը։
Հիշեցնենք, որ Անիի ՏԻՄ ընտրությունները կայանալու են մարտի 26-ին, այստեղ ընտրապայքարի են դուրս եկել 4 քաղաքական ուժեր՝ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, Քաղաքացիական պայմանագիրը՝, որի թեկնածուն նշանակվել է Անի խոշորացված համայնքի ժամանակավոր պաշտոնակատար, «Հայկական երազանք» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ