Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ խաղաղությունը որտե՞ղ է, մի հատ ասեք՝ գնանք, տեսնենք՝ Ջերմուկո՞ւմ է, Կապանո՞ւմ է, ո՞նց կարելի է առանց ամոթի զգացողության խեղաթյուրել բանակցային 20 տարվա պրոցեսը». Խամոյան

Մարտ 21,2023 17:55

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց, որ խիստ զարմացած է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ինքնավստահության վրա. «Դուք ամեն անգամ փորձում եք սեփական թիմին տպավորել: Զարմանում եմ՝ հաշվի առնելով կուսակցության վերջին համագումարին, լինելով ֆրակցիայի ղեկավար՝ քաղաքական որոշումների կայացման վարչության անդամ անգամ չընտրվեցիք: Այստեղ Արսեն Թորոսյանի ականջը կանչի: Ֆրակցիայի քարտուղարն էլ այստեղ հայտարարում է, թե՝ խաղաղության դեմ արշավ է իրականացվում: Հարգելի՛ գործընկերներ, այդ խաղաղությունը որտե՞ղ է, մի հատ ասեք գնանք տեսնենք՝ Ջերմուկո՞ւմ է, Կապանո՞ւմ է, այդ խաղաղությունը ժամեր առաջ գերեվարված հայ զինծառայողի ծառայության վայրո՞ւմ է: Լավ, ո՞նց կարելի է հազարավոր զոհերից, տարածքային կորուստներից, հարյուրավոր գերիներից, անհետ կորածներից հետո՝ առանց ամոթի գեթ մեկ զգացողության, այստեղ խեղաթյուրել ամբողջ բանակցային 20 տարվա պրոցեսը: Դուք 5 տարի է՝ քննարկում եք 20 տարիներին ինչ է քննարկվել, ինչն է լավ եղել, ինչը՝ վատ, բողոքում եք այդ ստացած ժառանգությունից: Բայց իրավունք ունե՞ք բողոքելու: Ո՛չ, չունեք:

Ընդամենը 2 մեջբերում եմ անում՝ 2019-ի ապրիլի 9-ին հարցին՝ բանակցությունները տալի՞ս են երաշխիք, որ Ադրբեջանը չի փորձի դիմել պատերազմական գործողությունների, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է՝ կողմերը, հղում անելով Դուշանբեի բանակցություններին (սա այն հայտնի վերելակային բանակցություններն են, որտեղ սեփական նոթատետրում էր գրի առնում պայմանավորվածությունները) պայմանավորվել են ուժեղացնել հրադադարի ռեժիմը, ասում էր՝ սա մե՛ր պայմանավորվածությունն է:

Սրանից առաջ ի լուր աշխարհի հայտարարում էր, որ Ալիեւը կառուցողական է:

2020-ի մայիսի 20-ին ԱԺ ամբիոնից հայտարարում է՝ ինչ ուզեմ՝ այն էլ կբանակցեմ ու որեւէ մեկը թող ինձ չասի, չկաշկանդի բանակցային սեղանի շուրջ:

Ու այսքանից հետո դեմքի անմեղ արտահայտությամբ կանգնում ասում եք՝ մեզ մի մեղադրեք, որ մենք ենք բերել պատերազմը: Մենք չենք ասում՝ Հայաստանն է հարձակվել, ո՛չ: Բայց ինչպես Նիկոլ Փաշինյանն է իր վերջին հարցազրույցում ասում՝ մենք մանդատ չպետք է տանք Ադրբեջանին հարձակվելու: Դուք այդ մանդատն եք տվել: Ինչ քննարկել ու բանակցել եք, դրա արդյունքը տեսել ենք, հիմա՞ ինչ եք բանակցում, 20 տարվա բանակցություններից եք խոսում»:

Խամոյանը բողոքեց, որ 2 ամիս առաջ պաշտոնական գրություն է ուղարկել Անվտանգության խորհրդի քարտուղարին ու խնդրել ծանոթանալ խաղաղության պայմանագրի հայկական կողմի առաջարկներին, բայց որեւէ արձագանք չի ստացել. «Սա է ձեր դեմքը, սա ձեր իշխանության դեմքն է: Միանձնյա որոշումներ էիք կայացնում, որը հանգեցրել է պատերազմի, հազարավոր զոհերի ու այն իրավիճակի, որն այսօր առկա է ՀՀ-ում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031