«Ինձ թվում է, որ եթե ես մի օր կենդանիների պաշտպանության մասին ասուլիս տամ, դուք էլի նման հարց կտաք։ Նորից ասեմ, որ ՀՀ զինված ուժերն իրենց խնդիրը փայլուն կատարել են 2016թ․-ին։ Այո, ամեն բանակ էլ ունի խնդիրներ։ Իսկ դիզվառելիք չունենալու փաստը հերքվեց ՔՊ-ի օրոք ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով հարցին, թե չեք կարծո՞ւմ, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների թալանը ու կոռուպցիան եթե չլինեին, այսօր գոնե նորմալ բանակ ու ենթակառուցվածքներ կունենայինք։
Հայկ Մամիջանյանը շեշտեց․ «Այս պահին դատարաններում գտնվող բոլոր գործերի դեռեւս չապացուցված ֆինանսական հանրագումարը տասը տարվա բանակի բյուջեի 0,00 թիվն է կազմում։ Քաղաքացիները թող որոշեն՝ դա համատարած թալա՞ն է։ Իսկ գանձագողություն կա բոլոր երկրներում։ Ես «թալան» բառը չեմ օգտագործում»։
Նիկոլ Փաշինյանն օրերս ասել էր, որ 44-օրյա պատերազմը պարտվել ենք բանակում գործած «5-րդ շարասյան» պատճառով։ Հայկ Մամիջանյանն այս առնչությամբ հարցադրում արեց․ «Պատկերացնո՞ւմ եք, որ 2016թ․-ի քառօրյա պատերազմի ընթացքում հնարավոր լիներ այդ «5-րդ շարասյան» նախորդ սերիան անել։ Պատկերացնո՞ւմ եք ինչ շոու կբեմադրվեր։ Անդրանիկ Քոչարյանն այստեղ շոու կաներ, «սլայդեր» ցույց կտար․․․հետեւաբար, «5-րդ շարասյունը» թող ման գան կառավարության շենքում եւ ձեռքերը հեռու տանեն բանակից»։
Կարդացեք նաև
Նկատառմանն ի պատասխան, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ ակնարկներ են անում, թե նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ են մաս կազմում այդ «5-րդ շարասյան», Հայկ Մամիջանյանն ասաց․ «Գլուխը պատին է տալիս նա, ով ասում է, թե որեւէ ՀՀԿ-ական կարող է ՀՀ-ի եւ Արցախից շահերից չբխող հրաման տալ։ Բացի այդ, ո՞նց է ստացվում, որ քառօրյայի ժամանակ դիրքեր լքելու մասին տեղեկություններ չէինք լսում։ Բանակը նույնն էր, թշնամին նույնն էր, հակամարտությունն էլ էր նույնը։ Փոխվել էր միայն կազմակերպիչը»։
Հարցին՝ ՀՀԿ-ն իրեն մեղավոր չի զգո՞ւմ «5-րդ շարասյունը» չգլխատելու համար, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Գիտե՞ք ինչպես առաջացավ «5-րդ շարասյունը» եւ ինչու 44-օրյա պատերազմի ժամանակ այդպես եղավ, իսկ քառօրյայի ժամանակ՝ այնպես։ Ներկայիս կառավարիչների «ֆեյսբուքյան» էջերը նայեք 2016-ի ժամանակ, եթե իհարկե դեռ չեն «ֆայմել» մաքրել։ Ասում եմ՝ ֆայմեք, մաքրեք, մեկ է՝ «սքրինշոթերը» կան։ Նայեք ու տեսեք, թե ով էր «5-րդ շարասյուն» անում այդ ժամանակ։ Նայեք, թե մեզ այսօր միասնության կեղծ կոչեր անողներն այդ ժամանակ ինչ էին գրում, ինչ կոչեր էին անում, ինչ տեղեկություններ էին տարածում։ Այդտեղից է առաջացել «5-րդ շարասյունը»։ Իսկ ՀՀԿ-ին ամեն գործընթաց ցավ է պատճառում, մենք պատասխանատվություն ունենք։ Գլխատել բառը դժվար է օգտագործել, բայց այն քաղաքացիներին, որոնք չեն հասկացել, որ 2018թ․-ի շարժումը հակաարցախյան էր, խնդրում եմ գոնե հիմա դա հասկանալ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ