Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը«Հայելի» ակումբում խոսելով գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին, ասաց. «Գրիգորի Խաչատուրովը, որպես զինվորական, ովքեր ճանաչում են նրան, տեղյակ են նրա գործունեությանը, զինվորական գործի մեջ իր քաշով ոսկի է: Բանակում նրա պես գեներալ ունենալը բանակի հարստություն է եւ ոչ վերացական իմաստով: Ընդ որում, մարդն ուղնուծուծով զինվորական է. ուսյալ, կրթված, իր գործը պատկերացնող, մարտական ուղի անցած, հաղթանակ բերած զինվորական: Եվ երիտասարդ տարիքում, որ հիմա կարող էր շարունակել իր զինվորական ծառայությունը, հեռացվել, ազատվել է ծառայությունից: Հարց է, չէ՞, թե Խաչատուրովն ինչի հիմա ծառայության մեջ չի, ինչի՞ հիմա նա բանակում չի, ինչի՞ չի ղեկավարում, ենթադրենք, Վարդենիսի կորպուսը, կամ հատուկ կորպուսը Սիսիանի ուղղությամբ: Որովհետեւ պարզ է չէ՞, որ եթե Խաչատուրովը լիներ հրամանատար, հարյուր տոկոսով պաշտպանություն էր կազմակերպելու: Կարող է նա այսօր Լաչինը բացած էլ լիներ:
Այս զինվորականներն են, որ պատրաստ են որոշումներ կայացնելու եւ տեր կանգնելու: Գրիգորի Խաչատուրովն իր այդ ունակությունը ցույց չի տվե՞լ Տավուշի մարզում: Բա Տավուշի հերոսական մարտերը, որ 2020 թվականին պատերազմից ուղիղ մեկ ամիս առաջ Սարդարապատում վարչապետը մեդալներ էր բաժանում, Խաչատուրովի կերտած հաղթանակի մեդալնե՞րը չէր բաժանում:
Այդպիսի մարդուն դու ո՞նց ես ծառայությունից արձակում: Ու դա հերիք չի, հիմա 2009 թվականի մի շինծու քրեական գործով, որտեղ հանցակազմ չկա, կալանավորել են: Մինչդեռ, այդ տարածքում զորամաս երբեւէ չի եղել: Ու հիմա հաղթանակի խորհրդանիշ հանդիսացող գեներալին պարտության խորհրդանիշ հանդիսացող դավաճանը հանիրավի կալանավորել է:
Տեսեք ինչն է հետաքրքիր: Առաջին ատյանի դատարանը գործը քննության առավ եւ չթողեց Խաչատուրովին կալանավորել, որովհետեւ ներկայացված փաստարկները հիմնավոր չեն մարդու նկատմամբ կալանք կիրառելու համար: Բողոքարկեցին վերաքննիչ քրեական դատարան եւ այնտեղ որոշում կայացրած մարդը ԲԴԽ-ի անդամ է: Այսինքն, եկավ իշխանական վերահսկողության տակ գտնվող դատավոր ու վերջ, կայացրեց արդարադատության հետ կապ չունեցող, բացառապես քաղաքական որոշում: Ու սրա ֆոնի վրա շատ կարեւոր է Տիգրան Փարվանյանի պաշտոնանկությունը: Նա նույնպես երիտասարդ, ծառայություն իրականացնելու ունակ գեներալ-լեյտենանտ է, որն անցել է մեծ եւ մարտական ու ծառայության ուղի, բանակային կորպուսներ է ղեկավարել: Նա զբաղեցնում էր միացյալ զորախմբի հրամանատարի պաշտոնը: Միացյալ զորախումբը Ֆրանսիայի կամ Նորվեգիայի բանակի հետ չի: Հայ-ռուսական միացյալ բանակ է: Եվ նրան այդ պաշտոնից ազատելուց հետո որեւէ նշանակում չեն արել այդ պաշտոնում: Մինչդեռ, բանակում չի կարող պաշտոն թափուր մնալ: Այսինչին ազատում են, այնինչին նշանակում: Իսկ մեր բանակում մի տարին լրացել է, որ ԶՈՒ ԳՇ պետի երկու տեղակալների պաշտոնները թափուր են:
Կարդացեք նաև
Վարչապետն ամեն օր ասում է՝ լայնածավալ ագրեսիա է սպասվում մեր պետության նկատմամբ: Իսկ սահմանադրությամբ ասվում է, որ Հայաստանի տարածքի ոչ միայն ներխուժման, այլեւ ագրեսիայի սպառնալիքի առկայության դեպքում հայտարարվում է ռազմական դրություն եւ հայտարարվում համընդհանուր կամ մասնակի զորահավաք: Դա իմպերատիվ պահանջ է: Այսինքն, եթե դու պետության ղեկավարն ես եւ երկիր ռազմական ներխուժման իրական վտանգ ես տեսնում, նշանակում է՝ հենց հիմա պիտի հայտարարես ռազմական դրություն եւ պետությունը նախապատրաստես այդ ագրեսիային դիմակայելու: Որովհետեւ դիմակայությունն օգնում է կանխել հնարավոր ագրեսիան:
Հիմա երկիրը իրենց կարծիքով գտնվում է նախապատերազմական փուլում: Եվ ի՞նչ են անում: Այն տարածքները, որոնք հակառակորդ թիրախ պիտի լինեն՝ Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք: Այդ տարածքների համար պատասխանատու կորպուսների առանց բացառության բոլոր հրամանատարներին փոխել են, ինչը անթույլատրելի է: Եվ այդ պայմաններում հայ-ռուսական համատեղ զորախմբի հրամանատարին պաշտոնից ազատում ես ու տեղը մարդ չես նշանակում: Այսինքն, նախապատրաստվում է ոչ միայն պատերազմը, այլեւ այդ պատերազմում պարտությունը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ