Լրահոս
Օրվա լրահոսը

2023թ․ մայիսի 14-ի «Հին և Նոր Թուրքիայի» վճռորոշ բախմանն ընդառաջ. Հայկ Գաբրիելյան

Մարտ 21,2023 16:53

ՄԱՍ 1

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

  • 2023թ․ Էրդողանի համար խորհրդանշական է միանգամից մի քանի առումներով։
  • Էրդողանի համար կենսական կարևորություն ունի գալիք նախագահական ընտրությունները շահելը։
  • Էրդողանը վերջին մեկ տարում զգալի ջանքեր է գործադրել գալիք ընտրություններում իր հաղթանակն ապահովելու համար։
  • Մարաշի ավերիչ երկրաշարժերը որոշակի նվազեցրեցին Էրդողանի վարկանիշը։
  • Երկրաշարժն Էրդողանի համար ունի թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական հետևանքներ։
  • Մայիսի 14-ի ընտրությունները կարող են խորհրդանշել «Հին Թուրքիայի» վախճանն ու «Նոր Թուրքիայի» ծնունդը։

ՆԱԽԱԲԱՆ

2018թ․ հունիսի 24-ին Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը նշանակում էր, որ հաջորդ ընտրություններն անցկացվելու են 5 տարի անց՝ 2023թ․ հունիսի 18-ին։  Արտահերթ չանցկացվելու դեպքում դրանք լինելու էին համապատասխանաբար՝ 2019թ․ և 2024թ․։ Սակայն Էրդողանը 2017թ․ ապրիլին հաջողությամբ անցկացրեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվե (ՍԲՀ, 3-րդը նրա կառավարման ժամանակ), որով Թուրքիան անցում կատարեց կառավարման նախագահական համակարգի․ երկրի նախագահը ստացավ աննախադեպ լայն լիազորություններ։ 2018թ․ Էրդողանը բարենպաստ համարեց իրավիճակը՝ արտահերթ ընտրություններ նշանակելու համար, որով իրականում մեկ տարով կրճատեց իր պաշտոնավարման ժամկետը։ Սակայն նա ամեն ինչ հաշվարկել էր՝ հաշվի առնելով 2017թ․ ՍԲՀ-ի արդյունքները։ 2023թ․ ընտրությունները կոչված են ազդարարելու իշխանության ղեկին Էրդողանի մնալու երրորդ տասնամյակի մեկնարկը (Էրդողանը Թուրքիայի վարչապետ է դարձել 2003թ․ մարտի 14-ին)։ 2022թ․ և անգամ դրանից առաջ թուրքական մամուլը շատ էր գրում, որ Էրդողանն այս անգամ նույնպես գնալու է արտահերթ ընտրությունների, նշվում էին դրանց տարատեսակ ժամկետներ (նաև 2022թ․ նոյեմբերի 3-ը)։ Եվ նույնիսկ ընդդիմությունն էր Էրդողանին կոչ անում նշանակել արտահերթ ընտրություններ՝ այդպիսով ցույց տալով, որ չի վախենում դրանցից։ Սակայն արտահերթ ընտրությունների թեման օրակարգում լրջորեն հայտնվեց միայն 2023թ․ հունվարին։

ՄԱՅԻՍԻ 14-Ի ՈՒ ԷՐԴՈՂԱՆԻ 3-ՐԴ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ

2023թ․ հունվարի 17-ին «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին, որի կուսակցությունը 2018թ․ փետրվարի 20-ից ընտրական դաշինքի մեջ է Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի («Արդարություն և զարգացում» կուսակցություն) հետ, հայտարարեց, որ գալիք նախագահական ու խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն մայիսին․ «Եթե ​​նման որոշում կայացվի, ապա այն պետք է մեկնաբանվի որպես ընտրությունների օրվա թարմացում, այլ ոչ թե արտահերթ ընտրություններ։ Եթե ​​ընդդիմադիր կուսակցությունները ձեռնպահ մնան նման քայլերից, ապա մեր նախագահը կկարողանա ընտրությունները նշանակել Սահմանադրության 116-րդ հոդվածի երկրորդ կետով։ Քվեատուփից խուսափելը ոչ մեկին օգուտ չի բերի։ Այս գործն ավարտենք մայիսին, խոսքն ու որոշումը հանձնենք մեր սիրելի ազգին» [1]:

Արդեն հունվարի 18-ին Էրդողանը, ԱԶԿ-ի խորհրդարանական խմբակցության նիստում հիշեցնելով 73 տարի առաջ (14․05․1950) անցկացված ընտրությունները, հայտարարեց, որ ծրագրում է մայիսի 14-ին անցկացնել գալիք (հունիսի 18-ին նշանակված) նախագահական ու խորհրդարանական ընտրությունները. «Հանգուցյալ Մենդերեսը 1950թ մայիսի 14-ին ասաց՝ «բավակա՛ն է, խոսքն ազգինն է» և քվեատուփից դուրս եկավ ջախջախիչ հաղթանակով։ Մենք էլ 2023թ խնդրում ենք մեր ազգի աջակցությունը՝ ասելով «բավակա՛ն է, խոսքը, որոշումն ու ապագան ազգինն է»։ Մեր ազգը 73 տարի անց նույն օրը «վեցի սեղանի» անվան տակ հանդես եկող հեղաշրջման տիկնիկավարներին կասի «բավակա՛ն է»» [2]:

Էրդողանն այդպիսով խորհրդանշական օր էր ընտրել գալիք ընտրություններն անցկացնելու և ընդդիմությանը պարտության մատնելու համար։ Նա հիշեցնում էր, որ 73 տարի առաջ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով վերջ է տրվել ԹՀ հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնած և ներկայիս հիմնական ընդդիմադիր ուժ ՀԺԿ-ի («Հանրապետա-ժողովրդական» կուսակցություն) 27-ամյա (1923-1950թթ․) կառավարմանը։ Էրդողանը, թերևս, գիտակցում էր, որ 2023թ․ հոկտեմբերի 29-ը՝ Աթաթուրքի հիմնած Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) 100-ամյակը, ավելի շուտ քեմալականների և ոչ թե իսլամականների տոնն է, ուստիև խորհրդանշական կլինի այդ տոնը փչացնելը ոչ միայն զուտ 2023թ․, այլև հենց մայիսի 14-ին։

Նշենք, որ 2023թ․ հունվարն այս առումով մեզ հիշեցնում է 2018թ․ ապրիլը։ 2018թ․ ապրիլի 17-ին Դ․ Բահչելին հանդես եկավ 2019թ․ նոյեմբերի 3-ին նշանակված նախագահական ու խորհրդարանական ընտրություններն արտահերթ անցկացնելու կոչով, իսկ հաջորդ օրը նրան ընդունեց Էրդողանը, ով հանդիպման արդյունքներով հայտարարեց, որ «այսօրվանից սկսած Թուրքիայում սկսվում է ընտրություններին նախապատրաստվելու իրավական գործընթաց, և որ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (Yüksek Seçim Kurulu, YSK) պետք է անհապաղ ձեռնարկի համապատասխան աշխատանքներ»։

Երկու դեպքում էլ իշխող «Ժողովուրդ» դաշինքի (Cumhur Ittifakı) առաջնորդները ջանում են ստեղծել այնպիսի տպավորություն, թե արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությունը սերում է հենց Բահչելիից և ոչ թե Էրդողանից։ Ինչ վերաբերում է 2023թ․ հունվարին, ապա նրանք իրենց առաջարկը ներկայացում են ոչ թե արտահերթ ընտրություն, այլ ընտրությունների ժամկետի թարմացում, դրանք մեկ ամիս շուտ անցկացում՝ կապված հունիսին բուհերի ընդունելության քննությունների, ամառային արձակուրդների մեկնարկի, հաջի գնալու գործոնների հետ։ Էրդողանը տվյալ հայտարարությամբ հանդես եկավ հունվարի 22-ին՝ ընդգծելով, որ պատրաստվում է իր նախագահական լիազորություններն օգտագործել մարտի 10-ին: Ընդ որում՝ դա համարվում է առաջին դեպքը, երբ Էրդողանն ուղիղ մատնանշում է մայիսի 14-ը [3]։

Երբ առարկայական տեսք ստացավ մայիսի 14-ին նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը, «ընդդիմադիր վեցնյակը» («Ազգ» դաշինք) հունվարի 26-ի հանդիպման արդյունքներով հայտարարեց 3-րդ անգամ Էրդողանի թեկնածության առաջադրման անընդունելիության մասին՝ ընդգծելով, որ դա կլինի հակասահմանադրական քայլ [4]։ Ուշագրավ է, որ նախորդ տարիներին ընդդիմությունը մեծ հաշվով դեմ չէր արտահայտվել Էրդողանի երրորդ թեկնածությանը, և նրա տվյալ հայտարարությունը տարատեսակ քննարկումներ առաջացրեց փորձագիտական շրջանում ու ԶԼՄ-ում։

Այդօրինակ քննարկումների պատճառն այն է, որ 2010թ․ ՍԲՀ-ի փոփոխություններով Թուրքիայի նախագահը պետք է ընտրվի 5+5 տարբերակով՝ 5 տարով՝ ևս մեկ անգամ նույն ժամկետով վերընտրման իրավունքով (դրանից առաջ 7 տարով՝ առանց վերընտրման իրավունքի)։ Եվ եթե մինչ այդ երկրի նախագահին ընտրում էր խորհրդարանը, ապա 2010թ․ ՍԲՀ-ին հաջորդած առաջին նախագահական ընտրություններից սկսած՝ նախագահն ընտրվում է ժողովրդի ուղիղ քվեարկությամբ։ 2014թ․ օգոստոսի 10-ի նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթեց Էրդողանը՝ դառնալով ժողովրդի ուղիղ քվեարկությամբ ընտրված ԹՀ առաջին նախագահ։ Չնայած դրան՝ Էրդողանը դե յուրե չուներ լայն լիազորություններ (դրանք վարչապետի ձեռքում էին), և նա անմիջապես հայտարարեց, որ ժողովրդի ուղիղ քվեարկությամբ ընտրված բացառիկ նախագահ է, հետևաբար չի կարող սահմանափակվել ներկայացուցչական գործառույթներով։

Էրդողանը 2017թ․ ՍԲՀ-ի արդյունքներով հասավ երկգլուխ կառավարման (վարչապետի պաշտոնի) վերացմանը և աննախադեպ լայն լիազորություններ ստանալուն։ Էրդողանը դրանք ստացավ ՍԲՀ-ին հաջորդած 2018թ․ նախագահական ընտրություններում հաղթելով։ Նա 2014թ․ Թուրքիայի նախագահ է ընտրվել 5+5 տարբերակով և հետևաբար կարող էր Թուրքիայի իշխանության ղեկին մնալ մինչև 2024թ․, սակայն 2017թ․ ՍԲՀ-ը զրոյացրեց/չեղարկեց այդ հաշվարկը և այն Էրդողանի դեպքում նորովի սկսվեց 2018թ․ նախագահական ընտրություններում նրա հաղթանակով։ Ստացվեց, որ Էրդողանը նույն 5+5 տարբերակով Թուրքիայում իշխանության ղեկին կարող է մնալ արդեն մինչև 2028թ․ (2018-2028թթ․)։

2023թ․ հունվարի 28-ին Էրդողանը, պատասխանելով իր երրորդ թեկնածության անընդունելիության մասին ընդդիմության հայտարարությանը, հիշեցրեց, որ 2018թ․ նախագահական ընտրություններն անցկացվել են կառավարման նախագահական համակարգի պայմաններում, որն էլ զրոյացրել է իր նախորդ թեկնածությունն ու նախագահ ընտրվելը (2014թ․՝ կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում)։ Նա ընդգծեց, որ 2023թ․ նախագահական ընտրությունները կառավարման նախագահական համակարգի պայմաններում իր համար լինելու են միայն երկրորդը (առաջինը՝ 2018թ․) և հետևաբար որևէ խնդիր չկա, որ առաջադրվի երկրորդ անգամ։ Դիմելով ընդդիմությանը՝ Էրդողանը նախ հիշեցրեց, որ կառավարման նախագահական համակարգի պայմաններում արդեն 4․5 տարի է, ինչ երկրի նախագահ է, ապա հարց ուղղեց, թե «այդ 4․5 տարում որտե՞ղ է եղել ընդդիմության խելքը» [5]։

2023թ․ մարտի 10-ին Էրդողանը ստորագրեց գալիք նախագահական ու խորհրդարանական ընտրությունները հունիսի 18-ի փոխարեն մայիսի 14-ին անցկացնելու մասին հրամանը՝ ընդգծելով, որ տվյալ հարցում առաջնորդվել է Սահմանադրության 116-րդ հոդվածին համապատասխան։ Էրդողանի խոսքերով՝ ընտրությունների ժամկետի թարմացման որոշումը մարտի 11-ին կհրապարակվի Պաշտոնաթերթում, կմտնի ուժի մեջ, ինչից հետո կսկսվի երկամսյա նախընտրական արշավը, որի ավարտին հաջորդող առաջին կիրակի օրը՝ մայիսի 14-ին, երկրում կանցկացվեն նախագահական ու խորհրդարանական ընտրություններ (նախագահական ընտրությունների հնարավոր երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 28-ին) [6]։

2023Թ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՄԱՐ

Մեր կարծիքով՝ Էրդողանն իր տեսանկյունից պարզապես չի կարող չհաղթել գալիք նախագահական ընտրություններում։ Այլ կերպ ասած՝ նա պարզապես «դատապարտված» է հաղթել տվյալ ընտրություններում։ Այս պնդման հիմքում ընկած են մի շարք գործոններ։

1) Բանտում չհայտնվել. Ընտրություններում պարտվելու դեպքում Էրդողանը, ինչպես նաև իր ընտանիքի և թիմի շատ անդամներ, կարող են հայտնվել բանտում: Այս համատեքստում Թուրքիայի հնարավոր նոր իշխանությունները կարող են օգտագործել բազմաթիվ գործիքներ, որոնցից կթվարկենք միայն մի քանիսը. ա) Նախկինում ընդդիմությունը մեղադրել է իշխանություններին ոչ շահութաբեր ենթակառուցվածքային մեգանախագծեր իրականացնելու և այդպիսով փողերի լվացման մեջ՝ խթանելով «հինգի հրոսակախմբի» (Cengiz Holding, Limak Holding, Kalyon Grup, Kolin Holding & Makyol Grubu) շահերը, որոնք շահում են ենթակառուցվածքների ոլորտի մրցույթների ճնշող մեծամասնությունը [7]։ բ) Նրանց զինանոցում է 2013թ․ կոռուպցիոն սկանդալը և նմանատիպ այլ սկանդալներ Թուրքիայում [8]: գ) Ընդդիմության վարկածի համաձայն՝ Էրդողանը նախօրոք իմացել է 2016թ․ սպասվող ռազմական հեղաշրջման փորձի (ՌՀՓ) մասին, սակայն ոչինչ չի ձեռնարկել այն (արյունահեղությունը) կանխելու համար և նախընտրել է վերահսկվող ՌՀՓ-ի տարբերակը [9]։ ՌՀՓ-ից հետո հազարավոր մարդկանց նկատմամբ սկսված բռնաճնշումները նույնպես կարող են օգտագործվել Էրդողանի և նրա թիմի դեմ։ դ) 2023թ․ ավերիչ երկրաշարժերի վերհանած խնդիրները, որոնց մասին դեռ կխոսենք հանգամանալից։ Այս շարքը կարելի է շարունակել անվերջ, սակայն ներկայացվածն արդեն բավարար ենք համարում առաջին կետի պնդումը հիմնավորելու համար։

2) Պատմական հետք և ժառանգություն. Էրդողանը չափազանց մեծ նշանակություն է տալիս ոչ միայն իր ներկայիս հեղինակությանը և իմիջին, այլև ԹՀ պատմության մեջ հնարավորինս խոր հետք թողնելուն: Այդ համատեքստում նա հիմնականում մրցում է Աթաթուրքի և որոշ առումով նույնիսկ օսմանյան սուլթանների հետ՝ փորձելով հասնել և գերազանցել նրանց (օրինակ, իրականացնել սուլթանների երազած մեգա նախագծերը)։ Էրդողանն իրեն պատկերացնում է որպես սուլթան [10], ինչպես նաև խալիֆ, և հետևաբար իր տեսանկյունից պետք է իշխանության ղեկին մնա ցմահ (կամ գոնե այնքան ժամանակ, որքան կցանկանա)․ նա չի կարող պարտված հեռանալ քաղաքական ասպարեզից՝ նույնիսկ ընտրությունների արդյունքներով (քանի որ կստացվի, որ ասպարեզը լքում է պարտված):

Հայտնի է, որ Էրդողանը ղեկավարում է Թուրքիան արդեն 20 տարի, որի ընթացքում ապամոնտաժել է Աթաթուրքի ժառանգությունը («Հին Թուրքիա»), ընդ որում, դա իրականացրել է հենց «Աթաթուրքի գործիքներով» (հատկապես վերջին 10 տարում)։ Ներկայումս Էրդողանը, թերևս, անհանգստացած է, որ գալիք ընտրություններում պարտվելու դեպքում իշխանության կգա Աթաթուրքի հիմնած ՀԺԿ-ը, որն անմիջապես կսկսի ապամոնտաժել իր ժառանգությունը («Նոր Թուրքիա»), ընդ որում, դա կանի «Էրդողանի գործիքներով»։ ՀԺԿ-ի իշխանության գալու դեպքում Թուրքիայում մասնավորապես լրջորեն կվերանայվի իսլամի և կրոնական կառույցների դերը, կփոխվեն կրթական և կառավարման համակարգերը, պետական կառույցների կառուցվածքն ու դրանց ֆինանսավորման չափը և այլն (ամեն դեպքում կպահպանվեն Էրդողանի կառուցած խոշոր մզկիթները, որոնց միջոցով նա իր անունն արդեն հավերժացրել է ԹՀ պատմության մեջ․ Սուրբ Սոֆիան, սակայն, վերստին կվերածվի թանգարանի): Եվ եթե «Աթաթուրքի ժառանգությունը» նրանից հետո Թուրքիայում պահպանվել է մոտ 80 տարի, ապա «Էրդողանի ժառանգությունը» նրանից հետո կարող է չպահպանվել նույնիսկ 8 տարի։

3) 2023թ խորհրդանշական կողմը. 2023թ․ հոկտեմբերի 29-ին Թուրքիայում նշվելու է հանրապետության հիմնադրման 100-ամյակը, սակայն Էրդողանը ցանկանում է այն «Հին Թուրքիայի» 100-ամյակից վերածել իր «Նոր Թուրքիայի» ծննդյան տարեդարձի, և չի կարող իրեն թույլ տալ Թուրքիայի նախագահի պաշտոնում չլինել ողջ 2023թ.։ 2023թ․ հունվարի 17-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը կառույցի հրատարակած 731 էջանոց «Թուրքիա» գրքի շնորհանդեսի ժամանակ հիշեցրեց, որ 2023թ․ հանրապետության հիմնադրման 100-ամյակն է և ընդգծեց, որ Էրդողանը կարևոր և համապարփակ տեսլական է առաջ քաշել, ըստ որի՝ 2023թ․ Թուրքիայի համար նշանավորում է նաև որպես նոր դարի մեկնարկ [11]։ Այլ կերպ ասած՝ Էրդողանի հաշվարկներով, 2023թ․ պետք է դառնա ոչ այնքան «Հին Թուրքիայի» 100-ամյակը, որքան «Նոր Թուրքիայի» ծննդյան տարի/ «Նոր Թուրքիայի» հարյուրամյակի մեկնարկի տարի։

4) Անավարտ նպատակներ/երազանքներ. Էրդողանը դեռևս ունի անավարտ նպատակներ և երազանքներ, որոնց իրագործման համար նրան անհրաժեշտ է առնվազն ևս 5 տարվա պաշտոնավարում, և որոնք է՛լ ավելի կմեծացնեն Էրդողանի խոր հետքը ԹՀ և համաշխարհային պատմության մեջ։ Մեր կարծիքով՝ այդ երազանքներն ու նպատակներն են.

  • Թուրքիան դարձնել միջուկային երկիր՝ միջուկային զենքով, և տիեզերական երկիր (եթե Ռուսաստանը Թուրքիային տրամադրի միջուկային զենքի արտադրման տեխնոլոգիաներ, ապա դրա դիմաց Թուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից),
  • կառուցել Ստամբուլի ջրանցքը, որը կարող է դառնալ ԹՀ ամենաթանկարժեք ենթակառուցվածքային նախագիծ (50 միլիարդ դոլար)։ Այս նախագծի շնորհիվ Էրդողանը կարող է հիմք ստեղծել վերանայելու Մոնտրեի կոնվենցիայի դրույթների մի մասը, որոնք առնչվում են նեղուցներով առևտրանավերի անցմանը, բայց ոչ ռազմանավերին (Էրդողանը Թուրքիայի ինքնիշխանության խախտում է համարում Մոնտրեի կոնվենցիայի դրույթները),
  • իրականացնել «Ասրիկա» (Ասիա-Աֆրիկա) նախագիծը, որը նախատեսում է միավորել մոտ 60 իսլամական երկիր (Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում և անգամ Հարավային Ամերիկայում) և այդպիսով ստեղծել հետմոդեռնիստական խալիֆայություն՝ Ստամբուլ կենտրոնով։
  • Թուրքիայի տարածքային ամբողջականության ընդլայնում, որտեղ Էրդողանն ունի 2-3 հնարավոր տարբերակ. ա) Սիրիայում հնարավոր հանրաքվեի կազմակերպում․ ներկայումս Թուրքիան Սիրիայի հյուսիսում վերահսկում է մի քանի հազար կմ² տարածք, որում փոխում է ժողովրդագրական պատկերը։ Թուրքիան այդ տարածքները լցնում է իրեն հավատարիմ թուրքմեններով և այլ մարդկանցով, կազմակերպում է տեղի բնակիչների կառավարման հարցը, ապահովում նրանց կրոնական, կրթական և այլ կարիքներ։ Չենք բացառում, որ Էրդողանը կարող է մի օր Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում (Աֆրին) հանրաքվե կազմակերպել, որի մասնակիցները նախ կքվեարկեն Սիրիայից անջատվելու, ապա Թուրքիային միանալու օգտին։ Դրանով Էրդողանը կմեծացնի Թուրքիայի տարածքը և այդ կետով նույնպես կհավասարվի Աթաթուրքին, ում ջանքերով 1930-ականների վերջին Թուրքիան Սիրիայից խլեց պատմական Ալեքսանդրետի շրջանը և վերածեց Հաթայ նահանգի։ բ) Էրդողանը կարող է փորձել հանրաքվե կազմակերպել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետությունում (ՀԿԹՀ), որի անկախությունն աշխարհում ճանաչել է միայն Թուրքիան (1974թ․ Թուրքիան օկուպացրել է Կիպրոսի հյուսիսային հատվածը՝ կղզու տարածքի 37%-ը)։ Այս հարցում Էրդողանի նվազագույն նպատակը կլինի ՀԿԹՀ-ի անկախության միջազգային ճանաչման գործընթացին սկիզբ դնելը․ թուրքական կողմի պլանով՝ այդ գործընթացը կարող է սկսվել Ադրբեջանից ու Պակիստանից, ապա շարունակվել Լիբիայի ու Բանգլադեշի, Թուրքիայի հանդեպ բարյացակամ տրամադրված այլ երկրների միջոցով։ Ընդ որում, 44-օրյա պատերազմն ազատ է արձակել Էրդողանի ձեռքերն այս հարցում, քանի որ թե՛ ԼՂ-ի, թե՛ ՀԿԹՀ-ի խնդիրները դիտարկվում էին (նաև) ազգերի ինքնորոշման համատեքստում, և Թուրքիան չէր ցանկանում մեղադրվել այս հարցում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։ Այդ պատճառով էլ նախ «անհրաժեշտ էր լուծել» ԼՂ-ի, ապա նոր ՀԿԹՀ-ի հարցը։ գ) Եվ, վերջապես, տեսականորեն Էրդողանը կարող է փորձել նման հանրաքվե կազմակերպել տալ Նախիջևանում։ Այս բոլոր հանրաքվեների հավանականությունը գլխավորապես կախված է ուկրաինական ընթացիկ պատերազմի արդյունքներից (2014թ․ Ռուսաստանն է «հանրաքվե կազմակերպել» օկուպացրած Ղրիմում)։
  • դառնալ ԹՀ-ի ամենաերկարակյաց նախագահը․ ներկա դրությամբ ռեկորդակիրը Մ․ Ք․ Աթաթուրքն է, ով ԹՀ նախագահի պաշտոնում անընդմեջ գտնվել է 15 տարի և 12 օր (29.10.1923-10.11.1938)։ Ապա գալիս են Իսմեթ Ինենյուն՝ 11 տարի և 192 օր (11.11.1938-22.05.1950) և Ջելալ Բայարը` 10 տարի և 5 օր (22․05․1950-27․05․1950)։ 2023թ․ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Էրդողանի պաշտոնավարումը կշարունակվի ևս 5 տարի՝ մինչև 2028թ.։ Դա նշանակում է, որ 2014թ․ օգոստոսի 28-ից ԹՀ-ում նախագահող Էրդողանն այդպիսով կգերազանցի Բայարի ու Ինենյուի ռեկորդները, սակայն կշարունակի զիջել Աթաթուրքին։ Վերջինիս գերազանցելու համար Էրդողանին անհրաժեշտ է հաղթել նաև 2028թ․ նախագահական ընտրություններում։ Եվ ահա 2023թ․ հունվարի 26-ին ԱԶԿ խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Բյուլենթ Թուրանը հայտարարեց. «Եթե Էրդողանը ցանկանում է թեկնածու դառնալ նաև 2028թ, ապա այդ հարցով անհրաժեշտ է խորհրդարանական որոշում» [13]։

Սա կանխատեսելի զարգացում էր․ 2017թ․ ՍԲՀ-ի վերաբերյալ մեր հոդվածում ուշադրություն էինք հրավիրել այն ուղղման վրա, ըստ որի՝ «եթե Թուրքիայի խորհրդարանը նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտից առաջ նշանակի արտահերթ ընտրություններ, ապա նախագահը դրանով կստանա ևս մեկ անգամ առաջադրվելու իրավունք»։ Այլ կերպ ասած, եթե Էրդողանը հաղթի 2023թ․ նախագահական ընտրություններում, և Թուրքիայի խորհրդարանը, ասենք, 2027թ․ նշանակի արտահերթ ընտրություններ, ապա Էրդողանը կկարողանա ևս մեկ անգամ առաջադրել իր թեկնածությունը (2017թ․ մայիսի տվյալ հոդվածում ընդգծել էինք, որ Էրդողանը կարող է Թուրքիայի նախագահի պաշտոնում մնալ մինչև 2033թ․՝ ըստ էության, ցմահ)։ Թերևս հենց այս պատճառով է, որ Էրդողանը մի կողմից վերոնշյալ պատճառով ձգտում է հենց 2023թ․ մայիսի 14-ին անցկացնել նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, սակայն մյուս կողմից էլ չի ցանկանում, որ դա որակվի արտահերթ ընտրություն։

2023Թ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼՈՒՆ ՄԻՏՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՋԱՆՔԵՐԸ

Ելնելով գալիք ընտրությունների այսօրինակ կարևորությունից՝ Էրդողանը վերջին շրջանում զգալի ջանքեր է գործադրել դրանց նախապատրաստվելու և իր հաղթանակի համար դրական խորապատկեր ձևավորելու ուղղությամբ։ Էրդողանի տվյալ ջանքերը բաժանել ենք երկու հիմնական հատվածի՝ ներքին և արտաքին «ճակատ»։

«Ներքին ճակատ»

Սրա հիմքում ընկած են Թուրքիայի ներքաղաքական ու տնտեսական ոլորտների բազմաթիվ ուղղություններ, որոնց հանգամանալից կներկայացնենք ստորև․

  • Ընտրական փոփոխություններ

2022թ․ ապրիլի 6-ին Պաշտոնաթերթում հրապարակվեցին և ուժի մեջ մտան մարտի 31-ին ընտրական օրենսգրքում կատարված մի շարք ուշագրավ փոփոխություններ [14], որոնցից ցանկանում ենք ընդգծել հատկապես հետևյալ երկուսը։

ա) Ընտրաշեմ – Փոփոխություններ արվեցին ընտրաշեմի մասին 1983թ․ հունիսի 16-ի թիվ 2839 օրենքի 33-րդ հոդվածում, որով ընտրաշեմը 10%-ից նվազեցվեց մինչև 7%-ի։ Նախկինում շատ է խոսվել, որ 10%-անոց ընտրաշեմը բավական բարձր ցուցանիշ է, որ այն ամենաբարձրն է ԵԽ անդամ 47 երկրների թվում, որ ԵՄ-ը Թուրքիային քանիցս կոչ է արել նվազեցնել այն։ 10%-անոց ընտրաշեմը սահմանվել է 1980թ․ սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջումից հետո, որի արդյունքներով իշխանության եկան գեներալները։ Վերջիններս արագորեն ընդունեցին «Ռազմական սահմանադրություն», որով ընտրաշեմի չափը սահմանվեց 10%։ Դա միտված էր Թուրքիայի խորհրդարան փոքր և հատկապես քրդական կուսակցությունների մուտքը արգելափակելուն։ Այդ հաջողությամբ գործել է ավելի քան 30 տարի՝ խափանելով քրդական կուսակցությունների մուտքը խորհրդարան։

Իրավիճակը փոխվեց 2015թ․ ամռանը, երբ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը (ԺԴԿ) հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ հաղթահարեց ընտրաշեմը և Թուրքիայի խորհրդարանում ստացավ 80 մանդատ։ ԺԴԿ-ն ընտրաշեմը հաղթահարեց նաև 2015թ․ նոյեմբերի 1-ի և 2018թ․ հունիսի 24-ի խորհրդարանական ընտրություններում։ Տեսնելով, որ 10%-անոց ընտրաշեմն այլևս «չի աշխատում», որ ԺԴԿ-ը 3 անգամ անընդմեջ հաղթահարում է այն, Էրդողանը համաձայնեց նվազեցնել այն։

Ընտրաշեմը, սակայն, նվազեցվեց նաև այն հաշվարկով, որ 10%-ի դեպքում քրդական ընտրազանգվածի զգալի մասը համախմբվում է ԺԴԿ-ի շուրջ, իր քվեն տալիս է նրան, որպեսզի վերջինս կարողանա անպայմանորեն հաղթահարել ընտրաշեմը (եթե ԺԴԿ-ը հավաքեր քվեների անգամ 9․90%-ը, ապա մուտք չէր գործի խորհրդարան)։ Մինչդեռ 7%-անոց ընտրաշեմի դեպքում քուրդ ընտրազանգվածի զգալի մասը կարող է չլարվել և իր քվեն տալ ոչ թե ԺԴԿ-ին, այլ քրդական այլ կուսակցությունների (օրինակ, իր իսլամական-պահպանողական ուղղությամբ հայտնի HÜDA PAR կուսակցությանը, որին Էրդողանը համառորեն փորձում է ներառել իշխող դաշինքի մեջ)։

Կան կարծիքներ, որ ընտրաշեմը նվազեցնելու մյուս պատճառն առնչվում է ԱՇԿ-ին, որի վարկանիշն անկում է ապրել վերջին տարիներին, և այն այլևս ունակ չէ հաղթահարել 10%-անոց ընտրաշեմը։ Սակայն 2018թ․ փետրվարին ԱԶԿ-ի հետ դաշինք կազմելով՝ ԱՇԿ-ը, ըստ էության, չունի 10%-անոց ընտրաշեմը հաղթահարելու խնդիր։

բ) Ընտրական դաշինք – Թիվ 2839 օրենքի 34-րդ հոդվածում արված փոփոխությամբ «դաշինքներ» բառը փոխվել է «դաշինք կազմող կուսակցություններ» արտահայտությամբ. «Եթե դաշինքի ստացած ձայների ընդհանուր քանակը գերազանցում է ընտրաշեմը, ապա ընտրատարածքներում պատգամավորական մանդատների հաշվարկն ու բաշխումը կատարվում է՝ հաշվի առնելով տվյալ ընտրատարածքում դաշինքի մեջ մտնող կուսակցություններից յուրաքանչյուրի ստացած ձայների քանակը»։

Այլ կերպ ասած՝ դաշինքի կազմում ընտրաշեմը հաղթահարած կուսակցությունները պատգամավորական մանդատներ ստանալու են իրենց ստացած քվեներին համապատասխան, ինչը նշանակում է, որ դաշինքի կազմում գտնվող ավելի ցածր վարկանիշով կուսակցությունները կստանան ավելի քիչ թվով պատգամավորական մանդատներ։ Մեր կարծիքով՝ սա առաջին հերթին ուղղված է խորհրդարանում ԱԶԿ-ի մանդատների թիվն ավելացնելուն և ԱՇԿ-ի մանդատների թիվը նվազեցնելուն։ Այս փոփոխության համար, թերևս, հիմք է ծառայել ոչ վաղ անցյալի փորձը․ 2018թ․ հունիսի 24-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԱԶԿ-ը ստացել էր 295 մանդատ, ինչը 22-ով պակաս է նախորդ ընտրություններում (01․11․2015) նրա ցուցանիշից (317 մանդատ)։ Մինչդեռ ԱՇԿ-ը 2018թ․ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստացել է 49 մանդատ՝ 9 մանդատ ավելի՝ 2015թ․ նոյեմբերի 1-ի ընտրություններում նրա ցուցանիշի հետ համեմատ։ Եվ դա այն դեպքում, երբ ԱՇԿ-ը երկու ընտրություններում էլ ստացել է գրեթե նույնչափ քվե (5․5-5․6 միլիոն քվե, 11․1-11․9%)։

2) Ընդդիմության ջլատում

2022թ․ փետրվարին «ընդդիմադիր վեցնյակի» ձևավորումից հետո Էրդողանը զգալի ջանքեր է գործադրել նրա զորեղացումը կանխարգելելու, այն ջլատելու ուղղությամբ։ Այս համատեքստում նա աշխատել է միանգամից մի քանի «ճակատով»։

ա) Մերալ Աքշեների գործոն

Դրանցից մեկը կարող է լինել ԼԿ առաջնորդ Մերալ Աքշեների գործոնը, ով, մեր կարծիքով, գտնվելով ընդդիմության շարքերում, ավելի մեծ վնաս է պատճառում ընդդիմությանը, քան օգուտ տալիս։ Այս մոտեցման հիմքում ընկած է երկու հիմնական գործոն, որոնցից մեկն առնչվում է նախագահական, իսկ մյուսը՝ խորհրդարանական ընտրություններին։ 2023թ․ նախագահական ընտրություններից առաջ Աքշեներն արգելափակել է ընդդիմության կողմից Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի թեկնածության առաջադրումը [15], ինչը, մեր կարծիքով, կլիներ ողջ ընդդիմադիր զանգվածի համար ամենաընդունելի տարբերակը․ Գյուլի օգտին կարող է քվեարկել իսլամականների, գյուլենականների, քեմալականների, քրդերի, ինչպես նաև ազգայնամոլների մի մասը և ընդհանրապես Էրդողանից դժգոհ զանգվածը։

Բացի այդ, երբ ընդդիմությունը քննարկել է նախարարական պորտֆելներ խոստանալով ընդդիմադիր դաշինքին քրդամետ ԺԴԿ-ի միանալու հարցը՝ Աքշեները դեմ է արտահայտվել [16]։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր ուժերին հենց ԺԴԿ-ի աջակցության պայմաններում է հաջողվել 2019թ․ մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում ԱԶԿ-ին հաղթել Թուրքիայի խոշոր քաղաքներում՝ ներառյալ Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Անթալիան և այլն։

Ընդդիմադիր վեցնյակից Ա․ Գյուլին ու ԺԴԿ-ին հեռացնելը բացառապես օգտակար է Էրդողանի ու ԱԶԿ-ի համար։ Այլ կերպ ասած՝ չենք բացառում, որ Աքշեները, թերևս, աշխատում է Էրդողանի օգտին, կատարում է Էրդողանի «Տրոյական ձիու» դեր՝ հաշվի առնելով նաև անցյալի փորձը։ Այստեղ առանձնացրել ենք անցյալի 3 դրվագ, երբ մեր կարծիքով՝ Մ․ Աքշեները կամա, թե ակամա իր գործունեությամբ նպաստել է Էրդողանի ու ԱԶԿ-ի հաղթանակներին։

Առաջին դրվագը 2015թ․ հունիսյան ընտրություններից հետո էր, երբ Աքշեները լքեց ԱՇԿ-ը, վերջինս զգալի թուլացավ և նոյեմբերյան կրկնական ընտրություններում զգալի անկում գրանցեց (հունիսի 80 մանդատի փոխարեն ստանալով միայն 40 մանդատ)՝ նպաստելով ԱԶԿ-ի վերելքին՝ միակուսակցական կառավարություն հիմնելու իրավունք ստանալուն (ԱՇԿ-ի մանդատների զգալի մասը նոյեմբերին բաժին հասավ ԱԶԿ-ին, որն իր պատմության մեջ առաջին անգամ հունիսյան ընտրությունների արդյունքներով չէր ստացել բավականաչափ մանդատներ՝ միակուսակցական կառավարություն ձևավորելու համար)։

Երկրորդ դրվագը 2018թ․ հունիսյան ընտրություններից առաջ էր, երբ Աքշեները խափանեց ընդդիմության միասնական թեկնածուի (Ա․ Գյուլի) առաջադրումը նախագահական ընտրություններում և այդ կերպ նպաստեց, որ Էրդողանը հաղթի հենց առաջին փուլում (երկրորդ փուլն այդպես էլ չկայացավ, որում Աքշեները կողմ էր ընդդիմության միասնական թեկնածուին, և որում Էրդողանին սպասվում էր բարդ պայքար)։ Ի դեպ, 2023թ․ հունվարի 26-ին «Հաղթանակ» (Zafer) կուսակցության նախագահ Ումիթ Օզդաղն ուշագրավ պնդում արեց Մ․ Աքշեների մասին։ «Ինչո՞ւ նախագահական վերջին (2018թ․) ընտրություններում չգրանցվեց երկրորդ փուլ» հարցն առաջին պլան բերելով՝ Օզդաղը հայտարարել է, որ Աքեշեներն ընտրություններից մեկ ամիս առաջ դադարեցրել է իր քարոզարշավը․ «Նա իր քաղաքական արշավը ղեկավարող մենեջերին կանչել է Անկարա և ասել, որ իրենք նախագահ են ընտրում Էրդողանին։ Երբ սկսվեց քարոզարշավը, նրա (Աքշեների) վարկանիշը 16% էր, սակայն Աքշեների այդ քայլի պատճառով այն նվազեց մինչև 7%: Եթե ​​այն ժամանակ Աքշեները ստանար 16%, ապա կանցկացվեր նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Գիտեմ, որ դա միտումնավոր է արվել» [17]։

Երրորդ դրվագն էլ գրանցվեց 2019թ․ ՏԻՄ ընտրություններում, որոնցում ԼԿ-ը ՀԺԿ-ի հետ պայմանավորվեց խոշոր քաղաքներում թեկնածուների առաջադրման շուրջ․ ՀԺԿ-ի թեկնածուները հիմնականում հաղթեցին առաջադրված խոշոր քաղաքներում (Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Անթալիա և այլն), մինչդեռ ԼԿ-ի առաջադրած թեկնածուները բոլոր խոշոր քաղաքներում անխտիր պայքարը տանուլ տվեցին ԱԶԿ-ի թեկնածուներին, որոնք էլ դարձան դրանց քաղաքապետեր։

Աքշեները նույն այս դերը կատարում է 2023թ. նախագահական ու խորհրդարանական չափազանց կարևոր ընտրություններից առաջ։          Նախորդ տարիներին նա քանիցս կողմ էր արտահայտվել ընդդիմադիր դաշինքից Ք․ Քըլըչդարօղլուի թեկնածության առաջադրմանը՝ պայմանով, որ ընդդիմության հաղթանակի դեպքում Թուրքիան վերստին կդառնա խորհրդարանական պետություն, իսկ ինքը ստանձնի վարչապետի պաշտոնը: Սակայն վերջին շրջանում Աքշեներն ավելի սերտ հարաբերություններ է հաստատել Ստամբուլի ՀԺԿ-ական քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հետ, և աջակցում էր նրա կամ Անկարայի ՀԺԿ-ական քաղաքապետ Մանսուր Յավաշի թեկնածության առաջադրմանը (Աքշեները նաև դեմ էր, որ ընդդիմադիր վեցնյակի բոլոր կուսակցությունները միասնական թեկնածուի հստակեցման հարցում ունենան հավասարաչափ լիազորություններ․ ՀԺԿ-ից ու ԼԿ-ից բացի մնացյալ կուսակցությունների ընտրազանգվածը բավական փոքր է)։

Փետրվարի 1-ին իշխանամետ Hürriyet-ի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին, ով հայտնի է իշխանության շրջանում իր կապերով, հայտնեց, որ ԼԿ-ը դեմ է ընդդիմադիր վեցնյակի նախագահի թեկնածուի պաշտոնում Ք․ Քըլըչդարօղլուի թեկնածությանը՝ կարծելով, որ նրա հետ հնարավոր չէ շահել գալիք նախագահական ընտրությունները։ Սելվիի խոսքերով՝ ԼԿ-ն աջակցում է Է․ Իմամօղլուի թեկնածության առաջադրմանը [18]։

Սա հաստատվեց մարտի 3-ին ընդդիմադիր վեցնյակի հերթական հանդիպումից հետո, երբ Աքշեները հանդես եկավ դեմարշով՝ հրաժարվելով աջակցել Ք․ Քըլչդարօղլուի թեկնածության առաջադրմանը՝ ընդգծելով, որ Ստամբուլի և Անկարայի քաղաքապետեր Է․ Իմամօղլուն և Մանսուր Յավաշն ավելի շատ են վայելում ժողովրդի աջակցությունը։ Իր դժգոհությունն Աքշեներն արտահայտեց նաև նրանով, որ լքեց ընդդիմադիր վեցնյակը՝ Իմամօղլուին ու Յավաշին կոչ անելով պատասխանատվություն ստանձնել և առաջադրվել։ Սա մեծ հնչեղություն ստացավ թուրքական մամուլում, որն Աքշեների այդ քայլը որակեց որպես երկրաշարժ՝ ընդգծելով, որ Աքշեները շուռ տվեց «վեցի սեղանը» [19]։

Սա մեծ հարված հասցրեց ընդդիմության հեղինակությանը, նրա միասնականությանը և արդյունքում «վեցի սեղանը» դարձավ «հինգի սեղան»։ Սակայն մարտի 6-ին Աքշեների հետ սկսեցին բանակցել Իմամօղլուն ու Յավաշը, և Աքշեները համաձայնեց մասնակցել նույն օրը նշանակված ընդդիմադիր լիդերների հանդիպմանը, որում հստակեցվելու էր միասնական թեկնածուի անունը (այդպիսով այն վերստին դարձավ «վեցի սեղան») [20]։

Ընդդիմադիր վեցնյակի այդ հանդիպման արդյունքներով հայտարարվեց, որ «վեցի սեղանի» թեկնածուն Ք․ Քըլըչդարօղլուն է։ Ընդգծվեց, որ վերջինիս հաղթանակի դեպքում մնացյալ 5 ընդդիմադիր կուսակցապետերը դառնալու են փոխնախագահներ։ Բացի այդ Աքշեների վերջնագրային պահանջով Քըլըչդարօղլուն ու մյուս կուսակցապետերը համաձայնեցին, որ փոխնախագահ են դառնալու նաև Իմամօղլուն ու Յավաշը [21]։ Այդպիսով, Թուրքիայի նախագահ ընտրվելու դեպքում Քըլըչդարօղլուն կունենա միանգամից 7 փոխնախագահ (ընդդիմադիր վեցնյակի մյուս 5 կուսակցապետերը, ինչպես նաև Ստամբուլի ու Անկարայի քաղաքապետերը)։

Մեր կարծիքով՝ կա լուրջ դրդապատճառ, թե ինչու Աքշեները չէր հավակնում գալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածության առաջադրմանը։ 2017թ․ ՍԲՀ-ին համապատասխան՝ Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններն այսուհետ անցկացվում են 5 տարին մեկ անգամ և նույն օրը։ Դա նշանակում է, որ եթե Աքշեներն առաջադրեր սեփական թեկնածությունը մայիսի 14-ի նախագահական ընտրություններում և տանուլ տար, ապա չէր կարողանա դառնալ պատգամավոր․ խորհրդարանական ու նախագահական ընտրություններն անցկացվում են միաժամանակ (նախկինում, երբ դրանք անցկացվում էին տարբեր ժամկետներում, չէին առաջանում նման խնդիրներ)։ Իսկ դա նշանակում է, որ Աքշեներն ընտրություններից հետո կարող էր խնդիրներ ունենալ իր կուսակցության ղեկավարման մասով, խնդիրներ ունենալ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի հետ և այլն։ Այժմ նման ռիսկի տակ է Քըլըչդարօղլուն, ով պարտվելու դեպքում, թերևս, կհեռանա ՀԺԿ նախագահի պաշտոնից (չլինելով պատգամավոր՝ կկորցնի ազդեցությունը)։

Մեր կարծիքով՝ Աքշեները փորձում էր պառակտում մտցնել ՀԺԿ-ում, հասնել նրան, որ Իմամօղլուն ու Յավաշը (կամ գոնե նրանցից մեկը) ընդվզեին կուսակցության լիդերի՝ Քըլըչդարօղլուի դեմ, սակայն դա չստացվեց․ Իմամօղլուն ու Յավաշը հայտարարեցին, որ չեն ցանկանում առաջադրվել և աջակցում են իրենց կուսակցական լիդերի թեկնածությանը (չենք բացառում, որ եթե «վեցի սեղանի» մյուս լիդերները պնդեին Իմամօղլուի կամ Յավաշի թեկնածության առաջադրումը, ապա Աքշեները կաջակցեր արդեն Քըլըչդարօղլուին)։ Աքշեներն իր այդ քայլով փորձում էր Էրդողանի համար ազատել Ստամբուլի կամ Անկարայի քաղաքապետի պաշտոնը, որի մասին կխոսենք հաջորդ կետում։

բ) Էքրեմ Իմամօղլուի ու Քեմալ Քըլըչդարօղլուի գործոն

Վերջին ամիսներին Էրդողանը քանիցս հայտարարել է, որ ինքն է իշխող դաշինքից նախագահի թեկնածուն և Քըլըչդարօղլուին կոչ է արել դուրս գալ և բաց հայտարարել, որ ինքն էլ ընդդիմադիր դաշինքից նախագահի թեկնածուն է։ Սրանով Էրդողանը ցույց էր տալիս, որ ընդդիմադիր առաջնորդների թվում նախապատվությունը տալիս է հենց Քըլըչդարօղլուին, որի գլխավորած ՀԺԿ-ն ընտրություններում քանիցս պարտվել է Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ին (նախագահական ընտրություններում Քըլըչդարօղլուն ու Էրդողանն առաջին անգամ են մրցելու միմյանց հետ)։

2023թ․ նախագահական ընտրությունների համար ընդդիմադիր դաշինքից որպես թեկնածու երկար ժամանակ շրջանառվում էր 4 հիմնական անուն՝ Ք․ Քըլըչդարօղլու, Մ․ Աքշեներ, ինչպես նաև Է․ Իմամօղլու և Մ․ Յավաշ։ Ընդ որում, հարցախույզները հիմնականում վկայում էին, որ առաջատարներն Իմամօղլուն ու Յավաշն են։ Թուրք որոշ փորձագետներ կողմ էին արտահայտվում վերջին երկուսից մեկի թեկնածության առաջադրմանը՝ գտնելով, որ ժողովուրդը տեսել է նրանց կառավարման ունակությունները (խոսքը Թուրքիայի երկու խոշորագույն քաղաքների կառավարման մասին է) [22]։

Սակայն Իմամօղլուի կամ Յավաշի թեկնածության առաջադրման համար կար երեք կարևոր խոչընդոտ։ Դրանցից առաջինն այն էր, որ առկա տեղեկություններով՝ 74-ամյա Քըլըչդարօղլուն չէր ցանկանում, որպեսզի նրանցից մեկը դառնա ընդդիմությունից նախագահի թեկնածու (նրանք առավել երիտասարդ են, և դեռ կհասցնեն դառնալ նախագահի թեկնածու․ Իմամօղլուն այժմ 52 տարեկան է)։ Սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ վարկանիշի առումով Էրդողանն ամենաթույլ շրջանն է ապրում, և Քըլըչդարօղլուն իրատեսական հույսեր ունի, որ վերջապես եկել է իր աստեղային ժամը և իսկապես կարող է հաղթել Էրդողանին։

Սակայն կա նաև երկրորդ պատճառը, որը միգուցե ավելի ծանրակշիռ է։ ՀԺԿ-ում ընդգծում են, որ եթե Իմամօղլուն կամ Յավաշն առաջադրվեն որպես նախագահի թեկնածու, ապա ՀԺԿ-ը կկորցնի Ստամբուլի կամ Անկարայի քաղաքապետի պաշտոնը, քանի որ ԱԶԿ-ական ավագանին, որը մեծամասնություն է կազմում թե՛ Ստամբուլի, թե՛ Անկարայի քաղաքապետարանում, իր շարքերից կընտրի նոր քաղաքապետ․ Էրդողանը կնշանակի հոգաբարձու (չենք բացառում, որ Աքշեները հենց այս նպատակով էր պնդում Իմամօղլուի կամ Յավաշի թեկնածությունը)։ Չնայած այս ամենին՝ թուրք փորձագետներն ընդդիմությանը կոչ էին անում որպես նախագահի թեկնածու առաջադրել քաղաքապետերից մեկնումեկին և հատկապես Իմամօղլուին՝ ընդգծելով, որ Թուրքիան Ստամբուլից մեծ է, որ Ստամբուլը (քաղաքապետի պաշտոնը) կարելի է զոհաբերել հանուն ողջ Թուրքիայի։

ԱՇԿ նախկին անդամ Մ․ Յավաշի դեպքում որպես երրորդ խոչընդոտ կարելի է համարել քուրդ ընտրազանգվածին ընդդիմությունից վանելու գործոնը։ Իսկ Իմամօղլուի պարագայում երրորդ խոչընդոտն ի հայտ եկավ նախորդ տարեվերջին։ 2022թ․ դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Ստամբուլի 1-ին ատյանի քրեական դատարանը 8-րդ դատական նիստի արդյունքներով Է․ Իմամօղլուին ՔՕ 53-րդ հոդվածով դատապարտել է 2 տարի 7 ամիս 15 օր ժամկետով ազատազրկման և նույնքան ժամանակով «քաղաքականությամբ զբաղվելու արգելքի»՝ ԲԸԽ անդամներին վիրավորելու համար։ Դատախազը պահանջում էր Իմամօղլուին դատապարտել 4 տարի և 1 ամիս ժամկետով ազատազրկման [23]։

Սա վերջնական որոշում չէ, ենթակա է բողոքարկման: Իմամօղլուն քաղաքական որոշում է որակել դատավճիռը և բողոքարկել է այն Վերաքննիչ դատարանում։ Եթե բարձր ատյանի դատարանները չբեկանեն դատավճիռը, ապա կսկսվի Իմամօղլուի քաղաքական արգելքի որոշման ի կատար ածման գործընթացը, և նա կհեռացվի Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից: Իմամօղլուն, այնուամենայնիվ, կկարողանա օգտվել պայմանական ազատազրկման իրավունքից և խուսափել պատժաչափը մեկուսարանում անցկացնելուց: Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է 2019թ․ մարտի 31-ի Ստամբուլի քաղաքային ընտրություններից հետո։ Նա իշխանական թեկնածու Բինալի Յըլդըրըմի նկատմամբ փոքր առավելությամբ (ավելի քան 13․000 քվեի տարբերությամբ) հաղթել էր այդ ընտրություններում, որոնց արդյունքները (Էրդողանի հրահանգով) չեղարկվեցին ԲԸԽ-ի կողմից, և հունիսի 23-ին նշանակվեցին կրկնական ընտրություններ: Դրանցում Իմամօղլուն ավելի մեծ առավելությամբ (ավելի քան 800․000 քվե տարբերությամբ) հաղթեց իշխանական թեկնածուին:

2019թ․ ՏԻՄ ընտրություններում հաղթելուց հետո Իմամօղլուն, օգտագործելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այդ օրերի հայտարարություններից մեկում կիրառած «տխմար» բառը, հայտարարել էր, որ մարտի 31-ի ընտրությունները չեղարկողները «տխմար» են: Տևական ժամանակ շարունակվող դատական գործընթացում Իմամօղլուն բազմիցս ասել է, որ այդ արտահայտությունն ուղղված է եղել հենց Ս․ Սոյլուին, այլ ոչ թե ԲԸԽ անդամներին, սակայն դատարանը պատժի հիմքում դրել է հենց պետական մի խումբ պաշտոնյաներին վիրավորելու մեղադրանքը: Ի դեպ, 2023թ․ հունվարի 11-ին թուրքական մամուլը հայտնեց, որ Իմամօղլուի դեմ բացվել է ևս մեկ դատական գործ, որն առնչվում է «նրա կողմից մրցույթի հայտերը կեղծելուն»։ Այս գործով անցնում է ևս 6 մարդ, որոնց սպառնում է 3-7 տարվա ազատազրկում։ Առաջին դատալսումը նշանակված է 2023թ․ հունիսի 15-ին [24]։

Փաստորեն, 2019թ․ Իմամօղլուն երկու անգամ հաղթեց իշխանական (Էրդողանի) թեկնածուին, և Էրդողանը չներեց նրան՝ թերևս առաջնորդվելով մի շարք գործոններով․ Էրդողանը 1994-1998թթ․ հանդիսացել է Ստամբուլի քաղաքապետ, Ստամբուլը նրա համար կարևոր է որպես իր ծննդավայր և քաղաքական կարիերայի մեկնարկային վայր, որպես Թուրքիայի ֆինանսական և որոշ առումով նաև զբոսաշրջային մայրաքաղաք, որպես օսմանյան սուլթանների տուն և ապագա հետմոդեռնիստական խալիֆայության (Ասրիկա) կենտրոն։ Հաշվի առնվեց նաև այն, որ Իմամօղլուն դեմ է արտահայտվում Ստամբուլի ջրանցքի կառուցմանը։

Իմամօղլուի հանդեպ դատական այս գործերը վերջին տարիների առաջին դեպքն է, որ Էրդողանը չի պատժում իրեն ու իր թիմին չընտրած ընտրազանգվածին (այս դեպքում՝ ստամբուլցիներին) և նախընտրում է պատժել միայն Իմամօղլուին։ Այստեղ հավանաբար իր դերն է խաղում Ստամբուլի կարևոր նշանակությունը նրա կյանքում և ընդհանրապես պատմության մեջ (թեև գալիք ընտրություններում հաղթելու դեպքում նա դեռ հնարավորություն ունի պատժելու ստամբուլցիներին՝ 2019թ․ ՏԻՄ ընտրությունների արդյունքների համար)։

Հիշեցնենք, որ 2015թ․ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ը համեմատաբար ցածր ցուցանիշներ գրանցեց քրդաբնակ նահանգներում (ԺԴԿ-ի ցուցանիշները դրանցում առավել տպավորիչ էին), և դրանից գրեթե անմիջապես անց (հուլիսին) Թուրքիայի զինված ուժերը սկսեցին ծանր սպառազինություն (ավիացիա, զրահատեխնիկա և այլն) կիրառել քրդաբնակ քաղաքներում՝ ընդդեմ ահաբեկչական հռչակված ու արգելված PKK-ի («Քրդստանի աշխատավորական» կուսակցություն)։ Ընդ որում, քրդաբնակ այդ քաղաքների պատկերները չէին տարբերվում Սիրիայում քաղաքացիական պատերազմից ավերված քաղաքների պատկերներից։

Նմանատիպ երկրորդ զարգացումը գրանցվեց 2019թ․ ՏԻՄ ընտրություններից հետո, երբ ԱԶԿ-ը պարտվեց Էգեյան ու Միջերկրական ծովերին սահմանակից նահանգների կենտրոններում: 2021թ․ ամռանն այս նահանգներում ծագեցին ԹՀ պատմության մեջ ամենազանգվածային հրդեհները, և թուրքական իշխանությունները դրանց ընթացքում մեծապես աչքի ընկան հրդեհաշիջման աշխատանքները (թերևս միտումնավոր) զգալի տապալելով (նպատակներից մեկը կարող էր լինել ծովափնյա գոտին անտառներից մաքրելը՝ դրանց տարածքում հյուրանոցներ կառուցելու ակնկալիքով)։ Այլ կերպ ասած՝ սա երկրորդ դեպքն էր վերջին տարիներին, երբ Էրդողանին ու նրա թիմին չընտրած ընտրազանգվածը հայտնվեց կրակի ճիրաններում։

Իմամօղլուի հանդեպ դատական գործընթացները սոսկ վրեժխնդրություն չեն 2019թ․ ՏԻՄ ընտրությունների արդյունքների համար։ Էրդողանը դատական գործընթացների միջոցով, անկասկած, ցույց է տալիս, թե ում է ցանկանում տեսնել որպես ընդդիմության միասնական թեկնածու։ Նախկինում նա քանիցս ցույց է տվել, որ նախընտրելի է համարում որպես իր մրցակից տեսնել Քըլըչդարօղլուին, ով, ի տարբերություն իրեն, չի համարվում խարիզմատիկ լիդեր և լավ հռետոր։ Էրդողանը փաստացի ցանկանում էր հալածյալի կերպարանք հաղորդել Իմամօղլուին և ընդդիմության աջակցությունը կենտրոնացնել հենց նրա շուրջ, մեծացնել նրա վարկանիշը։

Որոշ տեղեկություններով՝ Իմամօղլուն վայելում է նաև Արևմուտքի լայն աջակցությունը, ավելի շատ, քան նույն Քըլըչդարօղլուն։ Եվ այս քայլով Էրդողանն իր հնարավոր մրցակիցների շարքից հանում է Իմամօղլուին։     Հաշվի առնելով Թուրքիայում դատական իշխանությունների կախվածությունն Էրդողանից և գալիք նախագահական ընտրությունների կարևորությունն Էրդողանի համար՝ կարելի է չկասկածել, թե Իմամօղլուի գործով ինչպիսի որոշումներ կընդունեն Թուրքիայի Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները։ Ստամբուլի առաջին ատյանի դատարանի որոշումը ցույց է տալիս, որ այս փուլում Էրդողանին ամենևին էլ պետք չէ Իմամօղլուին բանտ նստեցնելը, և որ նրա համար բավարար է այն, որ Իմամօղլուն չմասնակցի ոչ միայն 2023թ․ նախագահական ընտրություններին, այլև 2024թ․ մարտի ՏԻՄ ընտրություններին (Իմամօղլուի՝ քաղաքական արգելքի ժամկետը ներառում է նաև հաջորդ տարվա ՏԻՄ ընտրությունները)։ Անկասկած է, որ Էրդողանը ցանկանում է ոչ միայն 2023թ․ վերընտրվել Թուրքիայի նախագահի պաշտոնում, այլև 2024թ․ իր թիմի համար վերադարձնել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը, որն ԱԶԿ-ը մշտապես ունեցել է մինչև 2019թ․ ՏԻՄ ընտրությունները։ Իմամօղլուի հանդեպ ընթացիկ դատական որոշմամբ՝ Էրդողանը, թերևս, փորձում է հերքել հենց իրեն՝ հաշվի առնելով անցյալում իր իսկ ասած հայտնի խոսքերը, որ «նա, ով տիրում է Ստամբուլին, տիրում է Թուրքիային»։

          գ) քրդամետ ԺԴԿ-ի գործոն

Թեպետ Էրդողանը 2018թ․ փետրվարից դաշինքի մեջ է մտել ազգայնամոլների հետ և դրանով իրենից վանել է քրդական ընտրազանգվածի մի մասին, այնուամենայնիվ, նա մի շարք քայլեր է ձեռնարկել տվյալ ընտրազանգվածի համակրանքը շահելու և քրդամետ ԺԴԿ-ի դիրքերը խարխլելու համար․ վերջինս շարունակում է մնալ քրդաբնակ նահանգներում ԱԶԿ-ի թիվ մեկ մրցակիցը․ նրա արդյունքներն ուղիղ անդրադառնում են ԱԶԿ-ի արդյունքների վրա։ Ընտրաշեմը 7%-ի նվազեցնելու և ԺԴԿ-ի վրա դրա հնարավոր հետևանքների մասին արդեն նշվել է։

2023թ․ հունվարի 5-ին Թուրքիայի ՍԴ-ը որոշում կայացրեց ժամանակավորապես արգելափակել ԺԴԿ-ին Գանձապետարանի օգնությունը, այն դատարանը, որը ԺԴԿ-ին 1 ամիս ժամանակ է տվել պաշտպանվելու համար և վերջնական որոշում կկայացնի դրան համապատասխան։ Ժամանակավոր արգելափակման որոշման պատճառով ԺԴԿ-ը չի կարողանա ստանալ հունվարի 10-ին քաղաքական կուսակցություններին տրվելիք գանձապետարանի օգնությունից իր բաժինը, որը կազմում է մոտ 180 միլիոն լիրա։ Տվյալ հարցը քննարկվել է ԺԴԿ-ի փակման դատական գործի շրջանակներում, և ՍԴ-ը դրական է արձագանքել Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազության պահանջին՝ արգելափակել կուսակցության հաշիվները գանձապետական ​​միջոցներով [25]։

Սա արվում էր նրա համար, որ ֆինանսական խնդիրները բացասաբար ազդեն ԺԴԿ-ի գալիք ընտրարշավի վրա, եթե իհարկե այն կայանա։ 2023թ․ հունվարի 26-ին ՍԴ-ը մերժեց ԺԴԿ-ի փակման հարցը գալիք ընտրություններից հետո քննելու կուսակցության դիմումը [26]։  Սակայն մարտի 9-ին Թուրքիայի Գերագույն դատարանը մայիսի 14-ի ընտրություններին ընդառաջ վերականգնեց քրդամետ ԺԴԿ-ի պետական​ ֆինանսավորումը և ԺԴԿ-ի հնարավոր փակման վերաբերյալ լսումները հետաձգեց մինչև ապրիլի 11-ը [27]։ Ամեն դեպքում կուսակցությունը դեռ փակման վտանգի տակ է․ թուրքական իշխանությունները նրան մեղադրում են PKK-ի հետ կապված լինելու համար։

Դեռևս 2021թ․ մարտի 17-ին Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել ՍԴ՝ պահանջելով փակել ԺԴԿ-ը։ ՍԴ-ը մեղադրական եզրակացությունը միաձայն մերժել է 2021թ․ մարտի 31-ին՝ թերությունների պատճառով։ Գլխավոր դատախազությունը գործը վերաբացել է 2021թ․ հունիսի 7-ին, և ՍԴ-ը 2021թ․ հունիսի 21-ին միաձայն ընդունել է նոր մեղադրական եզրակացությունը։ ՍԴ 15 հոգուց բաղկացած հանձնաժողովում ԺԴԿ-ի փակման որոշման համար անհրաժեշտ է ՍԴ անդամների 2/3-ի, այսինքն 15 անդամներից 10-ի քվեն: Նման որոշման դեպքում կուսակցության վերնախավին 5 տարով կարգելեն զբաղվել քաղաքական գործունեությամբ՝ սկսած վերջնական որոշման հրապարակումից [28]։

Դա նշանակում է, որ ԺԴԿ-ը կարող է փակվել նախքան գալիք ընտրություններ, իսկ դա իր հերթին կհանգեցնի ընտրությունների արդյունքներով ԱԶԿ-ի մանդատների զգալի աճին (ԺԴԿ-ի բացակայության պայմաններում քրդաբնակ նահանգների մանդատների ճնշող մեծամասնությունը բաժին կընկնի ԱԶԿ-ին)։ Թուրքական դատական մարմինների այս քայլերը վկայում են, որ Էրդողանը երկմտանքի մեջ է ԺԴԿ-ը փակել/չփակելու հարցում (այս հարցում նա գտնվում է Բահչելիի մեծ ճնշման ներքո, ով պահանջում է անպայմանորեն փակել «ահաբեկչական ԺԴԿ-ը»)։ Էրդողանի ենթադրյալ այս տատանումների պատճառը կարող է լինել այն, որ մեր կարծիքով՝ մայիսի 14-ից առաջ դատական ճանապարհով ԺԴԿ-ի փակումն ավելի շահավետ կլինի ԱԶԿ-ի, քան Էրդողանի համար (քրդերը մեծապես կհիասթափվեն Էրդողանից, սակայն ԱԶԿ-ը մեծ հաշվով մրցակից չի ունենա քրդաբնակ նահանգներում և կտիրի դրանց բաժին ընկած պատգամավորական մանդատների ճնշող մեծամասնությանը)։

Էրդողանը ջանքեր է գործադրում քուրդ ընտրազանգվածին ոչ միայն ահաբեկելու, այլև սիրաշահելու ուղղությամբ։ Տնտեսական քայլերից զատ, որոնց մասին դեռ կխոսենք, պետք է առաջին հերթին նշել Դիարբեքիրի հայտնի բանտի փակումը, որը տեղի ունեցավ 2022թ․ հոկտեմբերին։ Էրդողանը նման հնարավորության մասին հայտարարել էր 2021թ․ հուլիսին Դիարբեքիր կատարած այցի ժամանակ, որը նրա առաջին այցն էր վերջին 2․5 տարում [29]։

1980թ․ ռազմական հեղաշրջումից հետո Դիարբեքիրի բանտը բազմաթիվ քրդերի համար վերածվել է «կտտանքների բանտի»։ Դիարբեքիրում նախկին անվանմամբ թիվ 5 զինվորական բանտի, ներկայիս E-տիպի փակ բանտի հիմքը դրվել է 1972թ., 1980թ․ հուլիսի 4-ին բացված բանտը սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո հանձնվել է զինվորական վարչակազմին։ Այն բրիտանական The Times թերթի կողմից ներառվել է «աշխարհի 10 ամենատխրահռչակ բանտերի» շարքում՝ 1980թ․ հեղաշրջումից հետո տեղի ունեցած խոշտանգումների և դաժան վերաբերմունքի պատճառով։ Բանտից ազատվածների մեծ մասը, որտեղ 1981-1984թթ․ խոշտանգումների հետևանքով մահացել է առնվազն 37 մարդ, կա՛մ հաշմանդամ էին, կա՛մ ունեին մշտական ​​առողջական խնդիրներ։ Սակայն այն ժամանակ բանտում խոշտանգողներից ոչ ոք չի պատժվել [30]։ Դիարբեքիրի բանտի փակմամբ Էրդողանը ոչ միայն գործուն քայլ է կատարում քրդերի համակրանքը շահելու, այլև նոր հարված է հասցնում Թուրքիայում ռազմական հեղաշրջումների թողած ժառանգությանն ու պատմությանը։

 

դ) Z սերնդի գործոն

2023թ․ հունվարի 25-ին Մ․ Աքշեները հայտարարեց, որ  մայիսի 14-ին ընտրությունների գնալու Էրդողանի որոշումը պայմանավորված է նրանով, որ դրանով երիտասարդներին թույլ չտրվի մասնակցել քվեարկությանը, քանի որ երիտասարդներն իշխանություններին «կթաղեն հենց քվեատուփի մեջ»։ Նրա խոսքով՝ իշխանությունները քաջատեղյակ են, որ երիտասարդներից շատերը չեն բնակվում նույն քաղաքում, որտեղ իրենց ուսումնական հաստատությունն է, այսինքն ստիպված են քննական ժամանակաշրջանում ընտրությունների համար օդանավերով մեկնել իրենց հիմնական բնակության վայրեր և նույն կերպ հետ վերադառնալ, մինչդեռ նրանցից շատերը չունեն նման ֆինանսական հնարավորություններ [31]։

Աքշեների այս մտահոգությունը բավական տեղին է, և Էրդողանի նախընտրական այս հնարքն ըստ ամենայնի կաշխատի՝ հաշվի առնելով, որ բուհերի քննական ժամանակաշրջանում ոչ բոլոր ուսանողները ցանկություն ու ֆինանսական հնարավորություն կունենան քվեարկությանը մասնակցելու նպատակով մեկնել հայրենի գյուղեր ու քաղաքներ, ապա վերադառնալ բուհական վայրեր։ Երիտասարդությունը բավական կարևոր դեր է խաղալու գալիք ընտրություններում․

  • 2023թ․ նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցողների թիվը կազմում է 64 միլիոն մարդ, որից 18 միլիոնը կազմում է Z սերունդը (18-25 տարեկան)։ Եթե 2018թ․ ընտրություններում Z սերնդի մասնաբաժինը կազմում էր 7%, ապա 2023թ․՝ 16% (որոշ տվյալներով՝ 6 միլիոն մարդ առաջին անգամ է քվեարկելու 2023թ․)։
  • Վերջին տարիներին Էրդողանը քանիցս բողոքել է, որ Z սերունդը տեղյակ չէ, թե Թուրքիան տնտեսական ինչ բարդությունների մեջ է եղել 1990-ականներին և ինչպիսի տնտեսական վերելք է ունեցել 21-րդ դարում՝ իրենց իշխանության տարիներին, թե ինչպիսի նոր ենթակառուցվածքներ են կառուցվել երկրում և կարևորել է այդ ամենը Z սերնդին հասցնելը (նա ընդհանրապես դեմ է երիտասարդությանը տարանջատելուն և նրա մի մասը Z սերունդ որակելուն)։
  • Վերջին երկու տարում Թուրքիայում անցկացված սոցհարցումները վկայել են, որ իշխող ԱԶԿ-ն ու նրա դաշնակից ԱՇԿ-ը բավական ցածր վարկանիշ (13․9% և 7․4%) ունեն Z սերնդի շրջանում, մինչդեռ հիմնական ընդդիմադիր ուժերի՝ ՀԺԿ-ի ու ԼԿ-ի վարկանիշը նրանց շրջանում ավելի մեծ է (21․7% և 17․4%)․ 15․1%-ն էլ մնում է չկողմնորոշված (1990-ականների Թուրքիայի տնտեսական բարդությունները չվերապրած Z սերունդը դեմ է Էրդողանի բռնաճնշումներին և առավել հակված է դեպի արևմտյան արժեքներ ու տեխնոլոգիաներ)։
  • Տնտեսական փոփոխություններ

«Ներքին ճակատի» երկրորդ ուղղությունը տնտեսական ոլորտն է։ Հայտնի է, որ վերջին շրջանում Թուրքիան տնտեսական զգալի խնդիրներ ուներ, ինֆլյացիայի մակարդակը պաշտոնապես կազմում էր ավելի քան 80%, իսկ ոչ պաշտոնապես՝ ավելի քան 160%։ Գործազրկության մակարդակը շարունակում էր մնալ բարձր՝ մոտ 12%։ Թուրքիայում ընդդիմադիրները (մենք նույնպես) հակված են կարծել, որ Էրդողանը հաճախ ուռճացնում է տնտեսական դրական ցուցանիշները (ասենք, արտահանման ցուցանիշ) և ընդհակառակը՝ նվազեցնում է բացասական ցուցանիշները (ասենք, ինֆլյացիայի ու գործազրկության մակարդակը), ինչի համար էլ հաճախ է փոխում Թուրքիայի Վիճակագրության ինստիտուտի (Türkiye İstatistik Kurumu, TUIK) ղեկավարին։

Պաշտոնական տվյալներով՝ ընթացիկ տարում Էրդողանին հաջողվել էր վերջապես մեղմել ինֆլյացիայի մակարդակը․ 2023թ․ փետրվարի սկզբին TUIK-ը հայտնեց, որ հունվարին ինֆլյացիայի ամսական մակարդակը կազմել է 6․65%, իսկ տարեկան կտրվածքով՝ 57․68%։ TUIK-ի հաղորդմամբ՝ ինֆլյացիայի մակարդակն իր գագաթնակետին՝ 85․51% հասավ 2022թ․ հոկտեմբերին (2021թ․ սեպտեմբերին՝ 19․58%), իսկ դեկտեմբերին այն արդեն նահանջել էր մինչև 64%։ Մյուս կողմից Գնաճի հետազոտական խումբը (Inflation Research Group, ENAG) հայտարարել է, որ հունվարին ինֆլյացիայի մակարդակն աճել է 9․26%-ով, իսկ տարեկան աճը կազմել է 121․62% (ENAG-ի տվյալներով՝ 2022թ․ հոկտեմբերին ինֆլյացիայի տարեկան մակարդակը կազմել է 185․34%) [32]։ Այս տվյալները և հատկապես ENAG-ի հաղորդումը ցույց է տալիս, որ Էրդողանին հաջողվել է որոշակի շտկել իրավիճակը՝ հաշվի առնելով, որ հոկտեմբերին ինֆլյացիայի ցուցանիշն ամենաբարձր մակարդակի վրա էր վերջին 24 տարում՝ 1988թ․-ից սկսած [33]։

2023թ․ փետրվարի վերջին TUIK-ը հայտնեց, որ 2022թ․ Թուրքիայի տնտեսությունն աճել է 5․6%-ով։ 2021թ․ (հետկորոնավիրուսային ժամանակաշրջանում) Թուրքիայի տնտեսությունն  աճել էր միանգամից 11․4%-ով։ 2022թ․ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 176․589 թուրքական լիրա, իսկ ԱՄՆ դոլարով՝ 10․655 դոլար [34]։

2022թ․ Թուրքիայի համար ռեկորդային է եղել թե՛ արտահանման, թե՛ ներկրման առումներով։ ԹՀ պատմության մեջ առաջին անգամ արտահանման տարեկան ծավալը գերազանցել է 250 միլիարդ դոլարը, իսկ ներկրման ծավալը՝ 300 միլիարդ դոլարը։ Նախկինում ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2021թ․, երբ արտահանումը կազմել է 225 միլիարդ դոլար, իսկ ներմուծումը` 271 միլիարդ դոլար։ Նախորդ տարվա համեմատ՝ 2022թ․ արտահանումն աճել է 12․9%-ով և կազմել 254․2 միլիարդ դոլար, իսկ ներմուծումն աճել է 34․3%-ով՝ կազմելով 364․4 միլիարդ դոլար։ Արտաքին առևտրի դեֆիցիտը կազմել է 110․2 միլիարդ դոլար, ինչը  ռեկորդային ցուցանիշ է վերջին 27 տարիների համար (1996թ․-ից սկսած) [35]։

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, որը բավական կարևոր ոլորտ է Թուրքիայի տնտեսության համար (համարվում է «թուրքական նավթ»), ապա TUIK-ի տվյալներով՝ 2022թ․ զբոսաշրջությունից ստացված հասույթը 2021թ․ համեմատ աճել է 53․4%-ով՝ հասնելով 46․284․907․000 դոլարի, որից 34․477․012․000 դոլարը կազմել են անձնական, իսկ 11․807․895․000 դոլարը՝ փաթեթային տուրերի ծախսերը։ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյն արդեն հռչակել է 2023թ․ զբոսաշրջության թիրախները. «Մեր թիրախը 2023թ տարեկան 60 միլիոն, իսկ 2028թ 90 միլիոն զբոսաշրջիկ ունենալն է։ Մենք նպատակադրվել ենք 2023թ զբոսաշրջային ոլորտից ստանալ 56 միլիարդ դոլար, իսկ 2028թ՝ 100 միլիարդ դոլար։ Ակնկալում ենք գերազանցել նաև մեկ գիշերվա ընդհանուր և մեկ շնչին բաժին ընկնող եկամուտներով ԹՀ պատմական ռեկորդները։ 2022թ մեկ անձից մեկ գիշերվա համար ստացվել է 875 դոլար եկամուտ, ինչը 2023թ կհասցնենք 95, իսկ 2028թ՝ 118 դոլարի» [36]։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ 2022թ․ երկիր ժամանած օտար զբոսաշրջիկների թիվը կազմել է 44․564․395 մարդ։ Այս ցուցանիշը բավական մոտ է զբոսաշրջային ոլորտի համար ռեկորդային համարվող 2019թ․ ցուցանիշին՝ 45․058․286 մարդ։ 2022թ․ ցուցանիշին անհրաժեշտ է հավելել արտասահմանաբնակ թուրքերի 6․813․000 այցերը, որով զբոսաշրջիկների ընդհանուր ցուցանիշը կկազմի 51․387․000 մարդ (71.07% աճ՝ 2021թ․ հետ համեմատ)։ Առաջին տեղը զբաղեցրել է Գերմանիան՝ 5․6 միլիոն զբոսաշրջիկ (բոլոր զբոսաշրջիկների 12.74%-ը), երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 5․2 միլիոն զբոսաշրջիկ (11․74%), իսկ երրորդ տեղում՝ Մեծ Բրիտանիան՝ 3․3 միլիոն զբոսաշրջիկ (7․56%) [37]։

Տնտեսական այս ցուցանիշները վկայում են, որ չնայած ինֆլյացիայի ու գործազրկության բարձր մակարդակին՝ Թուրքիայի տնտեսական ցուցանիշներն այնքան էլ վատը չեն և անգամ տպավորիչ են արտահանման ու զբոսաշրջային ոլորտներում։ Ընտրություններից առաջ Էրդողանն աչքի ընկավ սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք քայլերով, որոնք կոչված էին մեծացնելու ընտրազանգվածի համակրանքը։ Դրանցից մեկը նվազագույն աշխատավարձի բարձրացումն էր։ 2022թ․ դեկտեմբերի 12-ին Էրդողանը հայտարարեց, որ 2023թ․-ից համախառն նվազագույն աշխատավարձը կազմելու է 10․500 լիրա, իսկ զուտ նվազագույն աշխատավարձը՝ 8506 լիրա ($455), ինչը 2022թ․ հուլիսի համեմատ՝ 54․66% ավելին է, իսկ հունվարի համեմատ՝ 100% ավելին (2022թ․ սկզբին այն բարձրացվել է մինչև 4250 լիրա, իսկ հունիսին՝ 5500 լիրա) [38]։

2023թ․ մարտի 1-ին Թուրքիայի խորհրդարանն ընդունել է կենսաթոշակային տարիքում գտնվողների (Emeklilik Yaşa Takılanlar, EYT) համար նախապատրաստված օրինագիծը։ Քվեարկության արդյունքում «Սոցիալական ապահովագրության և ընդհանուր առողջության ապահովագրության մասին» օրենքում և թիվ 375 հրամանագրում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը կառավարության և ընդդիմության կողմից ընդունվել է 395 ձայնով։ Կենսաթոշակային ուղղվածությամբ այս օրենքի մասին ՀԺԿ-ի, ԼԿ-ի և ԺԴԿ-ի առաջարկները մերժվել են ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի կողմից։ Օրինագծի համաձայն՝  EYT-ից իրավունք ունեն օգտվել մինչև 1999թ․ սեպտեմբերի 8-ն արդեն 20 տարի ապահովագրություն արած կանայք և 25 տարի ապահովագրություն արած տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ՝ օրինագծից կօգտվի 2․250․000 մարդ, որոնց իրավունքները նախկինում (ԱԶԿ-ի իշխանության գալուց առաջ) ոտնահարվել են [39]։ Նշենք, որ Էրդողանը  EYT-ի ընդունման հնարավորության մասին հայտարարել էր 2022թ․ դեկտեմբերի կեսին [40]։ Փորձագետների գնահատմամբ՝ նվազագույն աշխատավարձի ու կենսաթոշակների բարելավման այս որոշումները կարժենան 13 միլիարդ դոլար։

2022թ․ սեպտեմբերի 13-ին Էրդողանը ներկայացրեց ԹՀ պատմության մեջ ամենամասշտաբային բնակարանաշինության ծրագիրը, որը նախատեսում է 5 տարում (2023-2028թթ․) Թուրքիայի 81 նահանգում կառուցել 500․000 սոցիալական բնակարան և ստեղծել 100․000 աշխատատեղ։ Նախագիծը գնահատվում է 362 միլիարդ լիրա: Էրդողանն ընդգծեց, որ այդպիսով, 2003թ․ սկզբից իրենց կառուցած սոցիալական բնակարանների թիվը կհասցվի 2 միլիոնի, իսկ դրանցում ապրող քաղաքացիների թիվն այլ նախագծերի հետ միասին՝ 10 միլիոնի։ Նրա խոսքերով՝ իշխանությունները նոր տներ ու աշխատավայրեր ստեղծող այս նախագիծն անվանել են «Իմ առաջին տունը, իմ առաջին աշխատանքի վայրը» (“İlk Evim, İlk İş Yerim”) [41]։

2023թ․ հունվարի 23-ին Էրդողանը հայտարարեց, որ ԱԶԿ-ին կառաջարկի օրինագիծ՝ միլիոնավոր մարդկանց պարտքի բեռը թեթևացնելու համար․ «Մենք ներում ենք 2000 լիրան (106 դոլար) չգերազանցող պարտքերը, որոնց քաղաքացիները կուտակել են մինչև 2022թ դեկտեմբերի 31-ը»: Նրա խոսքերով՝ օրինագիծը կտարածվի ճանապարհային որոշ տույժերի և պետական հաստատություններին հասանելիք տուգանքների վրա [42]:

2023թ․ մարտի 1-ին Էրդողանն ԱԶԿ խորհրդարանական խմբակցության նիստում հայտարարեց, որ մարտի 1-ից սկսած՝ ընկերությունների համար 20%-ով նվազեցվում է գազի սակագինը, ինչը պետք է հանգեցնի նրանց արտադրանքի գնի նվազեցմանը։ Նրա խոսքերով՝ նման գնիջեցում սպասվում է նաև էլեկտրաէներգիայի ոլորտում [43]։ Փետրվարի 1-ից էլ էլեկտրաէներգիայի ու գազի սակագները 16%-ով նվազեցվել էին քաղաքացիների համար [44]։

Այս ամենը վկայում է, որ Էրդողանը տնտեսական պլանում նույնպես տենդագին պատրաստվում էր գալիք ընտրություններին։ Վերոնշյալին կարելի է հավելել ենթակառուցվածքային մի շարք նախագծեր, որոնց բացման շնորհանդեսը տեղի է ունեցել վերջին շրջանում և որոնց մասնակցել է Էրդողանը: Օրինակ, 2022թ․ նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Թուրքիայի ամենաարագահոս գետ Ճորոխի վրա Յուսուֆելիի ջրամբարի բացման արարողությունը, որի ամբարտակի բարձրությունը կազմում է 275 մ (100 հարկանի շենքի չափ)․ այդ ցուցանիշով այն Էյֆելյան աշտարակին զիջում է 25 մ-ով, Թուրքիայում զբաղեցնում է 1-ին, իսկ աշխարհում՝ 5-րդ տեղը: Այն ամբարում է 2․13 միլիարդ մ³ ջուր, հէկ-ի հզորությունը կազմում է 558 մվտ, տարեկան արտադրելու է 1․88 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա և Թուրքիայի տնտեսության մեջ ունենալու է տարեկան 5 միլիարդ լիրայի ներդրում [45]: Որպես երկրորդ օրինակ կարելի է նշել վերստին 2022թ․ նոյեմբերին Քոնիայում Eğiste Hadimi կամրջի (վիյադուկ) բացումը, որը Միջերկրածովյան գոտին կապում է «Ներքին Անատոլիայի» հետ։ Կամրջի երկարությունը կազմում է 1400 մ, առավելագույն բարձրությունը՝ 166 մ, իսկ լայնությունը՝ 12․5 մ։ Այն գործող երթուղին կկրճատի 4400 մ-ով՝ 20 րոպեով [46]։

 

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Արտաքին քաղաքական դաշտն Էրդողանի համար կարելի է համարել բարենպաստ՝ մայիսի 14-ին արտահերթ ընտրությունների գնալու համար։ Դրա հիմքում ընկած են մի շարք գործոններ, որոնցից ցանկանում ենք ներկայացնել հիմնական երեքը։

Առաջին հերթին պետք է արձանագրել Ուկրաինական ճգնաժամի ընթացքում Թուրքիայի վարած քաղաքականությունը, որը միտված է ամենատարբեր հարցերում հակամարտող երկու կողմին (Ռուսաստան և Ուկրաինա/Արևմուտք) մասնակի գոհացնելուն, նրանց միջև միջնորդություն իրականացնելուն, երկու կողմից էլ տնտեսական ու ռազմաքաղաքական զիջումներ կորզելուն, միջազգային ասպարեզում Թուրքիայի հեղինակությունը բարձրացնելուն և այլն։ Քանի որ այս թեմայով ծավալուն հետազոտություն ենք հրապարակել 2022թ․ աշնան վերջին [47], ուստի նպատակահարմար չենք համարում ծավալվել այս թեմայով։ Զուտ արձանագրենք, որ Ուկրաինական ճգնաժամից առաջ Էրդողանը (Թուրքիա) միջազգային զգալի մեկուսացման մեջ էր, մեծ պահանջարկ չէր վայելում միջազգային ասպարեզում (չէր կարողանում արժանանալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը), սակայն Ուկրաինական ճգնաժամը գլխիվայր շուռ տվեց իրավիճակը։ Դրանում մեծ դեր խաղաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով իր քայլերով Էրդողանին զգալի վերելք է ապահովում միջազգային ասպարեզում, ինչը միտված է նաև Թուրքիայի ներսում Էրդողանի հեղինակությունը բարձրացնելուն և այդպիսով գալիք ընտրություններում նրա հաղթանակն ապահովելուն։ Այս համատեքստում հարկ է նշել 2022թ․ դեկտեմբերի վերջին ռուսական կողմի այն հայտարարությունը, որ Ռուսաստանն ընդունել է թուրքական BOTAŞ պետական խողովակաշարային ընկերության խնդրանքը՝ բնական գազի մատակարարումների դիմաց գոյացած 20 միլիարդ դոլարի պարտքի վճարումը մինչև 2024թ․ հետաձգելու վերաբերյալ [48]։ Հիշեցնենք, որ Թուրքիայում աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացումն Էրդողանի համար արժեցել է 13 միլիարդ դոլար։

Արտաքին քաղաքական ոլորտում երկրորդ կարևոր գործոնն արաբական երկրների (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Եգիպտոս, Սիրիա) ու Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերն են, որոնք անմիջապես սկսեցին արդյունք տալ տնտեսական պլանում։ Օրինակ, եթե 2021թ․ Սաուդյան Արաբիայից Թուրքիա ժամանել է 10․083, ապա 2022թ․՝ 497․914 զբոսաշրջիկ։ Սաուդյան Արաբիան հարաբերությունների կարգավորման խորապատկերին վերացրել է Թուրքիայի հանդեպ ոչ պաշտոնական բեռնարգելքը, որի պատճառով Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալը նվազել էր ավելի քան 90%-ով [49]։ Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի պարագայում տնտեսական ոլորտում գլխավորը նոր ներդրումներ բերելն էր, և այդպիսով Թուրքիայի տնտեսական բարդ իրադրությունը որոշակի շտկելը։ 2022թ․ դեկտեմբերի սկզբներին հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիան շուտով 5 միլիարդ դոլար է ներդնելու Թուրքիայի ԿԲ-ում [50]։ 2022թ․ հուլիսին էլ հաղորդվել էր, որ ԱՄԷ-ն 10 միլիարդ դոլարի ներդրում է անելու Թուրքիայում [51]։

Նախորդ տարի 35%-ով աճել է Թուրքիայի ու Իսրայելի միջև առևտրի ծավալը՝ հասնելով 8․4 միլիարդ դոլարի։ Այդ մասին հայտարարվեց 2022թ․ դեկտեմբերի 6-ին Ստամբուլում Թուրքիայի ու Իսրայելի միջև վերջին 10 տարում անցկացված խոշորագույն առևտրային հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Իսրայելի Առևտրի պալատների ֆեդերացիայի ղեկավարությամբ 60 ընկերության` շուրջ 100 հոգանոց և Թուրքիայի արտահանողների ասամբլեայի (Türkiye İhracatçılar Meclisi, TIM) պատվիրակությունները [52]։ Թուրքիան ձգտում է թե՛ ստանալ իսրայելական գազ, թե՛ իսրայելական գազի համար վերածվել տարանցիկ երկրի։

Բնականաբար, միայն տնտեսական կողմը չէ, որ Թուրքիային մղում է այդ երկրների հետ հարաբերությունների կարգավորման․ ռազմաքաղաքական ու ներքաղաքական գործոններ նույնպես առկա էին: Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն թուրքական ԱԹՍ-երի խոշոր գնորդներ են, Իսրայելի հետ Թուրքիան կարող է իրականացնել ռազմատեխնիկական, հետախուզական համագործակցություն։ ԱՄԷ-ի պարագայում Էրդողանի համար առկա էր նաև ներքաղաքական լուրջ գործոն․ այդ երկրում բնակվում է թուրքական մաֆիայի պարագլուխներից Սեդաթ Փեքերը, ով սկանդալային բացահայտումներ էր իրականացնում Էրդողանի թիմակիցների մասին և սպառնացել էր Թուրքիայի գալիք ընտրություններից երկու ամիս առաջ նման բացահայտումներ անել արդեն Էրդողանի մասին։ Սիրիայի պարագայում Էրդողանը հարաբերությունների կարգավորման է գնում ավելի շուտ Վ․ Պուտինի պահանջով։ Թուրքիան փորձում է Եգիպտոսին համոզել հետ կանգնել Միջերկրական ծովում ջրատարածության բաժանման վերաբերյալ Հունաստանի հետ կնքած համաձայնագրից և նմանատիպ, սակայն (իր համար) ավելի շահեկան պայմանագիր կնքել Թուրքիայի հետ (դա նույնպես մտնում է Թուրքիայի տարածքը շրջանցող EastMed գազատարի նախագծի իրագործումը խափանելու թուրքական պլաններում)։

Այլ կերպ ասած՝ Էրդողանը հարկադրված է եղել ժամանակավորապես վերադարձ կատարել «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանը, որը թույլ կտա ոչ միայն բարելավել Թուրքիայի տնտեսական դրությունը, այլև մեծացնել արտաքին քաղաքական ոլորտում Թուրքիայի մանևրային հնարավորությունները և ստեղծել որոշակի հնարավորություններ տարածաշրջանային երկրների/ուժերի միջև միջնորդություն իրականացնելու համար։

Սակայն տվյալ հարցում հաջողելու համար Էրդողանը հարկադրված է եղել որոշակի հետքայլեր անել։ Որպես օրինակ կարելի է նշել Էրդողանի կողմից Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ հանդիպումը Դոհայում (20․11․2022), որին նա բազմիցս սուր քննադատության է ենթարկել Եգիպտոսում ռազմական հեղաշրջում իրականացնելու համար, անվանել է մարդասպան, միջազգային հանդիպումների շրջանակներում հրաժարվել է նրա հետ նստել ճաշկերույթի և այլն։ Նման իրավիճակ է տիրում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պարագայում, որին Էրդողանը խստապես քննադատել է վերջին 12 տարում․ վերջին ամիսներին Էրդողանը քանիցս հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ասադի հետ՝ ընդգծելով, որ վիրավորված/խռոված լինելը տեղ չունի քաղաքականությունում։ Սաուդյան Արաբիայի պարագայում Էրդողանը զոհաբերեց 2018թ․ հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործը, որը նա փորձում էր որպես լծակ օգտագործել սաուդական իշխանությունների դեմ։ Թուրքիայում դատական այդ գործը պաշտոնապես փակվեց 2022թ․ հունիսի 26-ին (ի պատասխան՝ Սաուդյան Արաբիան վերացրեց թուրքական ապրանքների ներկրման բեռնարգելքը) [53]։

Եվ թեև այդ հետքայլերը որոշակի բացասական ազդեցություն ունեցան Էրդողանի վարկանիշի վրա, ընդդիմությունն ու սոցցանցերի օգտատերերի մի մասը քննադատեց ու ծաղրեց նրա այդ պահվածքը, այնուամենայնիվ, Էրդողանը գնաց այդպիսի քայլերի՝ գիտակցելով, որ դրանք թեկուզև ներկայումս բացասաբար են ազդում իր իմիջի վրա, սակայն միաժամանակ լավ հիմք են ստեղծում երկրի տնտեսական դրությունն արագորեն բարելավելու և այդպիսով իր վարկանիշն ամրապնդելու համար (հաշվի էր առնվում, որ ժամանակի ընթացքում հասարակությունը կսկսեր մոռանալ Էրդողանի տվյալ հետքայլերը)։

Երրորդ կարևոր գործոնն առնչվում է Շվեդիայում Ղուրանն այրելու միջադեպին․ 2023թ․ հունվարի 21-ին Դանիայի և Շվեդիայի քաղաքացի, ծայրահեղ աջ հայացքներով Ռասմուս Պալուդանը Ղուրանն այրեց Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց [54]։ Տվյալ քայլը դատապարտվեց թուրքական իշխանական ողջ վերնախավի կողմից, Անկարայում Շվեդիայի դեսպանը կանչվեց Թուրքիայի ԱԳՆ, չեղարկվեց Շվեդիայի պաշտպանության նախարարի հրավերն Անկարա և այլն։ Կարճ ասած՝ Ստոկհոլմում Ղուրանի այրումը «փոթորիկ» առաջացրեց Թուրքիայի իշխանությունների մոտ, որոնք անմիջապես օգտվեցին ընձեռնված հնարավորությունից՝ ավելի հիմնավոր ձևով ձգձգելու համար ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումը։ Ի պատասխան՝ Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլսթրյոմը հայտարարեց, որ իրենք պատշաճ կատարում են 2022թ․ հունիսի 28-ին Մադրիդում Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի միջև եռակողմ հուշագրով ստանձնած պարտավորությունները՝ ընդգծելով, որ դրանում ներառված չէ կրոնի թեման [55]։

Թուրքական կողմը, այդպիսով, գնաց «լուն ուղտ դարձնելու» ճանապարհով, ինչն ուներ երկու հիմնական պատճառ։ Դրանցից երկրորդական նշանակությանն այն էր, որ դրանով թուրքական իշխանությունները ծառայություն էին մատուցում Ռուսաստանին, որին մեծապես ձեռնտու է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության ձգձգումը (հաշվի առնելով Բալթյան տարածաշրջանում նրա կարևոր աշխարհագրական դիրքը, ափագծի երկարությունը, Գոթլանդ կղզու գործոնը)։ Ի դեպ, շվեդական մամուլը գրել է, որ Ռասմուս Պալուդանը կապված է եղել Ռուսաստանի Գլխավոր հետախուզական ծառայության հետ և գործել է նրա թելադրանքով [56] (Ռուսաստանն այդպիսով սեպ էր խրում/ավելի էր մեծացնում անջրպետը Թուրքիայի ու Արևմուտքի միջև)։

Սակայն Ղուրանի հրկիզման դեպքն Էրդողանի համար առաջին հերթին կարևոր էր այն առումով, որ այն «գալիս էր հիմնավորելու» նրա կողմից չարչրկված «Արևմուտքի իսլամատյաց լինելու» թեզը։ Էրդողանը պատրաստվում էր(է) նախընտրական շրջանում մեծապես օգտվել ընձեռնված հնարավորությունից՝ (մարտին մեկնարկելիք) իր նախընտրական արշավը երկրի ներսում և նաև արտասահմանաբնակ թուրքերի շրջանում կառուցել հակաարևմտյան տրամադրություններ բորբոքելու, (ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը մի քանի ամիս ձգձգելով) տվյալ թեման շարունակ թարմ պահելու և հասարակության զգալի մասն իր շուրջ կոնսոլիդացնելու վրա։ Սակայն 2023թ․ փետրվարի 6-ին Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում գրանցված ավերիչ երկրաշարժերը զգալի խնդիրներ առաջացրեցին այս հարցում։

Շարունակությունը՝ շուտով:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

[1] Bahçeli’den seçim tarihi açıklaması, DW, 17․01․2023․

[2] Erdoğan seçim tarihi için 14 Mayıs’ı işaret etti: 73 yıl sonra bir daha aynı gün…, Evrensel, 18.01.2023.

[3] Erdoğan’dan seçim açıklaması: 10 Mart’ta yetkimi kullanacağım, BirGün, 22․01․2023․

[4] “Erdoğan üçüncü kez aday olamaz, ama biz 14 Mayıs’a hazırız”, Bianet, 26․01․2023․

[5] “2018’de Kronometre Sıfırlandı”, Voa Türkiye, 28.01.2023.

[6] Cumhurbaşkanı Erdoğan seçimlerin 14 Mayıs’ta yenilenmesine ilişkin kararı imzaladı, Anadolu, 10․03․2023․

[7] Kemal Kılıçdaroğlu’ndan ‘beşli çete’ çıkışı, Cumhuriyet, 17․11․2022․

[8] Kılıçdaroğlu: “Bu rüşvet paralarının hesabı sorulacak!”, Sözcü, 28․12․2013․

[9] Kılıçdaroğlu: 15 Temmuz kontrollü darbe girişimidir, BBC Türkçe, 03.04.2017.

[10] Erdogan: Sultan of 21st-century Turkey, DW, 07․08․2018․

[11] ‘Türkiye Book’ to promote country’s name, vision worldwide: Altun, Daily Sabah, 17․01․2023․

[12] Başbakan Erdoğan, Menderes’in rekorunu kırdı, Habertürk, 19.03.2013.

[13] AK Parti’den 6’lı Masa’ya yanıt: Erdoğan 2028’de aday olmak isterse o zaman Meclis kararına ihtiyaç var, Independent Türkçe, 26.01.2023.

[14] Seçim Kanunu’ndaki değişiklikler yürürlüğe girdi, DW, 06.04.2022.

[15] 6’lı masada şimdi de Abdullah Gül çatlağı! Meral Akşener karşı çıkıyor, Ahaber, 03.09.2022. Տե՛ս նաև Altılı Masa’da Abdullah Gül krizi! Halk TV manşet yaptı! Meral Akşener ile Abdullah Gül…, Internet Haber, 18.01.2023.

[16] HDP’ye bakanlık tartışmasına Akşener noktayı koydu, Haber61, 06.09.2022.

[17] Ümit Özdağ: Meral Akşener, siyasal kampanyasını yöneten kişiye, “Erdoğan’ı cumhurbaşkanı seçiyoruz, bana gerekçesini sorma” demiş, T24, 26․01․2023․

[18] Abdulkadir Selvi, Cumhurbaşkanı adayının açıklanma tarihi öne çekildi, Hürriyet, 01.02.2023.

[19] Akşener altılı masadan ayrıldı, Türkiye haber, 03.03.2023.

[20] İmamoğlu ve Yavaş, Akşener ile görüştü; cumhurbaşkanı yardımcılığı önerisi, DHA, 06․03․2023․

[21] Kemal Kılıçdaroğlu Altılı Masa’nın Cumhurbaşkanı adayı oldu, Sözcü, 06.03.2023.

[22] Ruşen Çakır, Tüm yönleriyle Ekrem İmamoğlu ve Mansur Yavaş, Medyascope, 23.12.2019.

[23] İmamoğlu’na 2 yıl 7 ay 15 gün ceza, Yeniçağ Gazetesi, 14․12․2022․

[24] İmamoğlu’na ‘ihaleye fesat karıştırma’ iddiasıyla dava açıldı, Yeni Akit, 11.01.2023.

[25] AYM karar verdi: HDP’nin hazine yardımına bloke koyuldu, NTV, 05․01․2023․

[26] Anayasa Mahkemesi, HDP’nin “kapatma davasının seçim sonrasına bırakılması” başvurusunu reddetti, Anadolu, 26.01.2023.

[27] HDP’nin savunma süresi 11 Nisan’a ertelendi, Dünya Gazetesi, 09․03․2023․

[28] HDP’ye kapatma davasında Yargıtay Cumhuriyet Başsavcısı AYM’ye sözlü açıklamasını yaptı, Evrensel, 10․01․2023․

[29] Diyarbakır Cezaevi 42 yıl sonra kapatıldı, DW, 13.10.2022.

[30] Erdoğan’ın Diyarbakır ziyareti oyları geri getirecek mi?, DW, 07.07.2021.

[31] Gençlere oy kullandırmamak için erken seçim kararı aldılar, Bir Gün, 25.01.2023.

[32] Ocak’ta yıllık enflasyon TÜİK’e göre yüzde 57, ENAG’a göre yüzde 121, BBC Türkçe, 03․02․2023․

[33] Enflasyon 1998’den beri en yüksek düzeyde: Yüzde 85,51, BBC Türkçe, 03․11․2022․

[34] TÜİK: Türkiye ekonomisi 2022’de yüzde 5,6 büyüdü, DW, 28.02.2023.

[35] İthalat-ihracat dengesi 2022: Dış ticarette son 27 yılın en yüksek açığı, EuroNews, 02.01.2023.

[36] Türkiye’nin turizm geliri 2022’de yıllık yüzde 53,4 arttı, NTV, 31.01.2023.

[37] Türkiye’ye 2022’de 44,5 milyon yabancı turist geldi, Sözcü, 31.01.2023, տե՛ս նաև 2022 yılında 51 milyon 387 bin turist geldi, Turizm Güncel, 31․01․2023․

[38] Cumhurbaşkanı Erdoğan: 2023 yılında uygulanacak net asgari ücret 8 bin 506 lira, Anadolu, 22․12․2022․

[39] EYT yasası TBMM’de kabul edildi, En Son Haber, 01.03.2023.

[40] Cumhurbaşkanı Erdoğan’dan EYT açıklaması, Bloomberg HT, 14․12․2023․

[41] Cumhurbaşkanı Erdoğan, sosyal konut projesini tanıttı, Anadolu, 13.09.2022.

[42] Erdogan to Forgive Debt of Turks in Pre-Election Voter Giveaway, Bloomberg, 23.01.2023.

[43] Erdoğan: Doğal gaz gibi elektrikte de indirim bekliyoruz, CNN Türk, 01.03.2023.

[44] Elektrik ve doğalgaz müjdesi geldi… Şubat ayı itibarıyla “yüzde 16” indirim, Akşam, 31.01.2023.

[45] Yusufeli Barajı ve HES açıldı, NTV, 22.11.2022.

[46] Eğiste Hadimi Viyadüğü bugün açılıyor, 26․11․2022․

[47] Հայկ Գաբրիելյան, Ուկրաինական ճգնաժամն ու Թուրքիայի դիվանագիտությունը, ՄԱՀՀԻ, 25․11․2022․

[48] Putin’den Erdoğan’a seçim kıyağı… 20 milyar dolar… Odatv olacakları yazmıştı, OdaTV, 30.12.2022.

[49] Türkiye’nin Suudi Arabistan’a ihracatı yüzde 90’dan fazla düştü, EuroNews, 25․03․2021․

[50] Suudi Arabistan’dan Türkiye’ye yatırım, Hürriyet, 08․12․2022․

[51] BAE’den Türkiye’ye 10 milyar dolarlık yatırım bütçesi, En Son Haber, 15․07․2022․

[52] İsrailli iş heyeti, İstanbul’da Türk ihracatçılarla bir araya geldi, Bloomberg HT, 06․12․2022․

[53] Cemal Kaşıkçı davası resmen kapatıldı: ‘Prens gelmeden dava düşürüldü’, Cumhuriyet, 26.06.2022.

[54] İsveç’te ırkçı lider Kuran yaktı, Bianet, 21.01.2023.

[55] İsveç’ten Erdoğan’a Kur’an-ı Kerim yanıtı: Din, anlaşmamızın parçası değil, BasNews, 01․02․2023․

[56] Russian military intelligence operation in Sweden, besides blocking the nation’s NATO membership bid, could raise the level of terrorist threat in the country, RLI, 24.01.2023.

Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ

Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա)

քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող

 «Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031