Aravot.am-ը դժգոհություններ է ստացել տարբեր դպրոցների ծնողներից, որ ջեռուցումը մարտի 1-ից անջատված է, սակայն երեխաները դպրոցում մրսում են եւ ստիպված են դասի նստել վերարկուներով ու բաճկոններով:
Թեմայի վերաբերյալ Aravot.am-ին Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնեցին, որ իրենք առաջնորդվում են գոյություն ունեցող եղանակային չափորոշիչներով, եւ այնպես չէ, որ միշտ ջեռուցումը մարտի 1–ից անջատվում է, կամ նոյեմբերի 1-ից միացվում:
Քաղաքապետարանից հայտնեցին, որ նշված չափորոշիչների համաձայն՝ եղանակն այնպիսին է, ջերմաստիճանն այնքան բարձր է, որ ջեռուցումը դպրոցներում անջատվում է, ինչպես անցյալ տարի չմիացվեց նոյեմբերի 1-ից, քանի որ դրսում +25 աստիճան տաք էր: Նաեւ նշեցին, որ ներկայումս ջեռուցումն անջատված է ոչ բոլոր դպրոցներում ու նույն դպրոցի ոչ բոլոր դասարաններում, դա կախված է դպրոցի աշխարհագրական դիրքից, շենքի՝ արեւկող կամ ցուրտ լինելուց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ