Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ էության, Լավրովը վերահաստատեց Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների չարաբաստիկ դիրքորոշումը. Սողոմոնյան

Մարտ 21,2023 15:54

«Ուշադրության էր արժանի այն հանգամանքը, որ, ըստ էության, Լավրովը վերահաստատեց Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների չարաբաստիկ դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնորոշումը Արցախի հայերի անվտանգության և իրավունքների հարցն է: Առաջին հայացքից՝ սա քննադատելի ձևակերպում է, որովհետև դա առնվազն հարգանքի բացակայություն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, որը դրսևորվել է 1991թ դեկտեմբերի 10-ին և քանիցս տարբեր քաղաքական գործողությունների միջոցով հաստատվել է այդ դիրքորոշումը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»․ այս մասին այսօր «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց 5165 շարժման հիմնադիր անդամ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով նախորդ օրը կայացած ասուլիսին ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հայտարարություններին:

Նրա դիտարկմամբ, Հայաստանի Հանրապետության ցանկացած գործընկեր, նույնիսկ դաշնակից Ռուսաստանը, Արցախի կարգավիճակի հարցում չեն կարող ավելի բարձր նշաձող սահմանել, քան Հայաստանի գործող իշխանությունները:

«Եթե կհիշեք՝ Լավրովի այդ արտահայտությունը արվեց Արարատ Միրզոյանի արտահայտությունից հետո, որով հերթական անգամ Արարատ Միրզոյանը հարցի լուծման ուղղությունը ցույց տվեց Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև, այսինքն` նույնիսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն սահմանումը չօգտագործվեց, ուղղակի երկխոսության վերաբերյալ: Դրան ի պատասխան՝ Լավրովն ասաց, որ այո, շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության հարցն ու իրավունքները: Այստեղ կարևորն ու հատկանշականն այն է, որ Լավրովը խոսեց Դոնբասի էթնիկ ռուսների, Կոսովոյի կոնֆլիկտների հետ համեմատությամբ: Լավրովն ասաց, որ եթե Դոնբասում ևս մարդկանց հիմնարար իրավունքները, ժողովուրդների էթնիկ իրավունքները, լեզուն ազատորեն օգտագործելու հնարավորությունները, այսինքն` եթե չտարվւ ասիմիլիացիոն քաղաքականություն, այսպիսի խնդիրներ չէին ծագի: Բնականաբար, եթե Լեռնային Ղարաբաղը ինքնորոշվում է, հետևապես նշանակում է, որ խնդիր կա և այդ խնդիրը ցեղասպանվելուց փրկվելու մեջ է: Այս պարագայում, եթե Լավրովը իրավունքների և անվտանգության հարց է մատնանշում, բայց դա անում է չցեղասպանվելու համատեքստում, իսկ մենք տեսնում ենք իրականությունը և իրականությունն այն է, որ Ադրբեջանը հետևողական կերպով առաջ է տանում Արցախի հայերի ցեղասպանության գործընթացը, որին պետք է հաջորդեն Հայաստանի Հանրապետության հայերի նկատմամբ համանման գործողությունները, հետևապես այս կարևոր վերապահումը պետք է ընդունել որպես դիվանագիտական ենթատեքստ և տողատակ»,-ասաց նա՝ կրկնելով, որ եթե ՀՀ իշխանությունները մինիմալիստական քաղաքականություն են որդեգրել Արցախի կարգավիճակի հարցում, ապա որևէ գործընկերոջից ավելին չպետք է ակնկալել:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ղարաբաղի դեպքում պետք է ապահովվի այն իրավունքների փաթեթը, որը ժամանակին ապահովվել է Կոսովոյի բնակիչների համար։

Անդրադառնալով Փաշինյանի ասուլիսում հնչեցրած այն արտահայտությանը, թե Ադրբեջանը Հայաստանից ցեղասպանելու մանդատ է պահանջում ՝ Մենուա Սողոմոնյանն ասաց. «Երբ մատնանշում եք, որ Փաշինյանը մի կողմից շեշտում է ադրբեջանցիների կողմից արցախցիներին ցեղասպանելու ցանկությունը, մյուս կողմից՝ խոսում է խաղաղության օրակարգի այլընտրանք չունենալու մասին՝ դրանով իրենք մոլորեցնում են ժողովրդին: Իբր թե հնարավոր է զուտ դիվանագիտական բանակցությունների միջոցով ապահովագրել Արցախի ժողովրդին ցեղասպանվելուց: Բնականաբար դա հնարավոր չէ, քանի որ Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունների համակարգն այնպիսին է, որ յուրաքանչյուր պետություն իր անվտանգությունն ավելացնում է ինքնօգնության սկզբունքով: Ինքնօգնությունը մեր տարածաշրջանի միջազգային հարաբերությունների, համակարգի կարևորագույն բնութագրիչն է»:

Նրա խոսքով՝ Հայաստանը կորցրել է այս ինքնօգնության սկզբունքը, հետևաբար բանակցությունները միայն վերբալ բնույթ են կրում: «Արցախի հարցում Հայաստանն իր բոլոր հաղթաթղթերը զիջել է, դրանով չի կարող ապահովել խաղաղության դարաշրջանը»,-ամփոփեց բանախոսը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031