Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկարողացանք Արևմուտքից ստանալ ռեալ երաշխիքներ․ տապալվեց մեր արևմտյան դիվանագիտությունը։ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հետ էլ չստացվեց»․ Արթուր Խաչիկյան

Մարտ 21,2023 15:42

«Փլուզված է և′ մեր անվտանգության համակարգը, և′ մեր անվտանգային ներուժը, դիվանագիտությունը»,-«Հայաստանի անվտանգության փլուզված համակարգը» թեմայով պանելային քննարկման ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ, Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

Նա փաստեց՝ աշխարհը գնում է դեպի երկրորդ սառը պատերազմ, որը կարող է տաք պատերազմի վերածվել, աշխարհը գնում է դեպի բևեռացման, ուստի ըստ նրա՝ մեր պես պետությունների համար ընտրություն կա՝ Արևմուտքի հետ ենք, կամ ՌԴ-ի, կամ պետք է այնպիսի ներուժ ունենալ, որ չեզոք մնանք, ինչպես փորձում են անել Թուրքիան, Վրաստանը, Չինաստանը։ Քաղաքագետը նկատեց․ «Մենք չարեցինք որևէ մեկը։ Չկարողացանք ոչ Արևմուտքից ստանալ ռեալ երաշխիքներ՝ կառուցելով անվտանգային հարաբերություններ, գոնե ինչ-որ սպառնալիք Ալիևին, անգամ դա մեզ չհաջողվեց։ Տապալվեց մեր արևմտյան դիվանագիտությունը։ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հետ էլ չստացվեց։ Այսպիսի վիճակում հայ-ռուսական հարաբերությունները երբևէ չեն գտնվել։ Բացեիբաց ծաղրում են մեր ղեկավարին, ինչը վիրավորական է։ Մենք չկարողացանք գոնե այնպիսի ներուժ ստեղծել, որ կարողանանք գոնե մենք մեզ օգնել»։

Արթուր Խաչիկյանի կարծիքով՝ վտանգ կա, որ կարող են Իրանի դեմ սկսվել օդային հարձակումներ, ինչը կարող է որպես պատրվակ օգտագործվել Ադրբեջանի կողմից, և Ադրբեջանն անցնի հարձակման, գուցե փորձի Սյունիքն ու միջանցքը զավթել․ «Գնում է Արևմուտք-ՌԴ պայքար։ Զուգահեռ երկու գործընթացներ են ընթանում, իսկ մենք կարծես հիպնոտիկ վիճակում լինենք։ Կարծես ուրիշ մոլորակում ենք ապրում»։

Անդրադառնալով Սերգեյ Լավրովի հայտարարություններին՝ մասնավորապես, որ ՌԴ-ն չի պատրաստվում հանդուրժել այս ամենը և հարցին՝ ՀՀ իշխանությունները դրանից որևէ հետևություն արե՞լ են, քանի որ Լավրովի կողմից դիվանագիտական լեզվով հնչեցվեցին սպառնալիքներ, քաղաքագետը պատասխանեց․ «Պարզ է, որ ՌԴ-ն համարում է, որ իրենք են բերել այս խաղաղությունը, դուք փորձում եք գողանալ մեր դիվանագիտական հաղթանակի արդյունքները․ թույլ չենք տա։ Պարզ է, որ մենք փորձում ենք տեսնել, թե ինչ կարող ենք ստանալ Արևմուտքից և ՌԴ-ից։ Բայց, ցավոք, մեզ ոչինչ չի հաջողվել։ Արևմուտքն ընդհանրապես չի խոսում որևէ կարգավիճակի մասին։ Լավրովը զուգահեռներ է փորձում ստեղծել։ Կլինի մշակութային ինքնավարություն, մայրենի լեզվով խոսելու իրավունք, ինքնորոշումը չի բացառվում։ ՌԴ-ն փորձեց կարգավիճակի մասին խոսել, բայց Ադրբեջանը չի ընդունում։ Նրանք ակնարկներ անում են, իսկ թե ի վերջո դա ինչի է հանգեցնելու, պարզ չէ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Արդեն բոլոր հնարավոր հարթակներով ռուսական ԳՌՈՒ-ի սույն Ստենֆորդյան ագենտը ահ ու սարսափ է տարածում ամեն ինչ մանիպուլացնելով․․․ հերիք չէ սրան տիրաժավորեք

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031