Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի համայնքային գրադարանները դառնան արդի միջավայրեր»

Մարտ 21,2023 15:26

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը  հանդիպել է հայաստանյան հրատարակչությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Հանդիպմանը հրավիրված էին նաև նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի ազգային գրադարանի և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրենները:

Քննարկման առանցքում համայնքային գրադարանների վերափոխման և զարգացման, դրանց կառավարումը մասնավոր կազմակերպություններին պատվիրակելու և կառավարման նոր մոդելի մշակման հնարավորությունների ու նպատակահարմարության հարցերն էին :

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ խորհրդային տարիներին ձևավորված գրադարանային համակարգը տարբեր գործընթացների արդյունքում ենթարկվել է էական փոփոխությունների: Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջացել քայլեր ձեռնարկելու համայնքային գրադարանների վերափոխման և զարգացման ուղղությամբ, գտնելու կառավարման այն մոդելը, որը համահունչ կլինի արդի մարտահրավերներին և պահանջներին:

«Հրատարակչական գործունեությամբ Դուք խթանում եք ընթերցանության զարգացումը, որը շատ կարևոր է։ Բացի բուն հրատարակչական գործունեությունից՝ իրականացնում եք բազմաթիվ այլ ծրագրեր և նախաձեռնություններ: Խնդիրները բազմաթիվ են, և մենք քաջատեղյակ լինելով առկա մարտահրավերներին՝ առաջարկում ենք համատեղ մտածել ենթակառուցվածքների կառավարման մոդելի շուրջ. ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի համայնքային գրադարանները դառնան արդի միջավայրեր, հրատարակչական գործունեություն ծավալող կազմակերպությունները կկարողանա՞ն այն վերափոխել նոր հարթակի՝ ընթերցանության, գրքերի քննարկումների, կրթամշակութային ծրագրերի, միջոցառումների իրականացման, երիտասարդների ժամանցի կազմակերպման համար՝ դիտարկելով նաև տարածքում գրավաճառ հատվածի առկայությունը: Մեր առաջարկն է՝ համատեղ մշակել կառավարման այնպիսի մոդել, որը կխթանի գրահրատարակչություն-գրադարաններ-կրթամշակութային կյանքի ակտիվացումը՝ դիտարկելով նաև պետություն-մասնավոր գործընկերության սկզբունքի կիրառումը»,- դիմելով ներկաներին՝ նշել է Ժաննա Անդրեասյանը։ Նա նաև հավելել է՝ ոլորտի այն ներկայացուցիչների հետ, որոնք կցանկանան համագործակցել, նախարարությունը պատրաստակամ է քննարկել համատեղ անելիքները, հանգամանորեն աշխատել նախագծի իրականացման ուղղությամբ, այնուհետև համայնքներից մեկում գործարկել այն՝ որպես պիլոտային ծրագիր, շարունակական և կայուն գործունեության պարագայում՝ փորձարկվող մոդելը կապելով դպրոցների և կրթական գործընթացների հետ:

Նախարարի դիտարկմամբ՝ համայնքային գրադարանների տարածքում անհրաժեշտ է ձևավորել ամբողջական մի միջավայր՝ գրադարանի լիարժեք գործունեությամբ, ընթերցանության պարտադիր բաղադրիչով, վերլուծական մտքի զարգացման, մտածողության ձևավորման առանցքային նախապայմանով: Այն նախաձեռնությունների իրականացման, քննարկումների, հանդիպումների սիրված վայր կդառնա մարզերի և համայնքների երիտասարդների համար:

Հրատարակչությունների ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել են մի շարք հարցեր՝ կապված ենթակառուցվածքների զարգացման, վերանորոգման, տեխնիկական միջոցների թարմացման և այլնի վերաբերյալ:

Ժաննա Անդրեասյանը հանգամանորեն ներկայացրել է պիլոտային ծրագրի ֆինանսավորման մեխանիզմներն ու ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հնարավոր գործիքակազմը:

Համայնքային գրադարանների վերափոխման և զարգացման, կառավարման մոդելի մշակման նպատակով նախարարն առաջարկել է ներկայացնել դիտարկումներ և առաջարկություններ, որոնք կքննարկվեն առաջիկայում:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031