Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն այսօր ամենաշատն է խոսում ինքնորոշման իրավունքից, իսկ ՔՊ-ից չկա գեթ 1 շնչավոր էակ, որն այդ մասին կխոսեր»․ Մամիջանյան

Մարտ 21,2023 14:38

«Ամիսներ առաջ կար ՌԴ միջնորդության տարբերակ, եւ ըստ ՌԴ նախագահի՝ Արցախի կարգավիճակը թողնվում էր ստատուս քվոյի պահպանմամբ՝ հետագայում որոշելու համար։ Պաշտոնական Երեւանը հրապարակային համաձայնեց եւ առաջարկներ տվեց Ադրբեջանին Վաշինգթոնում, ինչը ծիծաղելի եւ վտանգավոր է, եւ ասաց, որ պատրաստ է ստորագրել նաեւ մյուս միջնորդական ծրագիրը, որն առհասարակ չի ներառում Արցախի մասին հիշատակում։ Հիմա ակնկալում եք, որ ՌԴ-ն մեզանից ավելի հայանպաստ ու արցախամետ կլինի՞»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ մարտի 20-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ղարաբաղի դեպքում պետք է ապահովվի այն իրավունքների փաթեթը, որը ժամանակին ապահովվել է Կոսովոյի բնակիչների համար։ Մամիջանյանը նշեց․ «Փաստենք, որ ՌԴ-ն աշխարհում այսօր ամենաշատն է խոսում ինքնորոշման իրավունքի մասին։ Հասկանալի չէ, թե ՀՀ-ն ինչո՞ւ չի կարողանում դա օգտագործել, որովհետեւ գործընթացի հիմքում ինքնորոշման իրավունքն է։ Առնվազն հետագայում ինքնորոշման իրացման հույսով հանդերձ՝ ՀՀ իշխանությունն իրեն անհասկանալի պահեց եւ Արցախի հակամարտության հետ կապ չունեցող Ալմա Աթայի հռչակագիրը բերեց-մտցրեց օրակարգ։ Անգամ Ադրբեջանը նման բան չարեց։ Պրահայում իշխանությունը դա ստորագրեց։ Ամենաահավորը․ ՔՊ-ից չկա մի շնչավոր էակ, որը կխոսեր ինքնորոշման իրավունքի մասին»։

Լրագրողները հիշեցրին, որ Լավրովը եւս կարծես թե պաշտպանում է Փաշինյանի մոտեցումը, որ Բաքուն եւ Ստեփանակերտը պետք է երկխոսեն։ Հայկ Մամիջանյանը շեշտեց՝ Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները չարիք են, որովհետեւ Արցախն այդպես հավասարը հավասարի հետ չի բանակցում Ադրբեջանի հետ․ «Փաշինյանն ասաց, որ պայմանավորվել էին տեխնիկական-հումանիտար հարցերի շուրջ, մինչդեռ Ադրբեջանը դա դարձրեց «վերաինտեգրում»։ Սուտ է ասում, որովհետեւ նոյեմբերի իննից Ադրբեջանի բոլոր պաշտոնյաները քանիցս ասել են, որ Ստեփանակերտի հետ բանակցելու են բացառապես «վերաինտեգրացիայի» տրամաբանության մեջ։ Ուստի իշխանությունը դա գիտեր ու գիտակցաբար տարել էր դեպի «վերաինտեգրացիա»։ Եվ Ալեն Սիմոնյանը երեկ դա չբացառեց»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031