Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին ճնշման մեծ հավանականություն կա, գերծանրաբեռնված են. դատախազներին աշխատավարձից բացի հավելավճար են տալու՝ դրույքաչափի 92%-ի չափով

Մարտ 21,2023 14:09

Այսօր ԱԺ նիստում Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արեւիկ Ավոյանը քննարկման ներկայացրեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Առաջարկվում է նոտարների կողմից կնքվող առքուվաճառքի եւ այլ պայմանագրերը էլեկտրոնային եղանակով ներկայացնել կադաստր, դա այլեւս չի անի քաղաքացին: Շատ դիմումներ, որոնք խիստ նույնականացում չեն պահանջում, լինելու են էլեկտրոնային՝ e-cadastre կայքի միջոցով:

ՀՀ-ում առկա ճանապարհները գրանցված չեն, դրանց վերաբերյալ չկան վկայականներ, պիկետաժավորում, ինչի պատճառով այդ ճանապարհների կառավարումը դժվարանում է: Ուստի առաջարկվում է ՀՀ սեփականությունը համարվող ճանապարհային ցանցն իր զոնայով գծել եւ իրավունքի պետական գրանցում անել:

Առաջարկվում է նաեւ ստեղծել անշարժ գույքի վրա կիրառվող սահմանափակումների մեկ միասնական էլեկտրոնային բազա:

Հաջորդ կարգավորմամբ մինչեւ 2006 թվականի հուլիսի 29-ը բնակելի, խառը կառուցապատման կամ տնամերձ հողամասում սեփականության իրավունքով օրինական գրանցված 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող կիսակառույց անհատական բնակելի տունը, դրա օժանդակ եւ տնտեսական շինությունները, որպես ավարտված շինություն, կարող են գրանցվել եւ ավարտական ակտ ստանալ, եթե որակավորված անձի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով չափագրման նյութերի փաթեթ ներկայացնեն: Գործող կարգավորումներով որեւէ մեխանիզմ չկար, միայն տանիքը կառուցում էին, գրանցում ու հետո ավելացնում պատուհան, կատարում փոփոխություններ ու այդպես էլ ավարտական փաստաթուղթ չէին կարողանում ստանալ: Անօրինական շինությունները չեն մտնում այս կարգավորման տակ:

Նիստում քննարկվեց նաեւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանը, ներկայացնելով այն, ասաց, որ առաջարկվում է դատախազներին վճարել ամսական հավելում պաշտոնական դրույքաչափի 92%-ի չափով: Թե ինչու են որոշել այսքան ավելացնել դատախազների վարձատրությունը, բացատրում են այսպես՝ քրեական վարույթի ժամանակ արտաքին ճնշման բարձր հավանականություն կա, գերծանրաբեռնված են, հանրային բարձր պատասխնատվություն ենթադրող ու մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն պետք է ապահովել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031