«Հայաստանի իշխանությունը երկիրը վերածել է աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի։ Երկու հարթակներին «այո» ասելը բերել է մի վիճակի, երբ ՀՀ-ն «ճողվել» է այդ երկու՝ Մոսկվայի եւ Վաշինգթոնի հարթակների միջեւ։ Այդ երկու հարթակներին «այո» ասելով՝ դառնում ես աշխարհաքաղաքական մանրադրամ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ արեւմուտքը մտադիր է գժտեցնել Ռուսաստանին եւ Հայաստանին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունն արդեն գիտի, թե ինչ է բերելու ժողովրդի գլխին, բայց նախապես ուզում է մեղավոր կարգել ՌԴ-ին․ «Չի կարելի մտնել հակառուսական կամ հակաարեւմտյան դաշտ։ Արեւմուտքը մեր թշնամին չէ, բայց խնդիր ունի ՌԴ-ի հետ, եւ ՌԴ-ին այս տարածաշրջանից հեռացնելու գործիք դառնալուն ՀՀ իշխանությունը համաձայնություն է տվել։ Հետեւաբար, ՀՀ անվտանգությունը մեծ սպառնալիքի առաջ է։ Իշխանությունը բերել է մի իրավիճակի, որ հիմա փորձում է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից խաղաղություն ու անվտանգություն մուրալ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ