Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախարարի դիտարկումները միակողմանի են եւ սիրողական». Արեւ Սամուելյանը՝ Ժաննա Անդրեասյանի գրառման մասին

Մարտ 21,2023 12:57

Օրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Դվինում և Բջնիում առավել քան ակնհայտ տեսել է, թե ինչպես չի կարելի վերականգնել հուշարձանը։ Ապա նշել էր. «Ամեն օր Հայաստանի՝ երկնքի տակ բաց թանգարան լինելու մասին խոսելով, 1995 թվականից ի վեր որևէ հայտ չենք ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ նյութական մշակութային ժառանգության մասով, ու այս իմաստով երկրների շարքում նախավերջին տեղում ենք՝ կարծեմ Սենեգալից առաջ, իսկ մեր բացառիկ հուշարձանները իբրև թե վերականգնել ենք՝ գրեթե վանդալիզմի հասնող մոտեցմամբ»։

Արեւ Սամուելյան

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Մշակույթի նախարարի տեղակալ պաշտոնավարած Արեւ Սամուելյանի հետ, որը ժամանակին (2009-2018) հենց պատմամշակութային ժառանգության ոլորտն էր համակարգում: Տիկին Սամուելյանը նախարարի դիտարկումներն առնվազն տարօրինակ, սիրողական որակեց, ապա պարզաբանեց, թե ինչու:

«Շաբաթ օրը տիկին նախարարը սոցցանցի իր էջում քննադատական հրապարակում է արել, ինչը լուրջ տարակուսանք է առաջացրել մասնագիտական հանրույթի շրջանակում: Նշեմ, որ Բջնի ամրոցում վերականգնման աշխատանքները սկսվել էին դեռեւս 2005 թվականից եւ շարունակվել են մինչեւ 2016թ: Բջնի ամրոցի տարածքում որոշ կառույցներ են ամրակայվել, ներառյալ պարսպապատերը, գաղտնուղի է բացվել, Պահլավունիների ամրոցն է, որը շատ կարեւոր ռազմական նշանակություն է ունեցել: Վերականգնումը արվել է մասնագիտական նորմերին համապատասխան: Մինչև 2009թ արվել է տարածքի երկու կառույցի ամրակայում՝ եկեղեցու եւ մատուռի, սկսել էին պարսպապատերը, որը շարունակվել է մինչեւ այն նիշը, որքան հնարավոր է եղել: Միեւնույն ժամանակ ամրոցի մուտքը արված չէ, դեռ լիքը հարցեր կան: Կառավարության համապատասխան որոշմամբ տարածքը հայտարարվել է արգելոց ինչպես եւ Դվինը:

Դվին հնավայրում մասնակի ամրակայման և տարածքի բարեկարգման աշխատանքները պետական միջոցներով 2013թ-ին են սկսվել, այնուհետեւ ծրագիրը ընդգրկվել է Համաշխարհային բանկի Տեղական տնտեսության ենթակառուցվածքների զարգացման ծրագրի մեջ: Այդ ծրագիրն ունի մի քանի ենթածրագիր, որոնցից մեկը հուշարձանների ամրակայում, մասնակի վերականգնումն էր։ Վերականգնման նախագիծը անցել է բոլոր փուլերով, ուղարկվել ՅՈԻՆԵՍԿՕ, որովհետեւ Դվին հնավայրը, ի դեպ, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների նախնական ցանկում: Նախագծին տրվել է դրական կարծիք»,-նշեց Արեւ Սամուելյանը:

Ապա հավելեց. «Շատ լավ է, որ պետությունը հիմա ֆինանսավորում է լրացուցիչ պեղումները, եւ արշավախմբի ղեկավարը նախարարին ցույց է տվել ապագա թանգարանի տարածքը: Այդ նախագիծը պատրաստվում է մեր արվեստանոցի կողմից, դրա համար ես ինձ պատասխանատու եմ զգում: Ի դեպ, Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուի հիմնական մասը գոյացել է Դվինի պեղումներից, որոնք անընդմեջ են եղել (բացառությամբ 2-րդ աշխարհամարտի տարիները): Դվինը շատ լուրջ նշանակություն ունի հնագիտության, պատմական քաղաքաշինական գիտելիքի, ճարտարապետության առումով, այն եղել է լրջագույն մշակութային, վարչական, հոգեւոր մայրաքաղաք: Չնայած, արգելոցը 12 հա է հայտարարված, սակայն պատմական մայրաքաղաքը իրականում շուրջ 400 հա տարածք է զբաղեցնում: Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման (ՏՏԵԶ) ծրագրի վերականգնման ծրագրով արվել էր 3 օբյեկտ, ընդհանուր 4 կառույց է ամրակայվել (միանավ բազիլիկան ամրակայվել է պետական բյուջեով) , հիմքերի մակարդակը մեկ-երկու քարով բարձրացել է: Նշեմ, որ Դվինը այդքան պեղել են, սակայն երբևէ ամրակայման աշխատանքներ, թանգարանացում մինչև վերջերս արված չէր: Վերականգնման ընթացքում թե լիազոր մարմինն է՝ որպես վերահսկող, պարբերաբար այցելել, թե պատվիրատուն (Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը) եւ թե հեղինակները: Աշխատանքներն իրականացվել են այսօրվա մեր լավագույն վերականգնող շինարարների կողմից: Գուցե կան ինչ-ինչ խնդրահարույց հարցեր, որովհետեւ դեռ կիսատ է աշխատանքը»:

Մշակույթի նախկին փոխնախարարն ընդգծեց. «Ուրախ եմ, որ տիկին նախարարը բոլորին հրավիրում է այնտեղ այցելել, որովհետեւ գոնե այդ ձեւով Դվինը կմտնի զբոսաշրջային երթուղիների մեջ»:

Վերջում նշեց, որ Դվին մայրաքաղաքի թանգարանացման շուրջ մասնագիտական բազմաթիվ աշխատանքային քննարկումները հիմա էլ են շարունակվում՝ թե Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ, թե լիազոր մարմնի եւ թե Զբոսաշրջության կոմիտեի միջեւ, եւ յուրաքանչյուր կառուցողական քննադատություն հուշարձանին միայն օգուտ է բերում։

Անդրադառնալով Ժաննա Անդրեասյանի ասածին, թե 1995 թվականից ի վեր հայտ չենք ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ նյութական մշակութային ժառանգության մասով , Արեւ Սամուելյանը շեշտեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ծավալուն աշխատանք է արվել փոքր մարդկային ռեսուրսներով (այն դեպքում, երբ Ադրբեջանում ամբողջ գիտական ինստիտուտներ են աշխատել): Հիշեցրեց, որ Մշակույթի եւ ԱԳ նախարարությունների աշխատանքի արդյունքում Գեղարդը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայով անցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո, ապա հիշեցրեց, որ «Ոչ նյութական մշակութային ժառանգության» կոնվենցիայով ոչ նյութական մշակութային ներկայացուցչական ցանկում ներառվել են ՝ դուդուկը և իր երաժշտությունը 2008-ից, 2010-ին՝ Խաչքարի խորհուրդը, արվեստն ու խաչքարագործությունը, 2012-ին ցանկ է մտել «Սասունցի Դավիթ» կամ «Սասնա Ծռեր» էպոսի կատարողական դրսևորումները, 2014-ին՝ լավաշի մշակույթը, պատրաստումն ու ավանդույթները, 2017-ին ՝ Քոչարի հայկական ավանդական խմբապարը, այնուհետեւ հայկական տառարվեստը և մշակութային դրսևորումները, իսկ 2020 Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությունը (ԻԻՀ հետ համատեղ):

«Ի դեպ, մեր նախագծային խմբի կողմից որոշ աշխատանքներ ենք սկսել Դվին հնավայրը ըստ ընթացակարգի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակույթի և բնության համաշխար­հային ժառանգության պաշտպա­նության» կոնվենցիայով սահմանված ցանկ ներառելու ուղղությամբ, տեղեկատվությունը մեր մասով ամբողջացնելուց հետո, այն իհարկե տրամադրվելու է լիազոր մարմնին։ Հայտերի մասով նշեմ նաև «Աշխարհի հիշողություն»-ով Բյուրականի աստղադիտարանի հավաքածուի ընդգրկումը, Մատենադարանի հավաքածուի, Արամ Խաչատրյանի ․․․

Հա, հիշեցնեմ, որ մի ամբողջ 2012թ Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաք էր հռչակված, եւ աննախադեպ քանակով, 1000-ից ավել մեծ ու փոքր միջոցառումներ արվեցին թե հայաստանյան և թե միջազգային հարթակներում։ Տարին մեկնարկեց Վենետիկում՝ զուգահեռ երեք խոշորագույն մշակութային հարթակներում հայոց գրին, գրատպությանը նվիրված ցուցահանդեսով, ավարտվեց Երևանում՝ Մատենադարանի նոր մասնաշենքի, Կոմիտաս վարդապետի թանգարանի բացմամբ։ Մի խոսքով, ահագին մեծ գործ է արվել քիչ մարդկանցով, հիմա 5 տարի իրենք են իշխանության, ի՞նչ են արել: Ես նախարարի պաշտոնին լուրջ եմ վերաբերվում, հասկանում եմ, որ լինում են դեպքեր, երբ մարդ կարող է այլ կարծիք ձևավորել, բայց լավ կլինի, որ նախարարը նաեւ, օրինակ, վերականգնող մասնագետներին հրավիրի, լսի, որովհետեւ շատ միակողմանի են իր դիտարկումները»,-ասաց մեր զրուցակիցը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Quadrum Architectural Studio-ի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031