Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչպիսի՜ հիանալի իշխանություն են եղել, մի վճիտ անձնավորություն՝ Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը կամ մյուսները». Կոնջորյանը հեգնում է

Մարտ 21,2023 12:30

Այսօր ԱԺ նիստում«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հորդորեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին չվիրավորել իրենց խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի արժանապատվությունը ու չմեղադրել դավաճանության մեջ, եթե այդպիսի կասկածներ ունեն, դիմեն դատարան, որովհետեւ ինքը այդ ճանապարհով է գնացել ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործողությունների մասին հայց է ներկայացրել: Հիշեցնենք, որ Կոնջորյանը Թեւանյանին ասել էր՝ Ալիեւի թեզերի ջահակիրն է խորհրդարանում:

Անդրանիկ Թեւանյան

Հետո ելույթ ունեցավ Անդրանիկ Թեւանյանը եւ հայտարարեց. «Քաղաքական դեմագոգիայի տեխնոլոգիաներից մեկն այն է, երբ գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին»: Սա լսելով՝ ՔՊ-ն արձագանքեց ծափերով ու «այո՛» գոռալով: Թեւանյանի խոսքով՝ դավաճանությունից, Ալիեւին ծառայելուց խոսում են նրանք, ովքեր ամբողջ ադրբեջանական խոսույթը տեղափոխում են իրենց բառապաշարի մեջ. «Երբ որ Աստանայում Ալիեւը հայտարարեց, որ Պրահայում, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին եւ Ադրբեջանը արցախահայության հետ շփվելու է իրենց ներքին օրենսդրության շրջանակներում, որեւէ ծպտուն չլսվեց: Այդ այստեղ է, որ բլբուլ են կտրում, բայց այնտեղ որեւէ ծպտուն չլսվեց ու հետագայում էլ չի լսվեց: Ինչքան էլ ասեք՝ բա նախկինում, բա այն ժամանակ….փաստն այն է, որ ՔՊ-ն խաբել է քաղաքացիներին՝ իր նախընտրական ծրագրում գրելով մի բան, ընտրությունից հետո անելով լրիվ հակառակ բանը: Հալվա ասելով՝ բերանը չի քաղցրանում, եթե ասում եք խաղաղություն, չի նշանակում, որ խաղաղություն եք բերել: Դուք եք բերել պատերազմ: Բերել եք ՀՀ տարածքների կորուստ, բերել ու բերում եք պարտություն: Ձեր օրոք է եղել Արցախի շրջափակումը եւ ձեր օրոք է Ալիեւն այսքան լկտիացել»:

Հայկ Կոնջորյան

Քանի որ նիստին մասնակցում էին եւ ակամայից ընդդիմություն-իշխանություն վիճաբանությանը հետեւում էին Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի աշակերտները՝ Հայկ Կոնջորյանը, իր ելույթում դիմելով նրանց՝ ասաց. «Հորդորում եմ լինել պետության ազնվաբարո քաղաքացիներ, առաջին հերթին չլինել կաշառակեր, գող եւ ավազակ, ինչպես որ եղել են տասնամյակներ շարունակ այն մարդիկ, որոնց պատճառով ՀՀ-ն հայտնվել է այս վիճակում: Խոսվեց Հովիկ Աբրահամյանի մասին, դատախազությունը պահանջում է բռնագանձել 59 անուն գույք եւ 21 մլրդ դրամի չհիմնավորված հաշվի մնացորդ: Դրանք թվեր են, որոնք այսօր ձեզ շատ բան չեն ասի, երեխեք ջան, բայց այդ գումարով կարելի էր ձեր համար հարյուրավոր դպրոցներ, հազարավոր լաբորատորիաներ կառուցել, այնպես անել, որ Հայաստանում կրթությունը լինի ամենաժամանակակիցը՝ 21-րդ դարին համապատասխան: Այստեղ ընդդիմությունը մեջբերում է Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին, այս թվերը լսելուց հետո տպավորություն է, թե ինչպիսի հիանալի իշխանություն են եղել, մի վճիտ անձնավորություն՝ Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը կամ մյուսները»:

Կոնջորյանին փորձեց վարման կարգով արձագանքել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Փոխխոսնակ Հակոբ Արշակյանը անջատեց նրա խոսափողը ու թույլ չտվեց շարունակել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031