Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն ամբողջությամբ տեղավորվել է ադրբեջանական օրակարգում»․ Անդրանիկ Թեւանյան

Մարտ 21,2023 11:42

«Այսօր ականատես եղանք ստի եւ խաբեության հերթական դրսեւորմանը։ ՔՊ-ն փաստացի հրաժարվեց 2021թ․-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր իսկ նախընտրական ծրագրից։ Սա նշանակում է, որ իրենք ամբողջությամբ տեղավորվել են ադրբեջանական օրակարգում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ԱԺ լիագումար նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» մերժեց Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հեղինակած՝ ԱԺ հայտարարության նախագիծը։

«Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր նկրտումներն Արցախի հանդեպ, բայց Ալիեւի գործողությունների համար հիմք է հանդիսացել նաեւ Պրահայի հանդիպումը, որի ժամանակ իր եւ Փաշինյանի միջեւ եղել է համաձայնություն, որ Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում։ Երկրորդ հանգամանքն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները լարվածության եւ փչացման փուլում են, ինչը եւս թեւեր է տալիս Ադրբեջանին։ Երրորդ․ ի տարբերություն Վրաստանի, ՀՀ-ի իշխանությունը երկիրը դարձնում է աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ»,-համոզմունք հայտնեց Անդրանիկ Թեւանյանը։

Նրա խոսքով՝ այս երեք փաստերի հիմքով է ՔՊ-ն հրաժարվել միանալ իրենց հայտարարության տեքստին․ «Այս իրավիճակի փոփոխության համար անհրաժեշտ է ՀՀ-ի քաղաքականության փոփոխություն, ինչը ենթադրում է այլ իշխանություն, ինչը պետք է իրականացնել քաղաքական բոլոր հնարավոր գործիքակազմերով»։

Նկատառմանն ի պատասխան, որ քաղաքականության փոփոխությունը պահանջում է նաեւ փողոցային պայքար, բայց ընդդիմությունը դրա փոխարեն նախընտրում է ԱԺ ամբիոնից ելույթներ ունենալ, Անդրանիկ Թեւանյանն ասաց․ «Այն քաղաքական գործընթացները, որոնք չեն հանգեցրել արդյունքի, ենթակա են վերանայման, բայց դա չի նշանակում, թե քաղաքական պայքարը պետք է դադարեցնել»։

Հարցին, թե Արցախի շրջափակման հարցում ընդդիմությունն ինչո՞ւ միասնական ճակատով չի հանդես գալիս իշխանության հետ, Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց․ «Միասնականությունը լավ բան է, բայց այս իշխանության հետ դա հնարավոր չէ, որովհետեւ կա սկզբունքային, գաղափարական տարաձայնություն։ Իրենք Արցախը դիտարկում են Ադրբեջանի կազմում, իսկ մենք՝ ոչ։ Իրենք հրաժարվում են Արցախի ինքնորոշման հարցի բարձրաձայնումից, իսկ մենք՝ ոչ։ Այս իշխանության քաղաքականության պատճառով ենք այսօր այս վիճակում, ո՞նց կարող ենք իրենց հետ միասնական լինել։ Իրենց հետ լինել միասնական՝ նշանակում է լինել Ալիեւ-Էրդողան զույգի քաղաքականության մի մասը։ Պատերազմ ու պարտություն բերած, ստախոս իշխանության հետ ինչպե՞ս միասնական լինենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031