Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Արթուր Հարությունյան․ Բանակցությունները պետք է լինեն միջազգայնորեն ճանաչված երաշխիքների հիման վրա․ «Իրավունք»

Մարտ 21,2023 11:36

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի՝ Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին Բաքու հրավիրելու, շուրջ 100-օրյա շրջափակմանը դիմակայելու կամքի, միջազգային հանրությունից ակնկալվող գործուն քայլերի, ռուս խաղաղապահ զորախմբի գործադրած ջանքերի եւ սահմանադրական փոփոխությունների կարեւորության եւ ներքաղաքական զարգացումների մասին «Իրավունքը» զրուցել է Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի հետ, որը նախ անդրադարձավ շուրջ 100-օրյա շրջափակման դժվարությունները հաղթահարելու 30-ամյա աներեւույթ պայքարի ուժին։

– 100-օրյա շրջափակումը մեր 30 տարվա պայքարի շարունակությունն է: Մենք շարունակում ենք 30 տարի առաջ սկսած պայքարը հանուն մեր ինքնորոշման իրավունքի պահպանման: Դժվար է, դժվարը մեղմ է ասված, բայց դիմակայում ենք հանուն մեր երեխաների, հանուն այս հողում ընկած մեր հազարավոր տղաների ու հարյուրավոր ընկերների:

-Միջազգային հանրություն կոչվածից որեւէ ակնկալիք ունե՞ք, հաշվի առնելով, որ մինչ այս պահը նրանց արձագանքները հերթապահ հայտարարություններից, կոչերից այն կողմ չեն գնում:

– Մենք բազմիցս ընդգծել ենք, որ, այ՛ո, այդ կոչերը, հայտարարությունները, ընդունած բանաձեւերը ունեն իրենց դերն ու նշանակությունը: Բայց մենք նաեւ տեսնում ենք, որ մեր դիմաց Ադրբեջանն է, որն անտեսում է ամեն բան: Ուստի ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը առավել առարկայական գործողությունների դիմի, չբավարարվի միայն կոչերով, հայտարարություններով, բանաձեւերով: Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ քաղաքակիրթ աշխարհում Ադրբեջանը շարունակի էթնիկ զտման եւ ցեղասպանական քաղաքականությունը, ինչը բազմիցս ապացուցվել է Ադրբեջանի գործողություններով:

Այս պահին ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությունն է երաշխիք հանդիսանում, որպեսզի վերը նշված քաղաքականությունը ավատին չհասցվի: Իհարկե, կան որոշակի խնդիրներ այդ առաքելության իրականացման ընթացքում, բայց ընդհանուր առմամբ խաղաղապահ զորախմբի ներկայությունը եւ իրենց կողմից այդ սադրանքներին արձագանքելը հենց այդ երաշխիքներից մեկն է: Այնպես որ, մենք բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահների ներկայությունը եւ իրենց առաքելությունը Արցախում եւ գտնում ենք, որ իրենց առաքելությանը պետք է տրվի անժամկետ մանդատ, որպեսզի մենք կարողանանք խաղաղություն եւ կայունություն ապահովել:

– Այժմ Ադրբեջանն առաջարկում է առաջիկա օրերին երկրորդ հանդիպումն անցկացնել Բաքվում՝ քննարկելով, այսպես կոչված, «վերաինտեգրման», Արցախում «ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման» հարցեր:

– Մենք միշտ էլ խոսել ենք բանակցությունների կողմ լինելու մասին, սակայն, բանակցությունները չպետք է լինեն պարտադրանքի կամ նախապայմանների լեզվով խոսելու ձեւաչափով: Այսինքն, դրանք պետք է լինեն միջազգայնորեն ճանաչված երաշխիքների եւ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա: Այս դեպքում միայն կարեւոր չի լինի այլեւս հանդիպման վայրը, կամ մյուս տեխնիկական հարցերը: Սկզբունքորեն կարեւոր է, որ Ադրբեջանը հասկանա, որ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, եւ այդ հակամարտությունը պետք է կարգավորվի ոչ թե պարտադրանքի, այլ միջազգայնորեն ընդունված սկզբունքների հիման վրա:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031