Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քոչարյանը բանակցում էր ընդհանուր պետության շուրջ, համաձայն որի՝ ԼՂ հայությունը պետք է ունենար ադրբեջանական անձնագրեր, մի մոռացեք պատմությունը». Կոնջորյան

Մարտ 21,2023 11:32

Տեղեկացրել ենք, որ այսօր ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության հեղինակած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու առնչությամբ ՀՀ ԱԺ-ի հայտարարության նախագիծը ներկայացվեց: Այն բացասական եզրակացություն էր ստացել: Լիագումար նիստում ՔՊ-ն նորից չմասնակցեց քվեարկությանը:

Հիմնական զեկուցող Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ այս քվեարկությամբ ՔՊ-ն ցույց տվեց, որ խաբել են քաղաքացիներին, նախընտրական խոստում են տվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը հետապնդել, նույնիսկ խոսել են Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի մասին, խոսել են «Անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին ու չեն արել, հիմա էլ թեւեր են տալիս Ալիեւին՝ առաջին դեմքի մակարդակով հակառուսական հիստերիա բարձրացնելով:

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթում ասաց. «Ամիսներ առաջ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումից օրեր անց ԱԺ-ն ընդունել է հայտարարություն այս հարցի շուրջ, փորձել ենք ընդդիմադիր գործընկերների հետ համագործակցել, որ ունենանք միասնական տեքստ, չի հաջողվել: Այս հայտարարության նախագիծը չի լուծում այն խնդիրները, որի մասին հրապարակային հայտարարություն է անում ընդդիմությունը»:

Նա նաեւ որոշեց անդրադառնալ իր ձեւակերպմամբ՝ Թեւանյանի «էկզոտիկ» մտքերին. «Դուք խոսելով ղարաբաղյան հարցի վերաբերյալ եւ առկա անվտանգային իրավիճակի շուրջ, ըստ էության հանդես եք գալիս Իլհամ Ալիեւի պաշտպանության դիրքերից, դժվար է անտեսել արդեն ձեր ընդգծված խանդաղատանքը Ալիեւի նկատմամբ: Դուք ադրբեջանական թեզերի ջահակիր ասպետն եք մեր խորհրդարանում, ամեն անգամ գալիս եք այստեղ, առաջ եք մղում այդ նույն թեզերը: Ասում եք՝ ՔՊ-ն պատերազմի կուսակցություն է: Մենք խոսում ենք խաղաղությունից: Մենք փորձում ենք մեր բոլոր արտաքին քաղաքական գործիքակազմերով այնպես անել, որ ՀՀ-ի շուրջ իրավիճակը լինի կայուն, դուք ձեր սադրիչ խոսույթով ու տեքստերով փորձում եք տարբեր սադրանքներ գեներացնել: Մանտրայի պես գալիս կրկնում եք ինքնորոշման իրավունքի, Ղարաբաղի հարցի վերաբերյալ ձեր թեզերը: Եթե քաղաքական հիշողություն չունենանք, կմոռանանք, որ դուք ներկայացնում եք այն մարդու խմբակցությունը, խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, ով ժամանակին բանակցում էր ընդհանուր պետության շուրջ, համաձայն որի ԼՂ հայությունը պետք է ունենար ադրբեջանական անձնագրեր: Մի մոռացեք պատմությունը, որովհետեւ մենք չենք մոռանում եւ անընդհատ հիշեցնելու ենք ձեզ: Հերիք է գալ այստեղ ու զբաղվել Իլհամ Ալիեւի փաստաբանական գործունեությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031