Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ով է թեւեր տալիս Ալիեւին, ով է խաբել քաղաքացիներին, որ առաջնորդն է տուռնիկից ժիմ արել ու եկել ասել՝ դաշնակցի դրոշները խփեք սահմանին. Թեժ քննարկում ԱԺ-ում

Մարտ 21,2023 11:20

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության հեղինակած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու առնչությամբ ՀՀ ԱԺ-ի հայտարարության նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել:

Անդրանիկ Թեւանյան

Այսօր ԱԺ նիստի մեկնարկին հիմնական զեկուցող Անդրանիկ Թեւանյանը 3 րոպե ժամանակ ուներ՝ համոզելու, որ այն քննարկվի եւ քվեարկության դրվի նաեւ ԱԺ լիագումար նիստում: Նա հայտարարեց, որ Արցախն արդեն 100 օր է՝ շրջափակված է ու գոյաբանական խնդիրներ են առաջացել ավելի քան 120 հազար արցախցիների համար. «Մենք ներկայացրել ենք ԱԺ հայտարարության նախագծի լրամշակված տարբերակը, հանձնաժողովում մեզ համար անընդունելի պատճառաբանությամբ մերժվել է»:

Անդրանիկ Թեւանյանը նաեւ ասաց, որ վկայակոչելով 2022-ին Պրահայում ձեռք բերված համաձայնությունը եւ 2023-ի փետրվարի 18-ին Մյունխենում այդ համաձայնության վերահաստատումը՝ պաշտոնական Բաքուն խմբագրել է Բերձորի միջանցքի կարգավիճակին վերաբերող ձեւակերպումները եւ դիմել ագրեսիվ գործողությունների, որոնք արտահայտվում են նաեւ ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ծավալապաշտական նկատառումներով:

Մարիա Կարապետյան

Հարակից զեկուցող, ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյաննն ասաց, որ հենց միայն այդ նախադասության, այդ ձեւակերպման համար, որ Պրահայում ձեռք բերված համաձայնությամբ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, այսինքն՝ կրկին Լաչինի միջանցքի փակման համար պատասխանատվության բաժին սահմանելը նաեւ ՀՀ-ի համար, կարող է հիմք հանդիսանալ հայտարարության տեքստի մերժման համար:

Նա նաեւ նշեց, որ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ փորձել են գտնել ընդհանուր եզրեր, աշխատել որոշ բառերի լրամշակման վրա, բայց ընդդիմությունը գտնում է, որ ՀՀ-ն պետք է կոշտ դիրքորոշում ներկայացնի խնդրի հետ կապված միջազգային հանրությանը, իսկ իշխանությունը գտնում է, որ ՀՀ դիրքորոշումը պետք է ներդաշնակեցնել միջազգային հանրության դիրքորոշման հետ, որովհետեւ ՀՀ-ն միայնակ չի կարող տարածաշրջանի դեմ պայքարել:

Քվեարկության դրվեց նախագիծը լիագումար նիստերի օրակարգում քննարկելու հարցը եւ 28 «կողմ» ստացավ, ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը:

Արծվիկ Մինասյան

Ավելի ուշ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ չեն կարողանում մեր պետականության համար կարեւորագույն հարցերի վերաբերյալ ունենալ միասնական տեսակետ. «Քաղաքական մեծամասնություն ասում էր՝ լավ կլինի այս նախագծերը համատեղ քննարկել: Մենք փորձեցինք այդ ճանապարհը, առաջարկեցինք քննարկել: Առաջարկվում էր հրաժարվել Լեռնային Ղարաբաղ բառից, ինքնորոշման իրավունքը չշեշտել, հրաժարվել հանձնառությունից: Փաստ է, որ Ալիեւն իր հանցավոր վարքագիծը ցուցաբերելու համար անընդհատ շահարկում է Պրահայի եւ մյուս հանդիպումները: Մեր առաջարկն է, որ եթե նման շահարկումներ են լինում, փոխարինենք բառը, օրինակ, խեղաթյուրում է այդ հանդիպումների էությունը եւ այլն: Մենք նաեւ առաջարկել ենք՝ հայտարարեք, որ չկա նման համաձայնություն եւ ֆիքսենք, որ խեղաթյուրում է Ալիեւը եւ ցանկանում է միջազգային հանրությանն ապակողմնորոշել»:

Թեւանյանն էլ հայտարարեց, որ այս քվեարկությամբ ցույց տվեցին, որ խաբել են քաղաքացիներին, նախընտրական խոստում են տվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը հետապնդել, նույնիսկ խոսել են Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի մասին, խոսել են «Անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին: Նա թվարկեց, թե ովքեր եւ ինչպես են թեւեր տալիս Ալիեւին՝ առաջին դեմքի մակարդակով հակառուսական հիստերիա է բարձրացվում ՀՀ-ում, խաղաղության օրակարգը ձախողվել է եւ ՀՀ իշխանությունն ասում է՝ մենք ոչինչ անել չենք կարող:

Վահագն Ալեքսանյան

Ի պատասխան՝ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հորդորեց Պրահայի փոխարեն խոսել Փառուխի դեպքերից. «Ասեք՝ Փառուխն եղավ, որովհետեւ գիտեին, որ Պրահա է լինելու: Ոչ մեկն այդքան միամիտ չի: Ձեր առաջնորդն էր նախընտրական շրջանում գնում տուռնիկից ժիմ էր անում, հետո գալիս հարցազրույց էր տալիս, որ ՀՀ բոլոր զորքերը պետք է տանեիք պատերազմ, սահմանին տեղադրեիք մեր դաշնակցի դրոշները: Սեպտեմբերի 11-ին արի ու տես, որ էդ դաշնակցի դրոշները կային, բայց դրոշի տակ կանգնող մարդիկ չգիտես ինչի մի փոքր շուտ լքել էին սահմանի այդ տարածքը: Բոլոր հոդվածներով դիմել էինք ՀԱՊԿ, մեր դաշնակիցները չեկան: Խաբելու մասին, որ խոսում եք, խնդրում եմ ավելի հստակ խոսեք: Շատ բան կա ասելու»:

Արծվիկ Մինասյանը բարկացավ. «Մենք պետք է կարողանանք մեր սկզբունքը առաջ տանենք: Մեր նպատակն էր, որ ՀՀ ԱԺ-ն իր վճռական խոսքն ասի, որ ՀՀ-ն հանձնառու է արցախահայության եւ Արցախի Հանրապետության պաշտպանության գործում եւ սա որեւէ իշխանություն չի կարող ուղղակի անտեսել: Անտեսողը կենթարկվի պատասխանատվության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031