Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրանն ու Հնդկաստանը գնահատում են Հայաստանի տարանցիկ ներուժը․ «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 21,2023 11:02

Ադրբեջանի սադրիչ գործողությունները, աշխարհաքաղաքական պայքարը Սյունիքի համար, տարածաշրջանային որոշ խաղացողների փորձերը՝ խափանելու համար միջանցքի այլընտրանքային երթուղիների ստեղծումը նվազեցնում էին մեր պետության գրավչությունը, սակայն Իրանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների վատթարացումը, որն այսօր հասել է նախապատերազմական վիճակի, ամրացնում է Հայաստանի՝ որպես տարանցիկ երկրի, հնարավորությունները: Միաժամանակ առավել ընկալելի են դառնում թուրք-ադրբեջանական զույգի հեռագնա նպատակները, որոնք ճանապարհային ու էներգետիկ նախագծերը դիտարկում են ոչ թե որպես խաղաղ ու փոխշահավետ գոյակցության հիմք, այլ որպես հարեւաններին կախվածության մեջ գցելու եւ հետագայում նրանց խժռելու միջոց:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրան կատարած վերջին այցի ընթացքում նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել Քաջարանի թունելի կառուցման վերաբերյալ: 7.2 կիլոմետր երկարություն ունեցող թունելի շինարարական աշխատանքները, ըստ նախատեսվածի, պետք է սկսվեն 2023 թ. գարնանը: Երկու երկրները համաձայնության են հանգել «Հյուսիս-Հարավ» միջանցքի շինարարության նախագծի իրացման վերաբերյալ Նորդուզի սահմանից մինչեւ Վարզագան ու Թավրիզ: Հայաստանն արդեն 260 մլն դոլար է ծախսել այն հատվածների շինարարության համար, որոնք «Հյուսիս-Հարավ» ճանապարհի մաս են կազմում:

Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ապա արդեն 2023 թ. ամռանը կվերականգնվեն այն ճանապարհները, որոնք դուրս են գալիս Իրանի հետ սահման: Խոսքը «Տրանշ-4»-ի շրջանակներում 32 կմ հատվածի մասին է, որն սկսվում է Ագարակ համայնքից, անցնում է Վարդանիձոր գյուղով եւ հասնում Քաջարանի թունել: Վերանորոգումից հետո մայրուղին կհամապատասխանի երկրորդ տեխնիկական կարգին: Այն կունենա երկու շարք, 18 կամուրջ եւ երեք թունել: Թույլատրելի արագությունը՝ 80 կմ /ժ: Բեռնատարների համար առանձին շարք է նախատեսվում:

Հայաստանի 2023 թ. բյուջեի համաձայն՝ այս տարի «Հյուսիս-Հարավ» նախագծի շինարարությունը կիրականացվի 50.5 մլրդ դոլարի շրջանակներում: Այս ամենը նշանակում է, որ Հայաստանը շարունակում է մնալ նախագծի մասնակիցների շարքում: «Հյուսիս-Հարավ» նախագիծը կկրճատի Իրանի սահմանից մինչեւ Վրաստանի սահման ճանապարհը՝ 556-ից հասցնելով 490 կմ-ի եւ կհեշտացնի ոչ միայն Հայաստանի, ալյեւ Իրանի ելքը Սեւ ծով: Սակայն Հայաստանը չի սահմանափակվում միայն «Հյուսիս-Հարավ» եւ «Պարսից ծոց-Սեւ ծով» նախագծերում իր դերակատարության շուրջ առաջացած հարցերի լուծմամբ, այլեւ հանդես է գալիս նախաձեռնողականությամբ, ինչը որոշ առումով պատասխան է թշնամաբար տրամադրված պետությունների կողմից իրականացված Հայաստանի մեկուսացման քաղաքականությանը:

Հայաստանը Հնդկաստանին առաջարկել է Սեւ ծովով առեւտրային միջանցք ստեղծել՝ հնդկական ապրանքների տեղափոխությունը դեպի Ռուսաստան եւ Եվրոպա ավելի արագացնելու համար։ Առաջարկն արվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Հնդկաստան կատարած այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է «The Economic Times»-ը։ Ինչպես նշում է թերթը, Հայաստանի ու Հնդկաստանի միջեւ հարաբերությունները ջերմացել են պաշտպանական ոլորտում ակտիվ համագործակցության շնորհիվ: Առեւտրային միջանցքը կանցնի «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքին զուգահեռ։ Այն Իրանի եւ Հայաստանի միջոցով Մումբայը կկապի Եվրոպայի հետ՝ շրջանցելով Ադրբեջանը, որի հետ Հնդկաստանը սառը հարաբերություններ ունի Թուրքիայի եւ Պակիստանի հետ վերջինիս սերտ կապերի պատճառով։

Ըստ «Economic Times»-ի՝ միջանցքը լրացուցիչ երթուղի կստեղծի՝ շրջանցելով Սուեզի ջրանցքը՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ առճակատումից խուսափելու համար։ Քանի որ նոր սառը պատերազմը խաթարում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի տնտեսական, քաղաքական հարաբերությունները, Ռուսաստանի ու Եվրոպայի սահմանով անցնող ապրանքների ցանկացած լայնածավալ տարանցում չափազանց ռիսկային է թվում միջազգային լոգիստիկ, ապահովագրական ընկերությունների համար: Նշված տրանսպորտային նախագծերում, որոնք հեռանկարում կարող են վերաճել նաեւ էներգետիկ նախագծերի, ի՞նչ դեր կարող է ունենալ Բաքուն, որը սեփական ձեռքերով փոս է փորել իր համար՝ հակադրվելով Իրանին ու Հնդկաստանին, որոնք այդ նախագծերում առաջնակարգ դեր ունեն…

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031