Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Խանջյան. Մինչեւ Հայաստանն ուժեղ չլինի, իր շուրջը չհամախմբի սփյուռքի եւ Արցախի ժողովրդի ուժերը, անհնար է, որ մեր դիրքորոշումն ու պահանջը հարգվեն. «Հրապարակ»

Մարտ 21,2023 10:37

Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրը։ Արցախահայության նկատմամբ Բաքվի ագրեսիայի նոր դրսեւորումն ուղեկցվում է հարյուր հազարավոր մարդկային ճակատագրերի խաթարմամբ, ԼՂ-ում հումանիտար, էներգետիկ ու բովանդակ ճգնաժամի ստեղծմամբ, էթնիկ զտումների քաղաքականությամբ, միջազգային հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարմամբ, համաշխարհային հանրության դատապարտող կոչերի անտեսմամբ եւ այլն։ Ի՞նչ մտորումներ ու, առավել եւս, ի՞նչ անելիք ունի այս հարցում հայկական սփյուռքը՝ Ադրբեջանին ճնշելու եւ արցախահայության հիմնարար իրավունքները պաշտպանելու հարցում։
«Հրապարակ»-ի զրուցակիցը Ֆրանսիայի Իսե լե Մուլինոյի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանն է։

– ԵՄ-ն Հայաստան է գործուղել քաղաքացիական առաքելություն, որի կազմում նաեւ ֆրանսիացի ժանդարմներ են։ Որքանո՞վ կարող է դա զսպել Ադրբեջանի ռազմական նկրտումներն ու տարածքային պահանջները՝ հաշվի առնելով այն, որ Բաքուն չի կատարում Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:

– Չեմ կարծում, որ Եվրամիությունը կամ ԵՄ-ի անդամ երկրները դիտորդական առաքելություն ուղարկելով կկարողանան ապահովել արցախահայության անվտանգությունը, այդ թվում՝ լուծել Լաչինի միջանցքի հարցը։ Եթե կարողանային, մինչեւ այսօր կանեին։ Մինչդեռ Ուկրաինայում պատերազմից անմիջապես հետո միանգամից արձագանքեցին եւ գործուն քայլեր ձեռնարկեցին Կիեւին քաղաքական, ռազմական եւ հումանիտար աջակցություն տրամադրելու ուղղությամբ։ Արցախյան 44-օրյա պատերազմից անցել է գրեթե 2,5 տարի, եթե փափագում են Հայաստանին ու Արցախին օգտակար լինել, կարող էին, չէ՞, այս ամբողջ ընթացքում որեւէ կոնկրետ գործողություն անել, օգնություն ուղարկել։ Կրկնում եմ՝ ցավոք, աշխարհի ուժային կենտրոնների, միջազգային խաղացողների, այդ թվում՝ Ֆրանսիայի համար հայկական հարցը, ԼՂ հիմնահարցն այն մակարդակի, աստիճանի ու կարեւորության վրա չէ, որպեսզի նրանք առավել աշխույժ եւ գործուն աջակցություն ցուցաբերեն հայությանը։

– Մինչ Հայաստանի իշխանությունները խոսում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության մասին, Բաքվի բռնապետը շարունակում է սպառնալ ու մեղադրանքներ հնչեցնել ՀՀ-ի ու Լեռնային Ղարաբաղի հասցեին՝ հայտարարելով, թե ԼՂ-ում ապրող հայերի վերաինտեգրումն անխուսափելի է, եւ որ դա իրենց ներքին հարցն է այլեւս։ Դուք, իբրեւ հայկական սփյուռքի ակտիվ գործիչ, հավատո՞ւմ եք Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության հաստատմանը։

– Ինչպես ասում են՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Դժբախտաբար, Հայաստանն այսօր տկար է, հետեւապես՝ Ադրբեջանը շարունակում է հիմնականում անպատիժ գործել՝ միայն փոքր դիտողությունների կամ դատապարտող հայտարարությունների արժանանալով։ Մինչեւ Հայաստանն ուժեղ չլինի, իր շուրջը չհամախմբի սփյուռքի եւ Արցախի ժողովրդի ուժերը, անհնար է, որ մեր դիրքորոշումն ու պահանջը հարգվեն։ Եթե խոսում ենք խաղաղության մասին, պետք է լինենք այնպիսի ուժ, որի հետ հաշվի են նստում բոլորը, այդ թվում՝ թշնամիները։ Ինչո՞ւ եմ ասում «թշնամի» եւ ոչ՝ «հարեւան երկիր»։ Եթե Ադրբեջանում նույնիսկ դպրոցական տարիքից սերմանում են, որ իրենց ամենամեծ թշնամին հայերն են, ապա մենք էլ պիտի նույն խոսույթն օգտագործենք։ Կարծում եմ, ՀՀ ներկայիս իշխանություններն իրենց շատ խեղճ են պահում, ինչից Ադրբեջանը խանդավառվում եւ անում է այն, ինչ ուզում է։ Սա ինձ համար շատ ցավալի ու մտահոգիչ է։ Ելքը մեկն է՝ պետք է համախմբված լինենք, գիտակցենք մեր ազգային շահն ու հանուն մեր ժողովրդի անվտանգության ավելի պահանջատեր դառնանք եւ խուսափենք տարբեր ծուղակներ ընկնելու վտանգից, այլ խաբկանքներից։

Արա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031