Անդրադառնալով վերջին շրջանի քրեական հետապնդումներին, խոսելով նաև Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքի որոշման մասին՝ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան, ԱՀ նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, հաշվի առնելով նախ այն, որ կալանավորման որոշումը կայացվել է մի գործով, որի վաղեմության ժամկետը մի քանի ամսից լրանում է, շեշտեց. «Կա վաղեմության ժամկետի խնդիր: Սա նշանակում է, որ ինչքան էլ իրավապահ մարմինները արագ գործեն, մինչև վաղեմության ժամկետի լրանալը օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չեն հասցնի ունենալ: Սա նշանակում է նաև, որ անձի նկատմամբ պատիժ նշանակվել չի կարող, ինչն իր հերթին նշանակում է, որ անձը որոշակի անօրինականություններ կատարելու որևէ շարժառիթ չունի: Այս փաստն արդեն իսկ ցույց է տալիս չհիմնավորված տարբերակված մոտեցման մասին և էական հանգամանք է Գ. Խաչատուրովի նկատմամբ թիրախավորումը հաստատելու համար»:
Նա ընդգծեց նաև երկրորդ հանգամանքի՝ գործի բուն էության մասին. «Բոլորովին այլ անձի գույքի հետ կապված հարցեր են առաջացել, որը Խաչատուրովն ինչ-որ գործարք կատարելիս գրավ է դրել: Իշխանությունները հանրությանը համոզիչ ապացույցներ չեն ներկայացրել առ այն, որ Գ. Խաչատուրովն ուղիղ կապ ունի այդ գույքի հետ: Սա լրացուցիչ փաստարկ է, որը ցույց է տալիս, որ այդ քրեական հետապնդման հիմքում ոչ թե իրավական, այլ քաղաքական նկատառում կա: Առհասարակ, այս իշխանություններն ամենևին ու երբեք չեն խորշել քրեական հետապնդումների գործիքակազմն ի շահ իրենց օգտագործելու գայթակղությունից: Ես կարծում եմ՝ նմանատիպ այլ դեպքեր ևս կտեսնենք: Այս իշխանությունները ցույց են տվել, որ ոչնչի առջև կանգ չեն առնելու և չեն մտածում այն մասին, թե ինչ է իրենց սպասվում, երբ իրենք դադարեն իշխանություն լինել: Ես միայն ուզում եմ հույս հայտնել, որ ինչ էլ մեր երկրում լինի, ապագա իշխանությունները ոչ թե բարությանը, այլ արդարությանը տուրք կտան»:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում