Լրահոս
Օրվա լրահոսը

Լայքասեր իշխանություն

Մարտ 21,2023 10:00

Ենթադրենք, Ֆեյսբուքում գրանցված է մի քանի միլիոն հայ, որոնց 90%-ին չի հետաքրքրում, որ 120 հազար հայեր պաշարման մեջ են, իսկ 10%-ին դա հետաքրքրում է: Համապատասխանաբար, միայն 10%-ն է արձագանքում Արցախի շրջափակման մասին նյութերին, իսկ 90%-ը հետեւում է օրվա լուրերին, որոնց մի մասն ինքնաբերաբար է ծնվում, իսկ մյուսը միտումնավոր նետվում է դաշտ:

Իրականում դրանք, որպես կանոն, լուրեր չեն: Լուրը, նորությունը այն փաստն է, որի մասին դու երեկ չգիտեիր, իսկ այսօր իմացար: Երբ X գործիչն Y գործչի մասին վատ բան է ասում, դա լուր չէ, որովհետեւ X-ն ու Y-ն իրար մասին այդ բոլոր բաները մի հարյուր անգամ արդեն ասել են: Բայց օգտատերերի մեծամասնության մոտ, կարծես թե, արդեն կախվածություն է առաջացել՝ հինգ րոպեն մեկ վերցնել հեռախոսը եւ ստուգել, թե ինչեր են նրանք իրար մասին խոսել, եւ ամենակարեւորը՝ ինչպես են դա նրանց «ուզողներն» ու «չուզողները» մեկնաբանում: Պարզ է՝ որքան ագրեսիվ եւ մաղձոտ լինեն ասածներն ու մեկնաբանությունները, այնքան մեծ լսարան է հավաքվում: Հասկանալի է նաեւ, որ ոչ կարեւորը եւ ոչ լուրը ջախջախիչ առավելություն ունեն կարեւորի եւ լուրի հանդեպ:

Ինչի՞ մասին է խոսում այդ վիճակագրությունը: Ճիշտն ասած՝ դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, դա լուրջ հետազոտությունների առարկա է: Ինձ ուրիշ հարց է հետաքրքրում՝ արդյո՞ք մեր կյանքում մենք պետք է առաջնորդվենք այդ վիճակագրությամբ: Որքա՞ն դիտում կա, որքա՞ն՝ «լայք», որքա՞ն մարդ է մեզ սիրում կամ ատում, ի՞նչ են մարդիկ մեր մասին խոսում… արդյոք դրա՞նք են մեր գոյության հիմնական հարցերը:

Ամբողջ խնդիրն այն է, որ մեր իշխանության գործունեության հիմքում դրված են հենց այդ չափանիշները: Դրանով են նրանք որոշում, թե որքանով ճիշտ կամ սխալ, հաջող կամ անհաջող քայլ են կատարել: Աստված մի արասցե՝ եթե վաղը Ադրբեջանն էլի ինչ-որ տարածք գրավի Հայաստանի Հանրապետությունից, իսկ վարչապետն ասի, որ դա 5-րդ շարասյան մեղքն է, եւ այդ ասածը 10 հազար «լայք» հավաքի, ապա իշխանությունն իր առաքելությունը կհամարի հաջողությամբ կատարված: Այսինքն՝ կարեւորը ոչ թե տարածքը կորցնելն է, այլ «լայքեր» ստանալը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Զարգացման մի լավ ցուցանիշ կա, դա քանակական ցուցանիշն է, երբ քանակը որակի է անցնում, օրինակ, ընտանիքը զարգանում է եւ նոր որակ է ձեռք բերում, երբ ընտանիքի երեխաներն են շատանում, համայնքը զարգանում է, երբ համայնքի ընտանիքներն են շատանում, պետությունը զարգանում է, երբ պետության համայնքներն են շատանում, վերպետական կառույցները զարգանում են, երբ նրա պետություններն են շատանում, Մարդկությունը զարգանում է, երբ նրա կայսրություններն են շատանում եւ այդպես շարունակ..)
    Ինչպես նորածին երեխային են տնով տեղով ու գերդաստանով ծառայում, որ առողջ ապագա ծնող մեծանա, այնպես էլ նորածին ընտանիքին են ամբողջ համայնքներով ու պետություններով ծառայում, որ առողջ ընտանիք մեծանա, նմանապես, պետություններն ամեն կերպ ծառայում են նորածին համայնքին, որ առողջ ապագա հասուն համայնք մեծանա, հասուն կայսրություններն էլ ամեն կերպ ծառայում են նորածին պետություններին, որ առողջ ապագա հասուն պետություն մեծանա.. Ինչպես նորածինների մասին ենք հոգ տանում, նմանապես էլ հոգ ենք տանում տատիկ պապիկների նկատմամբ, ասենք’ եթե կա մանուկների մանկապարտեզ, պետք է լինի ուրեմն պապիկ տատիկների պարտեզ: Սա է իմ պատկերացրած աշխարհակարգը: Ով սրա հետ համաձայն է, ինքնուրույն այս ուղղությամբ մտածում է ու գործում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031