Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջադարձ՝ Իշխան Վահանյանի գործով․ տուժող զինծառայողը չպնդեց, որ նրան անձամբ է տեսել փախուստի դիմելիս

Մարտ 20,2023 23:13

Ինչպես հայտնել էինք, Իշխան Վահանյանի գործով դատական նիստում այսօր տուժողի կարգավիճակում հարցաքննվել էր 44-օրյա պատերազմի մասնակից Ռուսլան Թումանյանը, որն ուշագրավ  մանրամասներ էր հայտնել Խուռհատ սարի պաշտպանության եւ այնուհետեւ՝ դեպի Հադրութ նահանջի մասին։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արցախի ՊԲ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ լքել մարտադաշտը՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին․ 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր՝ գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո հրաշքով հաջողվել է փրկվել: Նա իրեն մեղավոր չի ճանաչում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ 2020-ի հոկտեմբերի 9-ից Իշխան Վահանյանը, նշանակվելով ՊԲ N զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Արցախ՝ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա։ Հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է նշված վայր եւ գումարտակի անձնակազմով դիրքավորվել։ Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, հակառակորդը անցել է հարձակման, Վահանյանը մարտի դաշտը լքել է: Հետո պարզվել է, որ աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային թեթեւ մարմնական վնասվածքը որպես հիմք ներկայացնելով՝ դիմել է հիվանդանոց:

Ռուսլան Թումանյանի հարցաքննության վերջում եւս մեկ ուշագրավ փաստ չի հայտ եկավ։ Նա հրաժարվեց նախաքննական ցուցմունքներում քննիչին ասած մի դրվագից։ Հանրային մեղադրողն ընթերցեց ցուցմունքի հետեւյալ հատվածը․ «Ես Իշխան Վահանյանի փախուստն անձամբ եմ տեսել։ Նա արագ քայլելով, վիրավորում չունեցողի տպավորություն թողնելով՝ գնաց դեպի մեքենան ու հեռացավ, ինչն ինձ համար անսպասելի էր ու զարմանալի։ Անձնակազմի տղաների մոտ եւս զարմանք ու հիասթափություն առաջացավ»։

Ապա հանրային մեղադրողը հիշեցրեց Ռուսլան Թումանյանին, որ հարցաքննության ժամանակ երեք անգամ հարցադրումը հնչել է եւ նա երեք անգամ պատասխանել է, որ Վահանյանը քայլելով, առանց վիրավորում ստանալու գնացել է դեպի մեքենան, նստել ու հեռացել։

Ռուսլան Թումանյանը պատասխանեց․ «Քննիչին տված ցուցմունքում ես երեւի նկատի եմ ունեցել, որ մեքենայի մոտ է գնացել՝ դեպի ներքեւ»։ Հանրային մեղադրողը նորից ընթերցեց այդ հատվածը, սակայն Թումանյանի համար խնդրո առարկան հասկանալի չէր։ Դատավորը նրան բացատրեց, որ նախաքննական ցուցմունքում ասել է, թե ինչպես է տեսել Վահանյանի փախուստը, բայց այսօր դատարանում պնդել է, թե նման բանի ականատես չի եղել․ «Ձեր վրա ճնշումնե՞ր են եղել»։

Տուժողի լռությունը վրդովվեցրեց դահլիճում ներկա ու տուժողի կարգավիճակ ունեցող մյուս անձանց՝ զոհված զինծառայողների ծնողներին։ Նրանք հորդորեցին ճիշտն ասել։ Դատավորը հրահանգեց չմիջամտել ու Թումանյանին նորից խնդրեց պարզաբանել հակասությունը։ Ռուսլան Թումանյանը պատասխանեց․ «Երեւի ուրիշ բան եմ հիշել կամ մոռացել եմ դա հետո»։

Հարցին՝ հիմա ո՞րն է ճիշտը, Ռուսլան Թումանյանը պատասխանեց․ «Այն, ինչ հիմա ասեցի»։

 

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031