Դատարանն այսօր քննեց ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովին 1996 թվականին սպանելու համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը:
Մհեր Ենոքյանի կնոջ, նրա շահերը ներկայացնող Զարուհի Մեժլումյանի խոսքով՝ Ենոքյանի մասին դրական եզրակացություն են տվել ոչ միայն քրեակատարողական հիմնարկից, այլեւ՝ պրոբացիայի ծառայությունից: Դատարանում այսօր ներկայացվեցին Ենոքյանի ձեռքբերումները, թե այս տարիների ընթացքում ինչ մրցումների է մասնակցել, որտեղ է ուսանում, ինչ կրթություն է ստացել, ինչ աշխատանքներ է տարել։ Սպանվածի քույրը նկատում է՝ Ենոքյանը, երբ իր եղբորն էր սպանում, կրկին ուսանող էր ու իր ինտելեկտն այն ժամանակ էլ չխանգարեց, որ հանցագործություն կատարի:
«Մարդ, որ չի զղջում իր արածի համար: Դեմ ենք, որ նման երեւույթը լինի ազատության մեջ իմ երեխեքի, իմ ընկերների երեխեքի կողքին: Իրականում նենգաբար պլանավորել ու իրագործել է այդ սպանությունը, իհարկե, մենակ չի եղել, հետը կար նաեւ Արամ Հարությունյանը, որը 15 տարի նստել, դուրս է եկել: Դա չի նշանակում, որ իրեն չենք մեղադրում, որ չենք ցանկանում, որ ինքը նույնպես ցմահ ազատազրկված լիներ եւ չապրեր ազատության մեջ: Ես չեմ հավատում, որ ինչ-որ մեկը կարող է փոխվել: Ինքը, ի սկզբանե, ընդունել է մեղքը, հետո սկսել է հրաժարվել: Հիմա փորձում է գցել Արամ Հարությունյանի վրա՝ հաշվի առնելով, որ երկրորդ անգամ նրան նույն հանցանքի համար չեն դատի»,- ասաց Ելենա Աղաջանովան:
«Մենք չենք խնդրել, այլ՝ պետական հիմնարկն է նման միջնորդություն ներկայացրել: Դա իրավունք է, որը նախատեսված է Քրեական օրենսգրքի 85 հոդվածով»,- Aravot.am-ին ասաց Մեժլումյանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Ելենա Աղաջանովայի ասածներին, թե 1996-ին Ենոքյանի ինտելեկտը չխանգարեց հանցագործություն անել՝ Զարուհի Մեժլումյանն այսպես արձագանքեց. «Գնում ենք հուզական դաշտ, դա իմ կարծիքով ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Այդ մարդը 27 տարի վիճարկում է դատական ակտը, որը 11 օրվա դատաքննությամբ է կայացվել: 27 տարի անձը պատիժ է կրել, անձի բնութագրիչները դրված են պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հիմքում: 1996-ի դեպքը բերել ու էլի ասել, որ այդ իրավունքը չպիտի ունենա, հակաիրավական մոտեցում է: Իրենց դիրքորոշումը մեզ համար պարզ է։ Իրենց լսելի լինելու իրավունքը նույնպես պահպանված է»:
Զարուհի Մեժլումյանի խոսքով, ութերորդ ամիսն է ՝ Ենոքյանն արդեն ցածր անվտանգային գոտում է, ուսանում է, երկրորդ կրթությունն է ստանում, աշխատում է, ըստ նրա՝ բոլոր հիմքերը առկա են, որ կիրառվի վաղաժամկետ պայմանական ազատ արձակումը. «Ի վերջո, դատարանն է, որ պետք է գնահատի այդ ամենը»:
Զարուհի Մեժլումյանի խոսքով, 2018-ից ի վեր 4 դատապարտյալ արդեն ազատություն է վերադարձել, ընդ որում՝ նրանցից մեկը 25 տուժողով անցնող գործով մեղադրյալ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մհեր Ենոքյանի սահմանադրական իրավունքն է և պետք է իրացվի։ Լավ կլիներ որ մնացած ցմահ դատապարտյալներն էլ քավության, ապաքինման ու վերափոխման նույն ճանապարհով գնային։ Սա դրական օրինակ է և չի կարելի չանել։