Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակառակորդի տանկերն արդեն Հադրութ էին մտնում․ դրանց դեմ մարտնչելով՝ պետք է մերոնց դուրս բերեինք շրջափակումից»․ պատերազմի մասնակից

Մարտ 20,2023 21:21

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ շարունակվեց ՊԲ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի գործով  դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեց գործով տուժող, պատերազմի մասնակից  Ռուսլան Թումանյանը։ Նա նստած էր պատասխանում հարցերին․ 2020թ․-ին ստացած վիրավորման պատճառով դեռեւս դժվար էր երկար կանգնելը։

«Խուռհատ սարում հակառակորդը հոկտեմբերի 10-ին մարտ է սկսել։ Մեր կողմից նահանջ է իրականացվել։ Ընկել ենք շրջափակման մեջ՝ հոկտեմբերի 10-ից մինչեւ դեկտեմբերի 20-ը»,-նախ նշեց նա։ Ռուսլան Թումանյանի խոսքով՝ իրենց հրամանատար Սուրեն Սահակյանը  զոհվել էր ռմբակոծության ժամանակ, հետո փոխարինել էր Վահանյանը։ Հարցին՝ լսե՞լ է Իշխան Վահանյանի վիրավորման մասին, Թումանյանը պատասխանեց, որ ոչ․ «Չեմ հիշում ով ասաց, բայց հոկտեմբերի տասին գիտեինք, որ նա ոտքից վիրավորվել է, դրա համար մեր հետ չէր»։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Իշխան Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ լքել մարտադաշտը՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին․ 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր՝ գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո հրաշքով հաջողվել է փրկվել: Նա իրեն մեղավոր չի ճանաչում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ 2020-ի հոկտեմբերի 9-ից Իշխան Վահանյանը, նշանակվելով ՊԲ N զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Արցախ՝ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա։ Հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է նշված վայր եւ գումարտակի անձնակազմով դիրքավորվել։ Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, հակառակորդը անցել է հարձակման, Վահանյանը մարտի դաշտը լքել է: Հետո պարզվել է, որ աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային թեթեւ մարմնական վնասվածքը որպես հիմք ներկայացնելով՝ դիմել է հիվանդանոց:

Հարցին՝ ո՞վ է հրամայել բարձրանալ Խուռհատ սարը եւ ի՞նչ մարտական առաջադրանքով, պատերազմի մասնակիցը պատասխանեց․ «Եթե չեմ սխալվում, դիվիզիայի հրամանատարի կողմից։ Առաջադրանքն էր դիրքավորվել եւ պաշտպանվել։ Մի քանի անգամ ենք իջել-բարձրացել։ Սպառազինություն բարձրացրել։ Հետո տեղակայվել ենք կոնկրետ դիրքերում»։

Ըստ Ռուսլան Թումանյանի՝ հրամանատար Իշխան Վահանյանը տեղակայվել էր սարի ներքեւի մասում, եւ նա տեսանելի չի եղել, որովհետեւ տեղանքն անտառապատ էր։ «Ամենավերջում»,-տեղից, ենթադրաբար, արձագանքեց դահլիճում նստած ծնողներից մեկը։

«Հոկտեմբերի տասին հրաձգային զինատեսակներից կրակոցներ են լսվել, որոնք շատանում էին։ Ականանետային կրակ էլ կար հակառակորդի կողմից։ Խառը կրակ վարելու հրամաններ են եղել։ Դա պայմանավորված էր նրանով, որ, ենթադրում եմ, քաոսային վիճակ էր։ Ամենաթեժ մարտը վերին հատվածում էր։ Դիեր էին իջեցնում, վիրավորներին։ Ռազմիկը վիրավորվեց։ Ինձ օգնեց նրան իջեցնել Արսեն Ղուկասյանի եղբոր որդին։ Վիրավորներին տանում էինք «վիշկայի» մոտ։ Գումարտակի հրամանատարին առաջին անգամ այդտեղ եմ նկատել։ Հրահանգներ էր տալիս, հանձնարարություններ։ Բնույթը չեմ հիշում»,-պատմեց Թումանյանը։

Հարցին՝ եթե առաջին գիծը վերեւի հատվածում էր, հրամանատարը թիկունքում ի՞նչ հրամանններ էր տալիս, դա որքանո՞վ էր արդյունավետ, Ռուսլան Թումանյանը պատասխանեց․ «Երեւի արդյունավետ չէր։ Այդ ամբողջ պաշտպանությունն ինքն իրենով արդյունավետ լինելուն դատապարտված չէր ի սկզբանե։ Քաոսային վիճակ էր։ Հրամաններն անկազմակերպ էին, ոչ կառուցվածքային։ Թեկուզ զորքի բարոյահոգեբանական վիճակը, զորքի եւ հրամանատարների կապը․․․հետո հասկանալով, որ ողջ գումարտակը ներքեւ է իջնում, մենք էլ իջանք, հասանք ճանապարհին։ Չորս կողմից գնդակներ էին թռնում։ Նման իրավիճակում չէի կարող մտապահել, թե ովքեր կային սպայակազմից»։

Հարցին՝ գումարտակի հրամանատարը, ձեր կարծիքով, ինչո՞ւ չբարձրացավ վերեւ՝ օգնելու, Ռուսլան Թումանյանը պատասխանեց․ «Չգիտեմ։ Իրականում բավականին դաժան իրավիճակ էր։ Ամեն վայրկյան զոհերի եւ վիրավորների էին իջեցնում։ Գուցե ցանկության բացակայությամբ էր դա պայմանավորված․․․հետագայում ճանապարհով էինք քայլում շարասյունով։ Ուղղակի հետեւում էինք հրամանատարներ Վազգենին, Արսենին, Մուրադյան Հովհաննեսին։ Վանք գյուղի ուղղությամբ էինք գնում, որն այդ պահին այնքան էլ ապահով տեղ չէր։ Դեպի Սարուշեն ու «Թութակներ» պետք է գնայինք, բայց ստացվեց այնպես, որ բաժանվեցինք ու իջանք Վանք գյուղի ուղղությամբ։  Ուշադիր չեմ եղել՝ ռացիաներ կայի՞ն, թե ոչ, բայց Հովհաննես Մուրադյանի մոտ հեռախոսային կապ կար։ Խնդիրը նրանում էր, որ երկար շարասյուն էր՝ ցրված վիճակում, չէիր կարող հրամանատարից որեւէ տեղեկություն իմանալ։ Ուղղակի գնում էինք։ Շարքում Վահանյանին չեմ տեսել։ Փորձեցի հասկանալ, թե ուր է, տեղեկացրին, որ վիրավորվել է ոտքից ու գնացել։ Չեմ  հիշում ով ասաց։ Անձամբ ականատես չեմ եղել դրան։ Կամավորներից Քեռին ասաց, որ Հադրութի զորամասում շրջափակման մեջ գտնվող ծառայակիցներ կան, եւ պետք է գնանք նրանց օգնենք, որ դուրս գան շրջափակումից։ Պետք է Վանքով գնայինք դեպի Հադրութ, բայց սարից հրազենային կրակ բացեցին մեր վրա, նռնակներ նետեցին։ Հարյուր հոգուց ողջ մնացին մոտ հիսունը։ Քաոսը նորից սկսվեց։ Վիրավորներին օգնում էինք, որ ձորով անցնենք։ Ձորում արդեն 21 հոգով էինք։ Չորսը վիրավոր էին։ Հետո իջանք Վանք գյուղ»։

Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ իսկ այդ ժամանակ տեղյա՞կ էին, որ հակառակորդն արդեն Հադրութում էր։ Ռուսլան Թումանյանը պատասխանեց․ «Այո։ Սարից նահանջելուց Հադրութը երեւում էր։ Տեսնում էինք, թե ոնց էին ադրբեջանական տանկերը մտնում քաղաք։ Ես կարծում եմ՝ հակառակորդինն էին»։ Հանրային մեղադրողի նկատառմանն ի պատասխան, որ ըստ մյուս հարցաքննվածների՝ առաջին օրերին Հադրութում հակառակորդի միայն հետախուզադիվերսիոն խմբերն են եղել, Ռուսլան Թումանյանն ասաց․ «Պատկերը շատ լավ պահպանվել է հիշողությանս մեջ։ Մենք դրանց դեմ մարտնչելով պետք է գնայինք Հադրութի զորամաս՝ շրջափակումից դուրս բերելու։ Այդպես է ստացվում։ Ամեն ինչ չի, որ պատերազմի ժամանակ․․․տարօրինակ էր։ Օբյեկտիվորեն նման պաշտպանություն հնարավոր չէ, բայց հաշվի ենք առել հայրենասիրական նկատառումները»։

Դահլիճից արձագանք լսվեց՝ «այո, ոչ թե ոմանց նման թողեն 18 տարեկաններին»։  Պատերազմի մասնակիցը պնդեց՝ իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, որ այդ ժամանակ Հադրութում հակառակորդի միայն դիվերսիոն-հետախուզական խմբեր են եղել։ Կամավոր Քեռին, ըստ Ռուսլան Թումանյանի, Իշխան Վահանյանին տեղյակ է պահել իրենց մտադրության մասին․ «Ես իրեն այդ օրն եմ ճանաչել։ Այո, ինքն էր այն պատշաճ անձը, որին այդ պահին պետք է լսեինք, որովհետեւ միակ մարդն էր, որ նման իրավիճակում կարողանում էր իր վրա պատասխանատվություն վերցնել»։

Թումանյանը նաեւ նշեց՝ եթե լիներ հրաման կազմակերպված պաշտպանություն եւ կազմակերպված նահանջ կատարելու, ապա իրենք ունակ կլինեին այդ հրամանները կատարել։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031