Հայաստանի հավաքականի ազատոճային ըմբիշները 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանն արծաթե մեդալ նվաճած, Հայաստանի քառակի չեմպիոն, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող Մեժլում Մեժլումյանը (61 կգ) Տավուշի մարզի Բերդ քաղաքից է:
Նրա առաջին մարզիչ Արկադի Փարսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ մարզիկը սպորտով սկսել է զբաղվել 1-ին դասարանից: «Մեժլումը իր մարզական առաջին քայլերը սկսել է Մհեր Մեժլումյանի հովանավորությամբ գործող մարզադպրոցում: Մի քանի տարի մարզվելուց հետո իմ նախաձեռնությամբ նա տեղափոխվել է Երևանի օլիմպիական հերթափոխի ուսումնարան, այնտեղ արդեն նրա մարզական գործունեությանն օգնել են ՀՀ չեմպիոն Արման Շառյանը, ՀՀ չեմպիոն, մարզիչ Արշակ Հայրապետյանը: Ես արտերկրից հետևելով նրա հաջողություններին, անասելի հպարտություն և ուրախություն եմ զգում: Համոզված եմ, որ Մեժլում Մեժլումյանը նման առաջնություններում անպայման արժանանալու և նաև ոսկե մեդալի»,- հավելեց Արկադի Փարսյանը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները` Արկադի Փարսյանի