Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տալիս հայտարարեց, որ մնում է թիմի անդամ, դա կոչ էր իր կողմնակիցներին, որ սկսում ենք աշխատել քաղաքապետի այն թեկնածուի օգտին, որը կհռչակվի ՔՊ-ի թեկնածու». Քաղտեխնոլոգներ

Մարտ 20,2023 20:35

Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը եւ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Հայացք» մամուլի ակումբում խոսեցին Երեւանի ավագանու արտահերթ կամ հերթական ընտրության մասին:

Արմեն Բադալյանը Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի մասին ասաց, որ դա այնքան էլ անակնկալ չէր: «Երբ նրա նախկինը՝ Հայկ Մարությանը, հրաժարական տվեց, հասկանալի էր, որ հաջորդ քաղաքապետը ըստ էության լինելու է ժամանակավոր պաշտոնակատար: Նրա եւ քաղաքապետի տեղակալներից մեկի՝ ՔՊ պաշտոնական թեկնածուի միջեւ, պարզ էր, որ վաղ թե ուշ ինչ-որ առեւտուր էր լինելու, որպեսզի առաջանա բախում եւ հարցերը գան այն կարգավիճակին, ինչին եկան: Հասկանալի է, որ ԺՊ-ն չի կարող երկար մնալ: Իսկ երբ նա սկսում է վարկանիշ ձեռք բերել, դա խնդիր է ստեղծում: Որ Հայկ Սարգսյանի վարկանիշը տարբեր պատճառներով մի փոքր ավելի բարձր էր, քան ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանինը, դա արդեն տեսանելի էր:

Ի վերջո, հրաժարականը կարող էր լինել մեկ շաբաթ, մեկ ամիս հետո: Ու դա ոչինչ չէր փոխելու: Դա լինելու էր, որովհետեւ հերթական կամ արտահերթ, ընտրության ժամանակ թեկնածուն, որը վարկանիշ ունի, պետք է հեռանար: Չեմ ասում հատուկ հեռացրեցին, այլ առիթ եղավ հարցը հանգուցալուծելու: Այսպես էլ լինելու էր, որովհետեւ արդեն կար շահերի բախում: Ըստ որոշ հրապարակումների, նաեւ որոշակի ֆինասական շահերի բախումներ»,-ասաց նա:

Վիգեն Հակոբյանը համաձայնեց գործընկերոջ դիտարկմանը, որ սա սպասվում էր: «Ի սկզբանե պարզ էր, որ քաղաքապետարանում ձեւավորվում է իշխանության երկու կենտրոն, երկու թիմ, որոնցից յուրաքանչյուրն աշխատում է իր ղեկավարի համար: Եվ այս պարագայում գնալ ընտրությունների, երբ հենց քաղաքապետարանում տարանջատում կա, դա մեծ շռայլություն կլիներ իշխանության այսօրվա թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի համար: Առավել եւս, որ մեր տվյալներով երկու շաբաթը մեկ անցկացվող հարցումները, որոնց արդյունքները պաշտոնապես հրապարակվեցին, ցույց են տալիս, որ Ավինյանի համար բավականին զարմանալի եւ անակնկալ էր, որ գործող քաղաքապետի վարկանիշը բավականին բարձր էր, քան նույն Ավինյանինը:

Այստեղ կարեւորը ոչ թե այն էր, որ թիմերն ունեին ըստ էության տարբեր շահեր, այլ նաեւ այդ թիմերի հետեւում կանգնած ֆորմալ եւ ոչ ֆորմալ կառույցները, որ գոյություն ունեն մայրաքաղաքում: Նկատի ունեմ՝ վարչական լծակի տիրապետողները, թաղային հեղինակությունները եւ այլոք, որոնք սովորաբար ի հայտ են գալիս ցանկացած, առավել եւս ՏԻՄ ընտրությունների ժամանակ:

Ես կարծում եմ՝ ինչ-որ պահի եկավ մի ժամանակ, երբ իրենց թիմերի մասնագետների խորհրդով որոշեցին, որ ժամանակն է, որպեսզի կոնսոլիդացվեն այն ռեսուրսները, որոնք կան իշխանական թիմի մոտ: Հիշում եք, երբ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց, հայտարարեց, որ ինքը մնում է իր թիմի անդամ: Այլ կերպ ասած, սա նաեւ կոչ էր իր կողմնակիցներին, որ սկսում ենք աշխատել արդեն այն թեկնածուի օգտին, որը պաշտոնապես կհռչակվի, այսինքն, արդեն հռչակվել է, ՔՊ թեկնածու»;

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031