Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ձգձգվում Գյումրիում էկոքաղաքի կառուցումը

Մարտ 20,2023 19:15

Տեղեկացրել ենք, որ Գյումրիում «Դիջիթըլ Փոմըգրանեթ» տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունը հիմնած, Նյու Յորքից եկած Թոդդ Ֆաբաքերը դեռ Սամվել Բալասանյանի օրոք ծրագիր էր ներկայացրել էկո-քաղաք կառուցելու։

Կանաչ քաղաք կառուցել գաղափարը թերևս նորույթ է հայկական իրականության մեջ, այդպիսի քաղաքներ հիմնականում կառուցում է Չինաստանը։ Դրանք ապագայի քաղաքներ են, որտեղ ստեղծվում են կյանքի հարմարավետ պայմաններ՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ։

Այս ծրագիրը, սակայն, սառեցված վիճակում է։ Օրերս Գյումրիում տեղի ունեցած բիզնես ֆորումի ժամանակ այս մասին բարձրաձայնեց «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության գործադիր տնօրեն Գայանե Առաքելյանը, որը ներկայացնում է նաև տեխնոքաղաքի ծրագիրը։

«Դիսթրիքթը» տեխնոքաղաքի նախագիծ է, դեռևս սկսված 2020 թվականից գաղափարը կար և 2021 թվականին Գյումրու ավագանու հետ հաջող համագործակցությամբ կնքվեց հուշագիր, որը մեզ հնարավորություն տվեց ծրագիրը բարձրացնել վերև, տանել մինչև վարչապետի գրասենյակ»,- ասաց Գայանե Առաքելյանը։
Նա նշեց, որ ծրագիրն անվերապահ աջակցություն և հավանություն է ստացել, այն կարևոր է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար, 200-300 աշխատատեղ կստեղծի, որը բնականաբար երիտասարդներին կպահի քաղաքում։

Բանախոսը մասնավորապես հետաքրքրվեց՝ ի՞նչ է առաջարկում մարզը, որ ներդրողները չգնան։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ քաջատեղյակ է այս նախագծին, ամբողջությամբ աջակցում է ծրագրին, սակայն կա համայնք, որի հետ պիտի շփվի ներդրողը։ Վերջինս ասաց՝ չգիտի ինչու է ծրագիրը կանգնած, քանի որ բոլորը միասին եկել են համաձայնության։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ևս պարզաբանեց, թե ինչու է ծրագիրը ձգձգվում և ինչ տարաձայնություն կա համայնքապետարանի և ներդրողի միջև։

«Մենք, բնականաբար, ցանկացած ներդրողների հետ հանդիպումներ ունեցել ենք, ուղղորդել ենք, օգնել և օգնելու ենք։ Մեր կողմից առաջարկվել է ամեն ինչ, որ ներդրողը գա մեր քաղաք ու ստեղծի աշխատատեղեր։

Կոնկրետ այս ծրագրի մասին ասեմ՝ այն տարածքը, որը մեր կողմից առաջարկվել է և հիմա էլ ենք առաջարկում, զուտ գնի հետ է կապված հարցը, իրենք ուզում ենք առևտրային գնով գնել, մենք էլ գնահատել ենք, մտածում ենք այդ գնով տալու պարագայում կարողանանք ենթակառուցվածքները կարգավորել։ Այդտեղ են մեր տարաձայնությունները, այն գինը, որն առաջարկվել է, շուկայականից շատ ցածր է՝ հաշվի առնելով աշխատատեղերի խնդիրը։

Բիզնես ոլորտը ներկայացնողը, բնականաբար, ձգտելու է քիչ գումար ներդնի, շատ գումար աշխատի, համայնքն էլ ունի իր խնդիրները, իր ենթակառուցվածքների հարցերը, տեսնում եք՝ փողոցների խնդիր ունենք, լուսավորության, այդ նույն գումարը ծախսվելու է ճանապարհների վրա։

Մեր կողմից չի եղել այնպիսի առաջարկ, որ բարձր է եղել թիվը, էլի եմ կրկնում, համայնքն էլ ունի իր շահերը, ամեն մի ներդրողի հետ ես անձամբ գնում եմ, հողատարածքներ ենք առաջարկում, տեսնում ենք՝ ինչ կարող ենք ներդրողին առաջարկել։ Եթե ճանապարհների խնդիր կա, ասում ենք՝ դուք գնեք, մենք ճանապարհները վերանորոգենք»,-ասաց քաղաքապետը։

Հիշեցնենք, որ նախնական պայմանավորվածությամբ էկոքաղաքի համար առաջարկվում էր «Ուռի գունդ»-ի տարածքը, որը 21 հեկտար է։ Այն գտնվում է Գյումրու ծայրամասային թաղամասերից մեկում՝ Բուլավարայինում։

«Ուռի գունդ» զորամասը մոտ 12 տարի առաջ հանձնվել է Գյումրու համայնքին։ Այն հատուկ պահպանվող տարածք է՝ ծառապատ, լճերով։ Այս տարածքի նկատմամբ ներդրողների հետաքրքրությունը բավական մեծ է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031