Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ շարունակվեց ՊԲ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի գործով դատական նիստը։ Հարցաքննվեց տուժողի իրավահաջորդ Վրույր Խեչումյանը․ նրա որդին զոհվել է 44-օրյա պատերազմում։
Վրույր Խեչումյանը դատարանին հայտնեց, որ վերջին անգամ տղայի հետ հոկտեմբերի 16-ին է խոսել։ Ընդ որում, տղան չէր ասել, որ կռվի է մասնակցել, որ շրջափակման մեջ են եղել։ «Նոյեմբերի 14-ին գնացել ենք Արցախ ու իմացել, որ մնացել են շրջափակման մեջ։ Գլխավոր շտաբում էլ ենք եղել։ Նոյեմբերի 23-ին Ադոյան Արկադին (նա եւս որդուն կորցրել է) մտավ Օնիկ Գասպարյանի մոտ ու ասաց՝ երեխեքը զանգել են, ողջ են, օգնություն են խնդրում։ Օնիկ Գասպարյանն անձամբ Արկադիին ասել էր՝ արխային գնացեք տուն, առավոտ երեխեքը տանը կլինեն․․․մինչեւ այսօր․․․»,-պատմեց հայրը։
Վրույր Խեչումյանը հայտնեց, որ որդին զորակոչվել էր 2020թ․-ի հուլիսին․ «Վերջին անգամ զանգել է իր ծառայակցի հեռախոսով, ասել, որ ամեն ինչ լավ է, որ չանհանգստանանք։ Շատ ցածր էր խոսում։ Հետո իմացանք, թե ինչու․ Վանք գյուղի տներից մեկի նկուղում էին։ Իրենց վերեւում թուրքերն են եղել։ Հարցրի, թե ինչու է կամաց խոսում, ասաց, որ տղերքը քնած են։ Հետո էջմիածնեցի Ալբերտից իմացանք, որ տան մեջ էին, գլխավերեւում՝ թուրքերը»։
Հանրային մեղադրողի հարցին, թե ումի՞ց եւ ինչպե՞ս է իմացել, որ որդին շրջափակման մեջ է, հայրը պատասխանեց․ «Գնացել եմ Հերհեր։ Պատերազմից հետո իրենց զորամասը ժամանակավոր այդտեղ էր։ Հրամանատարներից Օհանջանյան կարծեմ, ինքն ասեց, որ տղաս անհայտների ցուցակում է։ Ասեց, որ տղաներն անտառներում են։ Օրական դուրս են գալիս։ Չի բացառվում, որ ինքն էլ դուրս կգա։ Ծնողներով իրար հետ կապվելով իմացանք, որ կոնկրետ խումբն է շրջափակման մեջ։ Որքան էլ ճշտած լինեմ, վերեւներից չէին ասի, թե ինչպես է եղել։ Ծառայակիցներն ասել են, որ հրամանատարներ չունեն՝ թողել-գնացել են։ Ռմբակոծություն է եղել, ամեն մեկը մի կողմ է գնացել, ու մոտ երեսուն հոգանոց խումբը Վանք գյուղում է հայտնվել»։
Կարդացեք նաև
Վրույր Խեչումյանը հայտնեց, որ մեղադրյալ Իշխան Վահանյանի մասին ոչինչ չի իմացել․ դատական գործընթացի ժամանակ է նրան տեսել, չգիտի նաեւ, թե ինչ հանգամանքներում է Վահանյանը պատերազմի ժամանակ վիրավորում ստացել։
Խեչումյանի որդու զոհվելու կոնկրետ օրը հայտնի չէ․ կամ նոյեմբերի 26-ին կամ 27-ին։ Ծնողին հաջողվել է միայն իմանալ, որ նոյեմբերի 27-ին որդու մարմինը Շուշիից բերել են Ստեփանակերտ․ «Այդ ժամանակ իրենց արյունը դեռ չէր սառել՝ «բուշլատի» մեջ արյուն․․․մեկ-երկու օրվա։ Հետո իմացանք, որ դիպուկահարներն են տղաներին խփել»։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Իշխան Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ լքել մարտադաշտը՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին․ 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր՝ գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո հրաշքով հաջողվել է փրկվել:
Նա իրեն մեղավոր չի ճանաչում։
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2020-ի հոկտեմբերի 9-ից Իշխան Վահանյանը, նշանակվելով ՊԲ N զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Արցախ՝ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա։ Հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է նշված վայր եւ գումարտակի անձնակազմով դիրքավորվել։ Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, հակառակորդը անցել է հարձակման, Վահանյանը մարտի դաշտը լքել է:
Հետո պարզվել է, որ աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային թեթեւ մարմնական վնասվածքը որպես հիմք ներկայացնելով՝ դիմել է հիվանդանոց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ