Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Ջրի համաժողովին ընդառաջ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում հրատապ ներդրումներ կատարել հօգուտ ջրային ոլորտի և սանիտարահիգիենիկ ծառայությունների

Մարտ 20,2023 17:33

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 20-ը մարտի, 2023թ. – Աֆրիկյան 10 երկրներում ապրող 190 միլիոն երեխա գտնվում է ջրի հետ կապված երեք սպառնալիքների՝ անբավարար ջրային ռեսուրսների և սանիտարահիգիենիկ պայմանների, հարակից հիվանդությունների և կլիմայական վտանգների ռիսկի տակ` փաստում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցը :

Պարզվել է, որ այդ եռակի սպառնալիքն առավել սուր է Բենինում, Բուրկինա Ֆասոյում, Կամերունում, Չադում, Կոտ դ’Իվուարում, Գվինեայում, Մալիում, Նիգերում, Նիգերիայում և Սոմալիում, ինչը Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկան դարձնում է աշխարհի ամենաանապահով ջրային և կլիմայական ուժեղ ազդեցության ենթարկված տարածաշրջան: Ամենատուժած երկրներից շատերում, ի լրումն, զինված հակամարտություններն ավելի են խորացնում ճգնաժամը՝ նվազեցնելով մաքուր ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունը երեխաներին:

«Աֆրիկան կանգնած է ջրային աղետի առջև: Մինչ կլիմայի և ջրի հետ կապված ցնցումները աշխարհում շատացել են, ոչ մի այլ վայրում երեխաների համար վտանգներն այդքան չեն խորացել», – ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի տնօրեն Սանջայ Վիջեսեկերան Sanjay Wijesekera: «Ահեղ փոթորիկները, ջրհեղեղները և պատմական երաշտներն արդեն ոչնչացնում են տները և ենթակառուցվածքները, աղտոտում են ջրային ռեսուրսները, ստեղծում սովի ճգնաժամեր և տարածում հիվանդություններ: Որքան էլ, որ շատ են ներկայում մարտահրավերները, առանց շտապ գործողությունների, ապագան կարող է շատ ավելի մռայլ լինել»:

Վերլուծությունը, որն ուսումնասիրել է տնային տնտեսությունների սանիտարահիգիենիկ պայմանները, մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում դրանով պայմանավորված մահերի մասնաբաժինը, կլիմայի և շրջակա միջավայրի փոփոխության վտանգը, ցույց է տալիս, թե որտեղ են երեխաները կանգնած ամենամեծ վտանգի առջև, և որտեղ են հրատապ լուծումներ անհրաժեշտ՝ կանխելու մահվան դեպքերը:

10 թեժ կետերում երեխաների գրեթե մեկ երրորդի տանը ուղղակի ջուր չկա, իսկ երկու երրորդը չունի տարրական սանիտարահիգիենիկ պայմաններ: Երեխաների մեկ քառորդն այլ ելք չունի, քան բնական կարիքները դրսում հոգալը: Ձեռքերի հիգիենան նույնպես խնդիր է, երեխաների երեք քառորդը չի կարողանում լվանալ ձեռքերը տանը հոսող ջրի և օճառի բացակայության պատճառով:

Արդյունքում, այս երկրներին է բաժին ընկնում անբավարար հիգիենայի հետևանքով առաջացած հիվանդություններից երեխաների մահացության ամենածանր բեռը: Օրինակ՝ 10 երկրներից 6-ը վերջին մեկ տարվա ընթացքում բախվել են խոլերայի բռնկման հետ: Աշխարհում մինչև հինգ տարեկան ավելի քան 1000 երեխա ամեն օր մահանում է անբավարար հիգիենայի հետ կապված հիվանդություններից, ընդ որում 5-ից մոտ 2-ն ապրում են վերոնշյալ 10 երկրներում:

Այս թեժ կետերը դասվում են նաև աշխարհի 163 երկրների լավագույն 25 տոկոսի մեջ՝ կլիմայի և շրջակա միջավայրի վտանգների ազդեցության ամենաբարձր ռիսկով: Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում ջերմաստիճանը համաշխարհային միջին ցուցանիշից բարձանում է 1,5 անգամ ավելի արագ: Ստորերկրյա ջրերի մակարդակը նույնպես նվազում է, ինչը որոշ համայնքներից պահանջում է երկու անգամ ավելի խորությամբ հորեր փորել, քան ընդամենը մեկ տասնամյակ առաջ: Միևնույն ժամանակ, տեղումները դարձել են ավելի անկանոն և ինտենսիվ՝ հանգեցնելով ջրհեղեղների, որոնք աղտոտում են ջրի առանց այն էլ սակավ պաշարները:

Բոլոր 10 երկրները նույնպես դասակարգվում են ՏՀԶԿ-ի կողմից որպես փխրուն կամ ծայրահեղ փխրուն , քանի որ որոշ երկրներում զինված հակամարտությունները սպառնում են հակադարձել անվտանգ ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիության առաջընթացը: Օրինակ, Բուրկինա Ֆասոյում հաճախակի են դարձել ջրային ենթակառուցվածքների վրա հարձակումները, որպես համայնքները տեղահանելու մարտավարություն: 2022-ին հարձակման են ենթարկվել 58 ջրային կետեր՝ 2021-ի 21-ի և 2020-ի՝ երեքի փոխարեն: Արդյունքում, ավելի քան 830,000 մարդ, որոնց կեսից ավելին երեխաներ են, վերջին մեկ տարում զրկվել են խմելու մաքուր ջրից:

Վերլուծությունը հրապարակվում է Նյու Յորքում մարտի 22-24-ը կայանալիք ՄԱԿ-ի 2023թ-ի Ջրի համաժողովին ընդառաջ: Համաշխարհային առաջնորդները, ոլորտի կազմակերպությունները և այլ մասնակիցներ 46 տարվա մեջ առաջին անգամ կհանդիպեն՝ դիտարկելու ջրի և սանիտարահիգիենիկ պայմանները բոլորի համար հասանելիության ապահովման ուղղությամբ առաջընթացը:

Համաժողովում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կոչն է լինելու.

* Ապահովել ջրի և սանիտարահիգիենայի ոլորտում ներդրումների հրատապ աճ, այդ թվում նաև՝ կլիմայի գլոբալ ֆինանսավորումից:

* Համայնքներում և սանիտարահիգիենիկ պայմանների ոլորտում բարձրացնել դիմակայունությունը կլիմայի փոփոխության նկատմամբ:

* Սանիտարահիգիենիկ ծառայությունների հասանելիության և քաղաքականության մեջ առաջնահերթությունը տալ առավել խոցելի համայնքներին:

* Ավելացնել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման արդյունավետ և հաշվետու մեխանիզմները, ուժեղացնել համակարգումը և կարողությունները:

* Իրականացնել ՄԱԿ-ի ԿԶՆ 6-րդ նպատակը, այն է «Ապահովել հասանելիություն և կայուն ձևով կառավարել ջուրն ու սանիտարական պայմանները բոլորի համար և ներդրումներ իրականացնել հիմնական արդյունքներ ապահովող համակարգերում:

Հայաստան

ՄԱԿ-ի Ջրի 2023թ-ի համաժողովին կմասնակցի ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրականացնում է ազգային նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների, մասնավորապես՝ հանրակրթական դպրոցներում, 3-6 տարեկան երեխաների նախադպրոցական հաստատություններում և 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական հաստատությունների վիճակի ամբողջական գնահատում: Գնահատման նպատակն է բացահայտել առկա բացերը, առաջարկել սանհանգույցների մոդելային լուծումներ, ազգային չափորոշիչների և ծրագրերի արդիականացման վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև նպաստել տարբեր շահագրգիռ կողմերի միջև երկխոսության ծավալմանը: Գնահատման արդյունքները կներկայացվեն 2023 թվականի ապրիլին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել