Բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի առաջատար, Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը անսպասելի պարտություն կրեց Հնդկաստանում ընթացող աշխարհի առաջնությունում:
Մեկնարկային մենամարտում Անի Հովսեփյանը հանդիպեց Չինաստանը ներկայացնող Ժու Պանի հետ: Առաջին երկու ռաունդներում մեր մարզուհու մոտ գրոհները չէին ստացվում: Նա անընդհատ փորձում էր մոտենալ, մտնել մերձամարտի մեջ եւ այնտեղ հարվածներ հասցնել: Սակայն մրցակիցը այդ փորձերը հաջողությամբ կանխում էր ձախ ձեռքն անընդհատ աշխատացնելով, կամ «կլինչ» բռնվածքով: Անին երկու ռաունդներում այդպես էլ չկարողացավ ինչպես հարկն է գործածել աջ ձեռքը:
Երրորդ ռաունդում մեր բռնցքամարտիկն «արթնացավ» ու սկսեց հաջող գրոհներ իրականացնել: Անգամ մրցավարը չինացուն նոկդաուն գրանցեց: Սակայն դա այլեւս բավարար չէր ու հաղթանակը շնորհվեց Ժու Պանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ