Մարտի 20-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:
Օրակարգում 2 օրինագծերի քննարկում էր:
««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Միրզոյանը:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ընդլայնել օրենքի գործողության ոլորտը և գնահատման պարտադիր դեպքերի շրջանակը, սահմանել գնահատման գործունեություն իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպությանը ներկայացվող որոշակի պահանջներ, որակավորման վկայականների գործողության դադարեցման նոր չափանիշներ։
Կարդացեք նաև
Օրինագիծն արժանացել է գլխադասային հանձնաժողովի հավանությանը:
Արցախի Հանրապետության Նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը միտված է էներգետիկ ոլորտի կայուն զարգացմանը: Այն հանձնաժողովին ներկայացրեց ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը:
Նախագծի ընդունման արդյունքում արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգիաարտադրողներին հնարավորություն կընձեռնվի սեփական կարիքները բավարարելու համար առանց լիցենզիայի կառուցել արևային տեղակայանք։
Նախագծի ընդունմամբ՝ արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների կողմից արևային տեղակայանքի կառուցման և էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատվածը կերկարաձգվի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը` դրանով իսկ ապահովելով արևային էներգետիկայի բնագավառում ներդրումների խրախուսումը։
ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը ներկայացրել է ԱԺ փորձագիտական ծառայության առաջարկները, որոնք ընդունվել են նախագծի հեղինակի կողմից: Դրանց հաշվառմամբ՝ նախագծի լրամշակված տարբերակը առաջին ընթերցմամբ կներկայացվի խորհրդարանի հերթական նիստին:
Արցախի Հանրապետության
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ