Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ Անվտանգության խորհրդին․ Եղիշե Կիրակոսյան

Մարտ 20,2023 16:50

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է այն հարթակը, որ նմանատիպ հարցերը քննարկելու համար լավագույն տեղն է: Այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տանել, որ հարցը մտնի ՄԱԿ-ի ԱԽ օրակարգ: Բացի այդ, երկկողմ մակարդակում պետք է տարբեր գործընկեր պետությունների հետ աշխատել, հարցը անընդհատ բաց պահելու, նաեւ միջազգային հանրությանը որոշման բովանդակության աղավաղման փորձերը կանխելու համար»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն` անդրադառնալով Բերձորի միջանցքը անհապաղ բացելու՝ Հաագայի միջազգային դատարանի միջանկյալ որոշմանը:

Հիշեցնենք, որ միջազգային դատարանի որոշումը կայացվել է 2023 թվականի փետրվարի 22-ին, բայց այն առ այսօր Ադրբեջանի կողմից չի կատարվում եւ միջանցքը շարունակում է փակ մնալ արդեն 99 օր:

Եղիշե Կիրակոսյանի գնահատմամբ, Բերձորի միջանցքը բացելու վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը չկատարելու Ադրբեջանի վարքագիծն իր ողջ տրամաբանությամբ հակասում է միջազգային իրավունքին: Բանախոսի գնահատմամբ, Ադրբեջանը ոչ միայն չի կատարում այդ որոշումը, ավելին՝ աղավաղում է դրա բովանդակությունը, որի դեմ ՀՀ պետական մարմինները պետք է իրականացնեն հակընդդեմ պայքար:

Եղիշե Կիրակոսյանը նաեւ գտնում է, որ Հաագայի դատարանի որոշումն ունի մեծ քաղաքական կշիռ եւ մեծ դաշտ է բացում քաղաքական ու դիվանագիտական աշխատանքի համար:

«Մենք ունենք շատ հստակ, իրավական առումով լավ հիմնավորված որոշում»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանն այդպես էլ չկատարի միջազգային դատարանի որոշումը: Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց. «Միջազգային հանրության կողմից արդեն հնչել են արձագանքներ: Մի շարք երկրների ԱԳՆ-ներ հնչեցրել են կոչեր՝ հայտարարելով, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը պետք է կատարվի, նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արվեց հայտարարություն: Պետք է աշխատել այս տրամաբանության մեջ: Ուրիշ ճանապարհ չկա, պետք է աստիճանաբար աշխատել, Սփյուռքն էլ իր դերն ունի այստեղ»:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի դեմ միջազգային հանրության կողմից պատժամիջոցներ կիրառելուն, Եղիշե Կիրակոսյանը նկատում է՝ դա միշտ էլ հնարավոր է, բայց դրանք ունեն կիրառման որոշակի նախապայմաններ, որոշակի իրավական մեխանիզմներ՝ կախված նրանից, թե ի՞նչ պատժամիջոցի մասին է խոսքը. «Ես որեւէ բան չեմ բացառում, բայց դա ավելի շատ վերաբերում է մարդասիրական օրենքի կոպիտ խախտումներին, պատերազմական հանցագործություններին կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններին: Այո, այդ իրականությունը, ցավոք, ունենք, բայց դե սա նաեւ մի քիչ այլ հարթության աշխատանք է»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031