Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի մեքենան կմնա արգելանքի տակ․ նրա ունեցածը բավարար չէ, որ պետությանը պատճառված վնասը վերականգնվի

Մարտ 20,2023 15:53

Հակակոռուպցիոն դատարանում այսօր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լեւոն Երանոսյանի եւ եւս երկու նախկին պաշտոնյաների՝ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի եւ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով հերթական դատական նիստն էր։ Նրանք մեղադրվում են պաշտպանության նախարարությունում եւ ոստիկանությունում գույք եւ պետական միջոցներ վատնելու, պաշտոնեական կեղծիք թույլ տալու ու մի շարք այլ հոդվածներով․ պետությանը պատճառվել է մոտ 114 միլիոն դրամի վնաս։

Ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանի պաշտպան Արմեն Հայրապետյանը դատարանին միջնորդեց Գրիգորյանին պատկանող «Տոյոտա Քեմրի» մեքենան արգելանքից հանել։ Հանրային մեղադրող Ենոքյանը միջնորդության դեմ առարկեց՝ ասելով, որ յոթ միլիոն դրամի պետությանը պատճառված վնասի մասին է խոսքը, եւ հետագայում այդ գումարները բռնագանձելու պահանջի վերաբերյալ հայց է ներկայացվելու դատարան․ «Գուրգեն Գրիգորյանի անվամբ Շիրակում վարելահող կա եւ տնամերձ հողատարածք՝ 638․ 000 դրամ արժեքով։ Սա բավարար չէ, որ հետագայում պետությանը պատճառված վնասը վերականգնվի։ Խնդրում եմ միջնորդությունը մերժել»։

Արմեն Հայրապետյանն իր հերթին դատարանին հայտնեց, որ ըստ քրեական գործի տվյալների՝ Գուրգեն Գրիգորյանն այդ հողամասի վրա նաեւ սեփական տուն ունի․ «Դրա փաստաթղթերն ինչո՞ւ չկան։ Դա պատկանում է իմ պաշտպանյալին եւ ներկայումս շուկայում բարձր արժեք ունի»։

Դատախազ Ենոքյանը դատարանին ասաց, որ համապատասխան հայցադիմումը կա․ «Դրանով պահանջվում է Գուրգեն Գրիգորյանից հօգուտ պետությանը բռնագանձել մոտ յոթ միլիոն դրամ»։

Լսելով կողմերի կարծիքները՝ դատարանը որոշեց Գրիգորյանին պատկանող մեքենայի արգելանքի վերացման մասին միջնորդությունը մերժել։ «Պնդումը, որ հողակտորի վրա տուն կա, այս փուլի համար առնվազն բավարար չէ։ Չի ներկայացվել դա հավաստող տվյալ»,-ասաց դատավորը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031