Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի թարմ հիշատակին
Սիրելի Վարդան, 1988 թվականի փետրվարյան հույզերից անցել է 35 տարի, այսքան տարի հանուն արդարության պայքարի ուղին բռնած փետրվարի 28 -ը քեզ համար ճակատագրական եղավ, սիրտդ չդիմացավ ծննդավայր կորցնելու, այնուհետև՝ շրջափակման մեջ հայտնված քո ժողովրդի դաժան տառապանքին։
Հայաստանի գրողների միությունից զանգահարեցին, առաջին բառն այն էր, որ վատ լուր պիտի հաղորդեն, այդ վայրկյանին՝ Երևանում վատառողջ ընկերներ ունեմ, կայծակնային արագությամբ բոլորի դեմքերը աչքիս առաջ եկան, (թող ինձ ներեն, երկար կյանք բոլորին) բայց երբ որ լսեցի․․․ Վարդան Հակոբյանը ․․․ Այո՛, իմ կյանքի ամենից վատ լուրերից մեկն էր․․․
Ներիր ինձ Վարդան, վերջին անգամ Հայաստան այցիս չկարողացա Արցախ գալ։ Դու այդպես էլ չտեսար ԱՐՑԱԽՊԱՏՈՒՄ Ա գիրքը, որի խմբագիրը դու ես և որ քո 60 ամյակիդ նվիրված հաղորդումն էլ է տեղադրված (էջ 139) և ԱՐՑԱԽԱՊԱՏՈՒՄ Բ գիրքը, որն անշուշտ առանց քո խորաթափանց մտքերի չէր ամբողջանա, քո կերպարին համահունչ վերնագիր եմ ընտրել՝ «Չճանաչված երկրի բանաստեղծը»(էջ 292)։
Կարդացեք նաև
Թանկագին Վարդան, իմ հարազատ, իմ լավ ընկեր, այս պահին մտքերս խառն են, այնքան բան կա ասելու, չեմ կարողանում զգացածս գրի առնել, քեզ հետ խոսել անցյալով, նպատակահարմար գտա կիսվել մի առիթով ասված քո իմաստուն խոհերով։
Վարդան Հակոբյան – «Իմ ելույթը՝ 1988 թվականի փետրվարի 20-ին հիշվում է, ուրախ եմ, այն, անկեղծ ասած, իմ բանաստեղծության շարունակությունն էր ու նոր սկիզբը. ես չէի խոսում, ես փորձում էի իմ երկիրը ստեղծել այնպիսին, ինչպիսին ուզում եմ տեսնել, ես կարծես վերին մի իրավունքով հնարավորություն էի ստացել մասնակցելու աստվածային արարչությանը: Դողում էի. չլինի՞ ինչ-որ բան վրիպի իմ խոսքից, չստացվի այնպես, մանավանդ, որ ես միայն ես չէի, ես հրապարակում ոտքի ելած ժողովուրդն էի. Արցա՛խ, Հայաստա՛ն, Միացո՛ւմ: Ի՜նչ հզոր շնչառության տեր է մեր ժողովուրդը, նրա ամեն բառը լեռան ծանրություն ունի՝ հաստատ, անվրեպ, իմաստուն, հետո այս ամենը պիտի դառնար հիմն՝ Արցախի հիմնը. պատմությունը մեր երկրի մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք:
Իմ հավատքն ուղղված է ներկային, անցյալին, ապագային՝ երեքին էլ միաժամանակ: Որքան էլ դա թվա տարօրինակ, որովհետև դրանից որևէ մեկի բացակայության դեպքում տեսողությունս իսկույնևեթ կորչում է, որին էլ նայեմ՝ ներկային, անցյալին թե ապագային, միևնույն է, առանց մեկի մյուսը չի երևում»:
Իհարկե, քեզ համար դժվար էր լինել չճանաչված երկրի բանաստեղծ ու ամբողջ կյանքում պայքարել ազատ ու անկախ ապրելու համար։
Դու հավատում էիր, որ Արցախի ազատագրական պայքարը կունենա իր վերջնական հաղթանակը։
Երբ իմացար, որ հայոց ցեղասպանության և Արցախում շարունակվող ցեղասպանության մասին «Ճշմարտության պարտադրանքով» վերնագիրը կրող գիրք եմ հրատարակել, անմիջապես հրավիրեցիր Արցախ, 2012թ․ օգոստոսի 8-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը։ Ինձ համար թանկ ու հիշարժան են՝ դու կնոջդ՝ Բելայի, ես՝ իմ ամուսնու, քո մեքենայով՝ մեր շրջագայությունը Արցախի տեսարժան վայրերով՝ Շուշի, Ղազանչեցոց եկեղեցի, Ամարաս, 2030- ամյա Տնջրի ծառ, Արցախի երգիծաբան Պըլը Պուղու հուշաքար, Մարտունու շրջանի Շեխեր գյուղի դպրոց, որը կառուցվել էր ֆրանսահայ բարերար Կարպիս Նիկողոսյանի նվիրատվությամբ, ( ավաղ 44 օրյա պատերազմի ժամանակ հակառակորդը գրավեց գյուղը) քո խորին շնորհակալությունը փոխանցեցիր բարերարին ասելով՝ աշխարհի բոլոր հայերը, եթե մի բան անեն Արցախի համար, մենք կհզորանանք։
Վարդան Հակոբյան – «Իմ ամենասիրած պահը՝ հանդիպումս դարեր շարունակ փնտրված բառի հետ՝ մանավանդ, երբ խաղաղ առավոտի միջով ծագում է արեգակը, և լույսի թաքուն բերկրանքից ավելի խորն են թաք մտնում բացվող մանուշակները: Մենությունը մեծագույն արժեք է, իմ մենարանը տաճար է, որ կերտում եմ ինքս: Տաճարը մարդն է, որ ծնվում է մենակ, խիզախում է մենակ, հերոսանում է մենակ, գրում է մենակ: Եվ հոտից դուրս գտնվելու, շատ կարևոր է արվեստագետի համար, հոտից դուրս գտնվելու բազում միջոցներ կան, բայց գլխավորներից մեկը, կարծում եմ, սա է՝ որևէ խմբի մեջ չմտնելու, չձուլվելու համար անհրաժեշտ է հենց այդ խմբի անդամը լինել: Տարօրինակ է, բայց դա՛ է ճշմարտությունը»:
Մենության տաճարում, մինչև վերջին շունչդ մեն- մենակ խիզախեցիր հանուն արդարության ու ճշմարտության։
Վարդան Հակոբյան – «Իմ ստեղծագործական կյանքը սկսվել է խորհրդային շրջանում: Պիտի ասել, որ խորհրդային տարիները հոգևոր Արցախի համար եղել են բացարձակապես կործանարար: Ես հիշում եմ, թե Բաքվում հազվադեպ տպագրվող մեր լղարիկ թերթերն ինչպիսի պահանջներ էին ներկայացնում խմբագիրների կողմից: Այսպիսի մի պահանջ էլ գրքում անպայման Ադրբեջանի մասին բանաստեղծություն դնելն էր: Այսպիսի մի պահանջ էլ ներկայացվեց ինձ, ես հրաժարվեցի նման պատվեր ընդունելուց, որը և քիչ բարդություններ չստեղծեց ինձ համար: Ի դեպ, ասեմ, որ Կևորկովը նույնպես սիրում էր առիթից առիթ պատվերներ իջեցնել գրողների համար, և եթե ես նրանցից մեկն էի, որ անվնաս շրջանցում էր այդ պատվերները, ապա դա կատարվում էր շնորհիվ Գուրգեն Գաբրիելյանի և Հրաչյա Բեգլարյանի միջամտության, այլապես վիճակն ավելի կբարդանար: Եվ, այնուամենայնիվ, այս և նման միջադեպերը բացասաբար էին անդրադառնում, և արժանանում էի բռնակալի թաքնված հակակրանքին, ու մեր միջև մշտապես պահպանվող հեռավորությունը ծավալում էր: Նույնիսկ եղավ մի պահ, երբ ստիպված էի Ղարաբաղից դուրս գալ, բայց այստեղ էլ մեծ դեր խաղաց «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագիր Հովհաննես Արզումանյանի միջամտությունը:
-Բա մեզ ի՞նչ կասեն, – ասաց նա Կևորկովին: – Շնորհալի տղա է, որ գնա, բոլորը կասեն՝ տեսե՛ք, երկիրը հայերից դատարկում են:
Եվ Կևորկովը նահանջեց: Բայց դրանով բանը չէր ավարտվում, մի քանի անգամ նա տարբեր ժամանակներում ինձ կանչել է ու վերջին զգուշացում տվել՝ այս կամ այն բանաստեղծության համար: Րաֆիի անունն օգտագործել էի մի տողի մեջ. դա նրան ափերից հանեց: Առավել զայրացած էր, երբ գրել էի՝ «Գրկենք ամուր ու պինդ պահենք լեռները մեր» տողը:
-Ումի՞ց ես պինդ պահում,- հորդորում էր նա:
Իսկ «Ես երգ չունեմ»՝ Ղարաբաղի մասին բանաստեղծությունը, որ տպագրվել էր Երևանում և որի մասին ինչ-որ մեկը, ազերական գաղափարախոս, Ստեփանակերտից անանուն նամակ էր հղել Ադրբեջանի կոմկուսի կենտկոմ, ուղղակի փոթորիկ էր առաջացրել:
Ոչ միայն ապրում, այլ նաև ստեղծագործում էինք տոտալիտար համակարգի մամլիչի տակ:
Հիմա նույնիսկ գտնվում են մարդիկ, որոնք նմանատիպ քաղաքականություն իրականացնող այս շրջանի մասին փորձում են արդարացում գտնել՝ լավ արարքներ ևս վերհիշելով: Եկե՛ք չմոռանանք ապազգային ռազմավարություն իրականացնելու խնդրում իշխանական դրածոները, որպես կանոն, չէին զլանում մարտավարական գույնզգույն խայծեր մատուցել, այն էլ՝ առատ: Ուրեմն՝ կույր չլինենք, գոնե տարիներ հետո, որ դրանք չորակենք ազգօգուտ գործողություններ՝ հանուն սերունդների անսխալ դասի ու իմացության»:
Սիրելի Վարդան, այդ տարիներին, երբ դու աշխատում էիր Սովետական Ղարաբաղ թերթում, ես թերթի մշտական թղթակիցն էի, դժվար էր դիմանալ քո պահանջկոտությանը, իմ կյանքի առաջին դասերը սերտեցի քո անմիջական հորդորով։
Ժամանակի հոգևոր ու աշխարհիկ շատ մեծերի հետ ունեցել եմ հանդիպումներ, շփումներ, մտերմություն, արժանացել նրանց գնահատանքին, սակայն ավելի շատ ոգևորվել եմ քո հավատ ներշնչող խոսքերով։
Երբ Ստեփանակերտում քո ձեռամբ ստացա Արցախի գրողների միության անդամության վկայականը, այդ պահից իմ ուսերին մեծ պատասխանատվություն դրիր, ամեն կերպ փորձում էի արդարացնել քո հույսերը։
Վարդան Հակոբյան – «Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինից մինչև հայ գրականության դասականներ՝ Հովհաննես Շիրազ, Պարույր Սևակ, Համո Սահյան, Սերգեյ Սարինյան, մինչև Հովհաննես Գրիգորյան, Արտեմ Հարությունյան: Դա ի՞նչ է տվել ինձ: Շատ բան: Այս անուններն ազգային արժեքներ են, եթե դրանց գումարենք նաև իմ ընկերներին, ապա պարզ կդառնա, թե ես որքան հարուստ եմ: Եվ ընդհանրապես, լավ ընկերների հարցում իմ բախտը կյանքում միշտ բերել է»:
Սիրելի Վարդան, Հայ դասականների հետ շփումներում և լավ ընկերների հարցում իմ բախտն էլ է բերել, քանի որ իմ առաջին լավ ընկերը դու ես եղել, դա նաև մեծ պատասխանատվություն էր, հետևելով հայտնի՝ ցույց տուր ընկերոջդ, ասեմ՝ ով ես դու, մյուս ընկերներիս ընտրելուց, հաշվի եմ առել, թե ինչպիսի կարծիք կունենաս դու։
Վարդան Հակոբյան – «Ես ճանապարհներ եմ տեսնում Արցախի համար, որ տանում է դեպի ցանկալի վաղը: Հիմա Արցախը վերագտնում է իրեն, բայց դա ասելով չի լինում, դա բարդ գործընթաց է, որ պահանջում է հետևողականություն ու անմնացորդ նվիրում, ջանք ու քրտինք, հնարամտություն, նախաձեռնողականություն, աչալուրջ տիրոջ մշտապես ներկա ձեռք ու աչք: Արցախի նոր իշխանությունները բավականին լավ սկիզբ են դրել: Կարևոր է նաև երկրի բարոյահոգեբանական ազնիվ մթնոլորտը, որն արդեն ստեղծվում է: Այն, ինչ արվում է՝ բոլորն են տեսնում»:
Վերջերս, մեր զրույցում, ասացիր՝ Արցախի ոչ մի ղեկավար, սրտացավ չի եղել, դրա համար էլ հաղթանակած երկրից հասանք մի աստիճանի, որ այսօր հայտնվեցինք շրջափակման մեջ։
Վարդան Հակոբյան – «Մի խնդիր ևս. ես ուզում եմ չմոռանանք, որ գիտությունն այն ասպարեզն է, ուր պատշաճ ու ճիշտ վերաբերմունքի դեպքում մենք կարող ենք լինել մրցունակ ու հաղթող: Սակայն մի բան պարզից էլ պարզ է՝ Արցախը գյուղատնտեսական երկիր է, հետևապես պիտի ծայրամասային գյուղերից մինչև քաղաքամերձ բնակավայրերը՝ անխտիր բոլորը շենանան, մարդաշատ դառնան, իսկ դրա միակ ելքը գյուղում աշխատատեղ ստեղծելն է: Մենք Ամերիկա հայտնաբերած չենք լինի, եթե նորից նշենք ու շեշտենք շերամապահությունը, այն եզակի ու եկամտաբեր ոլորտն է, որին պիտի դիմենք ու բաժանմունքներ բացենք Արցախի բազմաթիվ բնակավայրերում: Ըստ տեղանքի ու բնական ռեսուրսների պիտի լուծել տվյալ բնակավայրի ու տարածքի վերակենդանացման խնդիրը, մանավանդ՝ դրա լավագույն օրինակը տվել է Վանք գյուղի՝ արցախահայությանն արժանի հայրենանվեր հայորդի Լևոն Հայրապետյանը»:
Շատ էիր մտահոգված, որ Լևոն Հայրապետյանը չտեսավ Արցախի անկախության ճանաչումը, կարծում էիր թե մոտ ապագայում այդ հիմնախնդիրը կլուծվի։
Դու կյանքից հեռացար այն օրերին, երբ Արցախը շրջափակման մեջ է։
Վարդան Հակոբյան – «Հարցնում են՝ Դուք գտե՞լ եք Ձեր լավագույն բանաստեղծությունը: Այդ հարցը սովորաբար տալիս են տեղ հասած և արդեն վերադարձողներին, իսկ ես դեռ գնում եմ ու հավերժորեն գնալու եմ, որովհետև այդ բանաստեղծությունը, ուր էլ հասնես՝ մշտապես առջևում է: Բանաստեղծությունը, որի համար ծնվել է մարդը, դեռ ուշանում է: Սա իմ բանաձևն է, իմ հավատամքը, ես այն բանաստեղծությունն եմ ուզում գրել, որ պիտի երկրագնդի վրա բացառի պատերազմները, որովհետև ցանկացած երեխայի մահ, որ կատարվում է պատերազմող մեծերի մեղքով, խոսում է մարդու անսահման վայրենիության մասին: Ցավոք, մարդն այսօր ավելի վայրենի է, քան այն ժամանակ, երբ վայրենի էր: Բանաստեղծությունը բառերի հրավառություն չէ, այլ ժողովուրդների ազատ ապրելակերպ ու ստեղծարար մթնոլորտ, մարդկայինի սահմանադրորեն անսահմանադիր կարգավիճակ, բանաստեղծությունն աշխարհաստեղծություն է և կատարելություն: Իսկ ո՞վ է հասել կատարելության»:
Կատարելության, իհարկե, հասել էր բանաստեղծ, դրամատուրգ, Արցախի գրողների միության նախագահ, Արցախի օրհներգի բառերի հեղինակ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բազմաթիվ գրքերի հեղինակ՝ Վարդան Հակոբյանը, նա հեռացավ կյանքից իր ուսերին տանելով Արցախ աշխարհի բոլոր ցավերն ու հոգսերը։ Տիեզերական խաղաղություն նրա վրդովված հոգուն։
Սրտի ամսահման ցավով՝
Անժելա ՍԱՀԱԿՅԱՆ
Փարիզ