Հակակոռուպցիոն դատարանում այսօր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լեւոն Երանոսյանի եւ եւս երկու նախկին պաշտոնյաների՝ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի եւ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով հերթական դատական նիստն էր։ Նրանք մեղադրվում են պաշտպանության նախարարությունում եւ ոստիկանությունում գույք եւ պետական միջոցներ վատնելու, պաշտոնեական կեղծիք թույլ տալու ու մի շարք այլ հոդվածներով․ պետությանը պատճառվել է մոտ 114 միլիոն դրամի վնաս։
Դատարանն անցավ մեղադրյալներից ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանի շահերի պաշտպան Գագիկ Խաչիկյանի՝ դեռեւս երկու տարի առաջ ներկայացրած միջնորդությունների քննությանը։ Խաչիկյանը նշեց, որ իրենց մասով գործի անջատման մասին միջնորդությունն արդեն կորցրել է արդիականությունը, ուստի այն չեն պնդում, որովհետեւ երկու տարում եթե դիմացել են, ապա հիմա մնացած գործընթացը կանցնեն նույն ռեժիմով։ Իսկ խափանման միջոցը (ստորագրություն երկրից չհեռանալու մասին) վերացնելու մասին միջնորդությունը Թունյանի պաշտպանը պնդեց։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Վարդան Թունյանը ոստիկանապետի նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանին դրդել է ՀՀ ոստիկանության զորքերում ծառայության ընդունած իր ծանոթին ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց: Լեւոն Երանոսյանը, Վարդան Թունյանի խնդրանքը կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները՝ հանձնարարել է իր անմիջական ենթակայության ներքո գտնվող` ՀՀ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանին` նշված անձին ազատել զորամասի դասակի հրամանատարի պարտականությունների կատարումից: Փոխարենը վերջինս որպես վարորդ սպասարկել է Վարդան Թունյանին` 2014-2018 թվականների համար ստանալով զորամասի դասակի հրամանատարի դրույքաչափով ընդհանուր 7.954.103 ՀՀ դրամ աշխատավարձ․ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:
Կարդացեք նաև
Բացի այդ, Վարդան Թունյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ոստիկանության մեկ այլ աշխատակցի հանձնարարել է աշխատանքային բուն գործառույթները կատարելու փոխարեն, պետական միջոցների հաշվին իրականացնել իր ընտանիքի անդամների փոխադրումը տարբեր վայրեր: Արդյունքում 2016-2018 թվականների ընթացքում հիշյալ աշխատակցին անհիմն վճարվել է 3.750.960 ՀՀ դրամ աշխատավարձ:
Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Վարդան Թունյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014-2018 թվականների ընթացքում յուրացրել է 2.762.275 ՀՀ դրամ արժողությամբ 7445 լիտր բենզին:
Վարդան Թունյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը (լուսանկարում) դատարանին հայտնեց, որ Թունյանը նախկինում դատապարտված եւ արատավորված չի եղել․ «Համոզված եմ, որ առանց խափանման միջոցի առկայության՝ նա դատաքննության ընթացքում կդրսեւորի պատշաճ վարքագիծ»։
Վարդան Թունյանն իր հերթին հայտարարեց, որ իր համար ամենակարեւորն աշխատանքի իրավունքն է․ «Պետական եւ մասնավոր որեւէ գործատուի համար ողջամիտ չի լինի պատասխանատու պաշտոն տալ մեկին, որը խափանման միջոցի տակ է։ Երեխաներս ուսանող են։ 58 տարեկան եմ դեռ։ Չեմ կարողանում իրացնել աշխատանքի իրավունքս։ Ես դատական գործընթացից բացակայելու խնդիր չունեմ։ Միշտ ներկայացել եմ»։
Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միացավ գործընկերոջ միջնորդությանը։
Հանրային մեղադրողը միջնորդության դեմ առարկեց՝ շեշտելով, որ խափանման միջոցը հանրային այլ վտանգավոր արարքները կանխարգելելու համար է։ Վարդան Թունյանն արձագանքեց․ «Խնդիրն այն է, որ գործատուն նպատակահարմար չի համարում․․․ներողություն եմ խնդրում բոլորից, բայց առաքիչի աշխատանքի մասին չէ խոսքը։ Իմ աշխատանքը շփումներ եւ հանդիպումներ է ենթադրում, եւ գործատուն հաշվի է առնում խափանման միջոցի առկայությունը»։
Մեղադրողը պատասխանեց․ «Թունյանը քանիցս բացակայել է ՀՀ-ից եւ վերադարձել։ Չհասկացա, թե ինչով է սահմանափակվում նրա տեղաշարժը ՀՀ-ում՝ ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոցի առկայության դեպքում։ Որ ժամանակ նա ցանկացել է բացակայել ՀՀ-ից, դատարանը թույլատրել է։ Խափանման միջոցը պաշտոն զբաղեցնելու համար չի կարող արգելք հանդիսանալ»։
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը որոշեց միջնորդությունը մերժել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ