Լրահոս
Օրվա լրահոսը

Սրա նպատակը Գրիգորի Խաչատուրով անունն արատավորելն է. փաստաբանները բացահայտում են Գրիգորի Խաչատուրովի քրեական գործ միֆերը

Մարտ 20,2023 14:04

2023-ի փետրվարի 7-ին գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԱԺ, Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն ստանալու հարցով, և այդ միջնորդության քննարկման ընթացքում առաջ քաշվեցին մի շարք առասպելներ՝ միֆեր, որոնց մերկացմամբ էլ ուզում ենք այսօր զբաղվել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի շահերի պաշտպան Հակոբ Ենոքյանը՝ հավելելով, որ այդ ժամանակ Գրիգորի Խաչատուրովին վերաբերող մի շարք կեղծ տեղեկություններ շրջանառվեցին, որոնք մեծամասամբ նպատակ ունեին արատավորել նրա բարի համբավը:

Միհրան Պողոսյան

«Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ գործ կամ վարույթ ասածը շատ մեծ չակերտների մեջ ենք վերցնում, որովհետեւ նրա վերաբերյալ նորմալ իրավական երկրում, այս պայմաններում չէր կարող իրականացվել որևէ քրեական հետապնդում: ԱԺ-ում այդ քննարկման ժամանակ 12 հարց է ուղղվել դատախազին, որոնցից 9-ի առանցքում եղել է Գրիգորի Խաչատուրովը, նրա կողմից ենթադրյալ կատարած գործողությունները, ընդ որում՝ այդ 9 պատասխանները սուտ են»,- նշեց փաստաբան Միհրան Պողոսյանը:

Միֆերից առաջինը մերկացնելու նպատակով՝ Պողոսյանը նախ միացրեց ձայնագրությունը, որտեղ ԱԺ-ում կայացած քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարց է ուղղում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և իր խոսքով էլ՝ ժողովրդական լեզվով ձևակերպում տալով, ասում, թե «զորամասը վերածել են գումարի և դրան բացատրություն չկա»:

«Այն մարդիկ, որոնք այս քրեական գործի շրջանակում կպնդեն, թե զորամասը վեր են ածել գումարի կամ քրեական վարույթից տեղյակ չեն, կամ դիտավորյալ, միտումնավոր կեղծիքներ ու սուտ արտահայտություններ են անում պախարակելու համար Գրիգորի Խաչատուրովի անունը: Զորամաս, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել, դա միֆ է, որ հրամցվում է հանրությանը։ Գլխավոր դատախազը ԱԺ-ում պնդել է, որ օտարվել է զորամաս։ Ինձ հետ բերել եմ Էդգար Արշակյանի անունով սեփականության վկայականի պատճենը, որտեղ պարզվում է, որ որևէ զորանոց կամ զինվորների կացարան չկա։ Ինչպե՞ս հասկանանք, գլխավոր դատախազի այն պնդումը, որ դա զորամաս է եղել։ Ես առաջարկում եմ, որ նույն ԱԺ պատգամավորները, որ բողոքում են զորամասերի բացակայությունից, գնան և քնեն այնտեղ, չկա այդպիսի զորամաս, ամենավատ տրամաբանությամբ էլ այդ շենքը հարմարեցված զորամաս չենք կարող անվանել:

Զորամաս, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել: Դա ՊՆ-ին ամրակցված տարածք է եղել, որը ՊՆ-ն որոշել է վաճառել: Գրիգորի Խաչատուրովը որևէ առնչություն չի ունեցել վաճառքի և նրա հետ, թե ում վաճառեն: Ընդ որում, վերջին 5 տարում վաճառվել է ՊՆ-ին ամրակցված 71 միավոր տարածք: Այնպես չէ, որ անթույլատրելի գործարք է տեղի ունեցել: Մենք սեփականության վկայականի պատճենով հիմնավորում ենք, որ սա զորամաս չի եղել: Երբևէ 60-րդ հոդվածով սահմանված գույքի անօտարելիություն սահմանված չէ, կա ընթացակարգ, որը պահպանելով՝ գույքի վաճառքը թույլատրելի է։ Այս պարագայում իրենք պնդում են, որ ընթացակարգը չի պահպանվել, այլ ոչ թե չէր կարելի վաճառել»,- նշեց փաստաբանը՝ կրկնելով, որ նպատակը եղել է բանակի գեներալին պախարակելը։

Նա ընդգծեց, որ երբևէ այդ տարածքը որպես զորամաս չի ծառայել և տեղեկացրեց, որ այս պնդումները բարձրացվել են նաև նախաքննական մարմնում, սակայն գլխավոր դատախազի՝ քննության ուղղորդման հետևանքով դրանց ուշադրություն չի դարձվում. «Ամեն ինչ արվել է Խաչատուրովի՝ հայկական բանակի իրական գեներալներից մեկի բարի համբավը պախարակելու համար»,- ասաց փաստաբանը։

Գույքի իրական ձեռք բերողին թաքցնելու պնդումներին անդրադառնալով՝ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանը նախ դա անվանեց որպես երկրորդ միֆ, ապա արձանագրեց, որ դա որևէ նշանակություն չունի՝ իրավաբանական որակման տեսանկյունից։

Հակոբ Ենոքյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

«Գնորդի իրական կամ ոչ իրական լինելը իրավաբանական նշանակություն չունի այստեղ։ Դա պարզապես հանրային խոսք է՝ հանրությանը մանիպուլացնելու համար, որովհետև տպավորություն է ստեղծվում, թե մարդու անունը փոխել են, ուրիշ մարդ է հանդես եկել, մինչդեռ Գրիգորի Խաչատուրովը այդ գույքը ձեռք բերելու որևէ խոչընդոտ չուներ։ Առկա են դեպքեր, երբ ՊՆ ներկայացուցիչները վաճառված գույքերից ձեռք են բերել»,- ասաց Հակոբ Ենոքյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի փետրվարի 7 նիստում քննարկվում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ 

Ըստ ԱԱԾ-ի ձեռքբերած տվյալների՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ մասնավորապես, հողային օրենսգրքի խախտմամբ երկու զորամասերի՝ «Երասխ 1»-ի եւ «Երասխ 2»-ի տարածքները, որոնք ՊՆ-ի սեփականությունն են հանդիսացել, օտարվել են և անհամեմատ էժան գնով վաճառվել, իսկ X զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ ստացել գումար․ խեղաթյուրվել է նշյալ գույքի իրական պատկանելիությունը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031