«Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ իր ծրագիրն ավարտին չի հասցնի։ Եթե Գրիգորի Խաչատուրովի նման մարդիկ մնան ազատության մեջ, իրենց դավաճանական ծրագիրը կարող է վտանգվել։ Հետևաբար` հիմա սկսվելու է ճնշումների ակտիվ փուլ»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը՝ անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովի կալանավորմանը։
Նաիրա Մելիքյանը ցավով նշեց․ «Բոլոր տեղերից՝ Տավուշից սկսած, վերջացրած Արարատի, Գեղարքունիքի մարզերով, փորձելու են պոկել իրենց անհասկանալի խոսքով ասած՝ անկլավները, Զանգեզուրի միջանցքը բացելու են, և զարմացած ասում ենք՝ ո՞նց այսպես եղավ։ Ինչպես միշտ։ Երբ հինգ տարի է՝ այս ամենը մեր աչքի առաջ տեսնում ենք։ Գիտենք՝ ինչու ելքը այդպես եղավ, քանի որ մենք պատերազմի գնացինք դավաճանների հետ։ Սկսեցին գլխատել բանակը, բոլոր կարևոր ղեկավար անձանց դեմ քրեական, դատական գործեր բացեցին, սկսեցին նրանց վարկանիշի հետ խաղալ, սպառազինությունների պլանը փոխեցին և այլն։ Ամեն կերպ պատերազմ հրահրեցին, և գիտենք, թե 44 օր դրանք ինչով էին զբաղված»։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչած հայտարարություններին՝ Նաիրա Մելիքյանն ասաց․ «Մեզ նորից պատերազմ է սպասվում։ Իր ողջ ելույթը նրա մասին էր, որ պատերազմն անխուսափելի է, մենք բարեկամ չունենք, Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են մեզ ցեղասպանել։ Ժողովուրդ ջան, պատերազմ է լինելու, հարցնում եմ՝ հերթական պատերազմին ո՞ւմ հետ ենք գնում»։
Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե պատերազմում պարտվել ենք, քանի որ բանակում գործել է հինգերորդ շարասյուն, Նաիրա Մելիքյանն ասաց․ «Դուք եք հինգերորդ շարասյունը։ Այս օրհասական վիճակում, երբ երկիրը կանգնած է ահռելի պատերազմի շեմին, ընդամենը մեկ գեներալ կար, որն իր էությամբ ապացուցել էր, որ իր երկրի համար կանգնող է, այդ մարդուն տանում՝ փակում են։ Ու հիմա նրանք խոսում են հինգերորդ շարասյան մասին։ Եվ նորից լուռ ենք։ Կարող է՞ այս ժողովրդին հիպնոս են արել, բայց այդ դեպքում մեր վրա ինչո՞ւ չի ազդում այդ հիպնոսը։ Փորձում ենք հասկանալ մեր ժողովրդի անտարբերությունը, բայց դրան բացատրություն չկա»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարքագծին՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում, Նաիրա Մելիքյանն ասաց․ «Տեսնելով, որ ՌԴ-ն բարդ իրավիճակում է՝ փոխանակ ասեն՝ վերջին հաշվով մենք էլ պարտավորություն ունենք, գոնե մեզ նորմալ պահենք, առավոտից երեկո չհարձակվենք ՌԴ-ի վրա, մուննաթ են գալիս, թե մեզ չեն պաշտպանում։ Դու ինքդ քեզ պաշտպանում ե՞ս, որ նրանք քեզ պաշտպանեն։ Արցախում ռուս խաղաղապահներին ուզում եք հանել, որ Արցախն անարգել հանձնե՞ք, և նորից ժողովուրդը լուռ է։ Ու նորից Ռուսաստա՞նն է մեղավոր»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ