Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում շարունակում է քննարկվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը: Այս որոշման նախագծի համար հիմք է հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի եւ Սոս Հակոբյանի դիմումը՝ ուղղված ԱԺ բոլոր խմբակցություններին:
ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հետաքրքրվեց՝ «Հայաստան» խմբակցությունում, որը ներկայացրել է որոշման նախագիծը, եղե՞լ են պատգամավորներ, որոնք դեմ են եղել: Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ չեն եղել, որովհետեւ կան հստակ իրավական փաստեր ու համարել են, որ պետք է ՍԴ դիմել, թող ՍԴ-ն որոշի:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ Սեդա Սաֆարյանը գումար չի աշխատել ու այլ տեղից չի վարձատրվել այդ ընթացքում. «Չե՞ք կարծում, որ ՍԴ-ի համար արհեստական թրաֆիկ եք ստեղծում, որ «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքի հետ կապված քննարկումը հետաձգվի: Վերջին ժամանակահատվածում «Հայաստան» խմբակցությունը ՍԴ-ի վրա ddos հարձակում էր սկսել, ես եմ դա այդպես անվանում, շաբաթը մեկ մի հատ դիմում էր ուղարկում, որ ծավալի մեջ ՍԴ-ն պարզապես չկարողանա գործի»:
Նա հարցրեց՝ Սեդա Սաֆարյանը ի՞նչ հանցագործություն է արել: Քանի որ Արծվիկ Մինասյանը մեջբերել էր դատական նախադեպը դատավոր Գագիկ Խանդանյանի հետ կապված, որը դատավորի գործունեության հետ անհամատեղելի ձեռնարկատիրական գործունեությամբ էր զբաղվել ու դա խախտում էր դիտվել, Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Խանդանյանի մասով գիտենք ինչ էր արել, դատավոր լինելով հանդերձ՝ միջոցներ էր ձեռնարկել բաժնետոմսեր էր ձեռք բերել բավականին մեծ գումարով եւ այստեղ հարցեր են առաջանում՝ գումարը որտեղից, ինչու պիտի դատավորը դրանով զբաղվեր եւ այլն»:
Կարդացեք նաև
Նա նաեւ հակադարձեց Արծվիկ Մինասյանին, որ ՍԴ-ում վիճարկել են «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը: Մինասյանը պատասխանեց. «Ձեր դեմագոգ հայտարարությունները…»: Վլադիմիր Վարդանյանը թույլ չտվեց շարունակել՝ ասելով. «Ես ոչ մեկի թույլ չեմ տա, որ իմ հանձնաժողովում վիրավորեն, եւ որեւէ մեկը իրավունք չի կարողանա ունենալ օգտագործելու վիրավորական արտահայտություններ իմ նկատմամբ: Անդրադարձեք բովանդակությանը եւ եթե մի հատ էլ որակումներ ունենաք, կհանդիպենք այլ հատվածներում եւ արդեն ես կնախաձեռնեմ համապատասխան այլ հանձնաժողովի ստեղծում, որտեղ կքննարկվի ձեր վարքագիծը: Հուսամ դրան չենք հասնի»:
Ըստ Արծվիկ Մինասյանի, այն գործողությունները, որոնք իրենք իրականացրել են իրենց իրավունքների շրջանակներում, համարել չարամիտ, նույնական է, ինչ դեմագոգիան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ