Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեք կարողանում ներել Սեդա Սաֆարյանին, ոչ թե դուք, այլ ձեր փաստացի լիդերը՝ Ռոբերտ Քոչարյանը». Անդրանիկ Քոչարյան

Մարտ 20,2023 12:49

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցը: Այս որոշման նախագծի համար հիմք է հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի եւ Սոս Հակոբյանի դիմումը՝ ուղղված ԱԺ բոլոր խմբակցություններին:

Անդրանիկ Քոչարյան

Նիստին մասնակցում էր նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա ասաց, որ Սեդա Սաֆարյանի հետ շատ ծանր ճանապարհ է անցել Մարտի 1-ի փաստահավաք խմբի աշխատանքներն իրականացնելիս. «Արծվիկ Մինասյանը փաստեր ներկայացրեց, բայց փաստը Սեդա Սաֆարյանն է: Դուք չեք կարողանում ներել Սեդա Սաֆարյանին եւ նրա աշխատանքը հանրային կյանքում եւ փաստահավաք խմբում: Ոչ թե դուք, այլ՝ ձեր խմբակցության փաստացի լիդերը՝ Ռոբերտ Քոչարյանը: Դուք ասացիք, որ սա անձնական չի, կարող է ձեր կողմից անձնական չի, բայց անձնական չի նաեւ Ռոբերտ Քոչարյանի՞ կողմից, հավաքական, խմբային պատասխանատվության տեսանկյունից, թե՞ ընդհանրապես»:

Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ բոլոր հարթությունների մասով անձնական չի. «Հավատացնում եմ ձեզ, որ որեւէ ձեւով տիկին Սեդա Սաֆարյանի նախկին գործունեությունը չի այստեղ, խոսում ենք փաստերով: Մենք ընդդիմադիր եղած ժամանակ աշխատել ենք, նույն Մարտի 1-ի հանձնաժողովի անդամ էի ես: Եթե դուք վերցնեք օրինակ` այդ հանձնաժողովում մեր տված հատուկ կարծիքը կարդաք, կտեսնեք, ցավոք, չեք արել: Որեւէ ձեւով չի կարելի այս հարցը խեղաթյուրել, տանել այլ հարթություն: Տիկին Սեդա Սաֆարյանը փաստ չէ, նա անձ է, իրողություն, ով ՍԴ դատավոր է ընտրվել»:

Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, որ Սեդա Սաֆարյանի զեկույցները հիմք են հանդիսանում «Հայաստան» խմբակցության առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու. «Դա է կարեւոր փաստը իմ համար: Կան մարդիկ, որոնք ապրում են վրեժի զգացումով եւ մարդիկ, որոնք ղեկավարել են այս երկիրը: Վրեժի զգացումը դրեք մի կողմ, որպեսզի մեր երկիրը կարողանա առանց նման հետապնդումների առկայության իր առջեւ դրված խնդիրները լուծել: Խնդիրը Սեդա Սաֆարյանի անձն է ու իր հետեւում թողած հանրային ու պրոֆեսիոնալ գործունեությունը, որը հանգիստ չի տալիս շատ շատերին»:

Արծվիկ Մինասյանը հակադարձեց. «Եթե այդպես շարունակենք, բազմաթիվ մեղադրանքներ կարող եմ հնչեցնել անձամբ ձեր հասցեին, ձեր քաղաքական թիմի հասցեին: Բայց ես զերծ եմ այս պահին մնում, որովհետեւ հարցը վերաբերում է կոնկրետ փաստի: Անընդհատ ձեր կողմից վկայակոչելով երկրորդ նախագահի անունը՝ դրանից այս փաստերը չեն փոխվում, հասկանո՞ւմ եք: Երբ անընդհատ վկայակոչում եք Ռոբերտ Քոչարյանին, դրանից Սեդա Սաֆարյանի դիմումը չեկավ դեկտեմբերի 10-ին դարձավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031