Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը խնդրել է իր մուտքը դատական նիստերի դահլիճ ապահովել դատարանի հետնամուտքով

Մարտ 20,2023 12:38

Հակակոռուպցիոն դատարանում այսօր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լեւոն Երանոսյանի եւ եւս երկու նախկին պաշտոնյաների՝ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի եւ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով հերթական դատական նիստն էր։ Նրանք մեղադրվում են պաշտպանության նախարարությունում եւ ոստիկանությունում գույք եւ պետական միջոցներ վատնելու, պաշտոնեական կեղծիք թույլ տալու ու մի շարք այլ հոդվածներով․ պետությանը պատճառվել է մոտ 114 միլիոն դրամի վնաս։

Վլադիմիր Գասպարյանը, ըստ մեղադրանքի, ոստիկանության հաշվեկշռում գտնվող երկու անշարժ գույք ապօրինի հատկացրել է բնակարանի կարիք չունեցող ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, իսկ մեկ այլ գույք նվիրել է ոստիկանության զորքերում առանց աշխատանքի գնալու գրանցված եւ այլ զբաղմունք ունեցած անձի՝ իր դստեր պրոդյուսերին։ Վլադիմիր Գասպարյանի դուստրը 2015թ․-ից աշխատել է ոստիկանությունում, բայց աշխատանքի չի գնացել ու տարեկան ստացել է մոտ 9 միլիոն դրամ (նաեւ փոխգնդապետի կոչում): Ոստիկանությունում աշխատել է նաեւ Վլադիմիր Գասպարյանի կինը, բայց երկարաժամկետ բացակայություններ է ունեցել (ստացել է գնդապետի կոչում):

Վլադիմիր Գասպարյանը մեղադրանքը չի ընդունում, բայց պետությանը պատճառված 114 միլիոն դրամի կեսը վերականգնել է։

Այս նիստի ընթացքում Վլադիմիր Գասպարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դատարանին փոխանցեց Գասպարյանի դիմումը՝ իր մուտքը նիստերի դահլիճ դատարանի հետնամուտքից ապահովելու վերաբերյալ։

Դատավոր Վարդգես Սարգսյանը նշեց, որ հաշվի առնելով դատարանի շենքային պայմանները՝ դատարանի մուտքը եւ ելքը հատուկ պահպանման ռեժիմի տակ են, եւ դատարանը զրկված է համապատասխան միջոցներ տրամադրելուց։ Դատավորը շեշտեց, որ նման կարգավորում առկա է միայն գործող եւ պաշտոնաթող նախագահների եւ մի շարք այլ պաշտոնյաների պարագայում, իսկ Վլադիմիր Գասպարյանն այդ կարգավորմանը համապատասխան պաշտոն չի զբաղեցրել։

Ինչ վերաբերում է Լեւոն Երանոսյանի մեղադրանքին, ապա նա, տեղյակ լինելով Գասպարյանի ընտանիքի անդամների՝ ծառայողական պարտականությունները չկատարելու մասին, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլ վատնել է պետական միջոցները, այն է` պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է ՀՀ ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը, որոնց հիման վրա Գասպարյանի ընտանիքի անդամներին 2015-2018 թվականների ընթացքում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 8.838.362 ՀՀ դրամ: Բացի այդ, Լեւոն Երանոսյանի հանձնարարությամբ ամբողջությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով կազմակերպվել է Գասպարյանի ընտանիքի անդամի՝ երեք օրով բարձր պաշտոնի նշանակելու ձևական գործընթաց, որով ապահովվել է վերջինիս փոխգնդապետի զինվորական կոչում շնորհելը:

Բարձր ճնշման հետեւանքով Վլադիմիր Գասպարյանի ինքնազգացողության վատացման պատճառով շտապօգնություն է կանչվել դատարան։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Aravot.am-ը չի տեսանկարահանել մեղադրյալներին, քանի որ նրանք դատարանին հայտնել են, որ տեսանկարահանվել չեն ցանկանում, եւ դատարանն ավելի վաղ նրանց խնդրանքը հաշվի է առել։ Գասպարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այս նիստում դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նիստին ներկա ԶԼՄ-ները նախորդիվ չեն ապահովել դատարանի որոշման կատարումը։ Դատարանը կրկին ներկա ԶԼՄ-ներին հորդորեց պահպանել որոշումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031