Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեդա Սաֆարյանին սադրել են գործ վերցնելու, կբացահայտվի». ՔՊ-ն ընդդիմությանը հակադարձում է Քոչարյանի օրոք գործ կարելու դեպքերով

Մարտ 20,2023 12:25

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցը: Այս որոշման նախագծի համար հիմք է հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի եւ Սոս Հակոբյանի դիմումը՝ ուղղված ԱԺ բոլոր խմբակցություններին:

Հիմքը հետեւյալն է՝ Սեդա Սաֆարյանը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցվել է դեռ 1994-ի օգոստոսի 11-ին, 2022-ի սեպտեմբերի 15-ին նա ԱԺ որոշմամբ ընտրվել է ՍԴ դատավոր: ԱԺ-ում, որպես ՍԴ դատավոր, երդվել է դեկտեմբերի 16-ին: Նա անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը դադարեցրել 2023-ի հունվարի 27-ին, այսինքն, ըստ պետռեգիստրի, Սաֆարյանը որպես անհատ ձեռնարկատեր գործել է առանց ընդհատումների 1994 թվականի օգոստոսից մինչեւ 2023-ի հունվարի 27-ը: Մինչդեռ, ըստ Սահմանադրության 164 հոդվածի 6-րդ մասի, դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական մարմիններում, որեւէ պաշտոն առեւտրային կազմակերպություններում, զբաղվել առեւտրային գործունեությամբ, որեւէ վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթականից:

Արծվիկ Մինասյան

Այս հիմնավորումները ներկայացնելով՝ հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը պնդեց, որ նա իր կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեությամբ է զբաղվել, ուստի հորդորեց դիմել Սահմանադրական դատարան, թող իրենք որոշեն՝ խախտում արե՞լ է տիկին Սաֆարյանը, թե՞ ոչ. «Եվրոպական դատական ակտ կա, որտեղ չափազանց կարեւորվում է նման մարմիններում մասնագիտական գործունեություն ծավալող անձանց բարձր մասնագիտական չափանիշը: Ելնելով այն բանից, որ Սեդա Սաֆարյանը բարձր մասնագիտական չափանիշ է բավարարել, չէր կարող սա ներկայացնել՝ իբրեւ անուշադրության արդյունք: Ոչ մի անձնական բան չկա, զուտ իրավական»:

Վահագն Ալեքսանյան

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը համաձայնեց Արծվիկ Մինասյանի հետ, որ Սաֆարյանն իսկապես ունի բարձր մասնագիտական որակավորում ու հիմնավորեց. «Այլապես նրան չէր հաջողվի ՄԻԵԴ-ում ապացուցել, որ 2004-ին Վարդենիսում մի ընտանիքի վրա ուղղակի գործ է կարվել, խախտվել է նրանց արդար դատաքննության իրավունքը եւ 2004-ից մի ամբողջ ընտանիք նստած է եղել բանտում՝ 13 եւ 9 տարի ազատազրկումով: Ուրիշ բան, որ այդ ժամանակ երկրի քաղաքական իշխանությունը խրախուսող էր նման դատական վճիռների նկատմամբ»:

Հետո Ալեքսանյանը հարցրեց՝ նախորդ անգամ ՍԴ դիմել էիք «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքի հետ կապված, որեւէ կապ կա՞ այս երկու դիմումների միջեւ եւ քանի՞ պատգամավոր է ձեր խմբակցությունից անցնում «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» գործերով․ «Սեդա Սաֆարյանը ինչ-որ մեկից գումա՞ր է վերցրել, ծառայություն մատուցել, թե՞ ոչ»:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ իրենց դիմումը ՍԴ ոչ թե «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի չեղարկմանն էր վերաբերում, այլ վիճարկել են կոնկրետ ձեւակերպումներ, որոնք իրավական անորոշություն են ստեղծել: Ըստ Մինասյանի, արհեստականորեն փորձում են միջանձնային ինչ-որ կապեր փնտրել ՔՊ-ականները, ինչը տեղին չէ. «Սեդա Սաֆարյանը փաստաբանական արտոնագրի դադարեցումը նոյեմբերին է ներկայացրել, ինչո՞ւ չի արել նույնը ձեռնարկատիրական գործունեության համար, որեւէ հիմնավոր փաստարկ չենք կարող գտնել: Կա՞՝ ասեք»:

Վահագն Ալեքսանյանն արձագանքեց. «Որ ասում եք, թե դուք կողմ եք «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքի կիրառմանը, ինձ թվում է՝ Սեյրան Օհանյանի կինը ձեզ հետ համաձայն չի, կամ Սեյրան Օհանյանն էլ համաձայն չի: Սեդա Սաֆարյանի փաստաբանական լիցենզիան եղել է հենց այդ ԱՁ-ի հիմքը, այսինքն, ԱՁ-ով տրամադրել է փաստաբանական ծառայություն: Փաստացի ոչ մի գործունեություն չէր կարող ծավալել այդ ԱՁ-ով: Ինչ վերաբերում է փաստաբանական գործունեությունը դադարեցնելուն, հետաքրքիր հանգամանք կա այստեղ՝ նոյեմբերի 30-ին տիկին Սաֆարյանը դիմում է գրել, որ խնդրում եմ իմ փաստաբանական լիազորությունները դադարեցնել դեկտեմբերի 8-ին, ամսի 15-ին Փաստաբանների պալատն անում է նիստ ու որոշում է նրա լիցենզիան կասեցնել նոյեմբերի 30-ով, այս հանգամանքը շատ հետաքրքիր է: Այդ ընթացքում որոշակի սադրիչ գործողություններ են տեղի ունեցել Սեդա Սաֆարյանի նկատմամբ, ընտրվելուց մինչեւ պաշտոնը ստանձնելու ժամանակահատվածում սադրել են գործ վերցնելու, սա անելու, նա անելու ու շատ անբնական եղանակով է դա եղել: Ինձ թվում է գործ ունենք այստեղ շատ հետաքրքիր մի երեւույթի հետ, որը կբացահայտվի»:

Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց, որ բացարձակ կապ չունի՝ Սեդա Սաֆարյանը վճարովի՞ է մատուցել ծառայություններ, թե՞ ոչ, խոսքը իր կարգավիճակի անհամատեղելիությանն է վերաբերվում. «Սադրանքներ են եղել եւ այլն, դա մեր քննարկման հարցը չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031