Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեղամ Ստեփանյան. ՀՀ-ն պարտադիր պետք է դիմի Անվտանգության խորհուրդ՝ պահանջելով, որ Ադրբեջանը կատարի դատարանի որոշումը. «Ապառաժ»

Մարտ 20,2023 12:08
Արցախի շրջափակման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ծավալած աշխատանքների շուրջ է «Ապառաժ»-ի զրույցը Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ:

-Երեք ամսից ավելի է՝ շարունակվում է Արցախի շրջափակումն Ադրբեջանի կողմից: Ըստ Ձեզ, արդյո՞ք բոլոր հնարավոր միջոցները գործադրվել են հումանիտար աղետի մասին ահազանգելու համար և արդյո՞ք համարժեք են միջազգային արձագանքները:

-Կդժվարանամ պնդել, որ մեթոդներն ու բոլոր խողովակներն օգտագործվել են, որովհետև դա մշտական աշխատանք է և պետք է հետևողականորեն «տաք» պահել թեման: Ընդհանուր առմամբ, եթե գնահատենք, թե ի՞նչ միջոցներ և խողովակներ են օգտագործվել, կարող եմ ասել, որ բավական ակտիվորեն աշխատել են և Արցախի կառույցները, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, և հայաստանյան կառույցները, և հայկական սփյուռքի մեր կազմակերպությունները, որոնք  այսօր էլ շարունակում են նույն խնդիրները բարձրաձայնելու ուղղությամբ աշխատանքները: Բայց ևս մեկ անգամ պետք է ընդգծեմ, որ սա չդադարող աշխատանք է: Այն, որ շրջափակումը դեռ շարունակվում է և մեր ցանկալի արդյունքին՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և ստիպելու, որ ապաշրջափակի Արցախը և հետևի իր միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին, չենք հասել, կարող եմ ասել, որ աշխատանքը պետք է շարունակվի, և մեծ հաշվով՝ մինչև այդ խնդիրը չլուծվի, որևէ բավարարվածություն չենք կարող ունենալ:-Միջազգային արձագանքների առումով՝ արդյո՞ք երկակի ստանդարտներ չեք նկատում մեր հարցի և նմանատիպ այլ խնդիրների հետ համեմատություն անցկացնելով:

-Ոչ միայն նկատում ենք, այլ նաև դրա մասին բարձրաձայնում ենք, և ոչ միայն հրապարակային, այլ նաև փակ հանդիպումների ժամանակ: Ես այս ընթացքում առիթ եմ ունեցել հանդիպելու միջազգային պաշտոնյաների, որոնց հետ հանդիպումները միշտ փակ են լինում: Եվ անգամ այն հանգամանքը, որ նրանք չեն համաձայնում, որ այդ հանդիպումները բաց լինեն, խոսում է հենց այդ երկակի ստանդարտների և միջազգային դերակատարների մոտ համարձակության բացակայության մասին, որ վեր դասեն մարդու իրավունքների օրակարգը քաղաքական, աշխարհաքաղաքական կամ այլ շահերից: Մշտապես խոսում ենք այն մասին, որ հատկապես այն երկրները, որոնք առաջնորդվում են մարդու իրավունքների և ժողովրդավարության կարևոր արժեքներով, մի պարագայում ամբողջությամբ այլ կերպ են արձագանքում, մեր պարագայում՝ այլ: Իհարկե, դրականորեն պետք է արձանագրել այն, որ շրջափակման ընթացքում մեր իրավիճակի մասին նրանց տեղեկացվածությունը և նրանց վերաբերմունքը որոշակի վերափոխման է ենթարկվել:

Եթե մինչև շրջափակումն ընկած ժամանակահատվածում նման հանդիպումների ժամանակ նշում էի, որ Ադրբեջանը էթնիկ զտման քաղաքականություն է որդեգրել ու վարում, շատ հաճախ տեսնում էի որոշակի կասկածամտություն կամ կարծիք, թե իբր ուռճացվում է իրավիճակը կամ ավելի բարդ է ներկայացվում, բայց շրջափակումը շատ հարցերի պատասխան տվեց և նրանք ևս համոզվեցին մեր պնդումների ճշմարտացիության և արդարացիության մեջ: Նաև խոսույթի հստակ տարբերություն եմ նկատել մինչև շրջափակումը իմ հանդիպումների և դրանից հետո ընկած ժամանակահատվածում տարբեր հանդիպումներից: Եվ կարծես թե տարբեր դերակատարների մոտ կա այն համոզմունքը, որ Ադրբեջանի արածը նպատակաուղղված է Արցախի հայ բնակչությանն իրենց հայրենիքից զրկելուն, և այստեղ է գալիս այն հրամայականը, որ այդ համոզմունքը պետք է վերածվի հստակ գործողությունների. եթե չի վերածվում հստակ գործողությունների, ուրեմն գործ ունենք երկակի ստանդարտների հետ:

Եթե կա համոզմունք, որ Ադրբեջանի կողմից վարվում է էթնիկ զտման քաղաքականություն և միջազգային հանրությունը հավուր պատշաճի չի արձագանքում դրան, ուրեմն սին և դատարկ են բոլոր այն խոսակցությունները, որոնք գեղեցիկ դահլիճներում միշտ բարձրաձայնվում են: Սա այն կարևոր ուղերձն է, որը և իմ հրապարակային ելույթներում և փակ հանդիպումների ժամանակ մշտապես բարձրաձայնում եմ տաբեր միջազգային պաշտոնյաների առաջ՝ հույս ունենալով, որ ի վերջո նրանց միջամտությամբ և աջակցությամբ ավելի բարձր մակարդակում որոշում կայացնողներն ի վերջո կհանգեն հստակ գործողություններ ձեռնարկելու եզրակացությանը:

44-օրյա պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում ՄԻՊ հաստատությունը բազմիցս բարձրաձայնել է Ադրբեջանի հանցավոր գործողությունների մասին, բայց ցավոք սրտի դրանք արձագանք չէին գտնում անգամ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում: Շրջափակման ժամանակահատվածում առնվազն երեք ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպություններ իրենց հստակ դիրքորոշումը հայտնել են՝ պնդելով, որ Ադրբեջանը պետք է անհապաղ վերացնի շրջափակումը: Որոշում կայացնողները մշտապես հղում են անում նաև իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներին, այսինքն՝ դրանք ծառայում են որպես ահազանգեր տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների համար: Հիմա այդ ահազանգը կա, ընդ որում՝ շատ դերակատարների կողմից, և մենք ակնկալում ենք, որ դա ի վերջո իր գործնական արդյունքը կունենա:

-Բոլորս մեծ ակնկալիքներ ունեինք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, Հաագայի դատարանի որոշման հետ կապված, բայց իրականում կարծես միայն կոչերի մակարդակում են դրանք: Արդյո՞ք դատարանի որոշումը գործադրելու միջոցներ չկան:

-Մեզ մոտ մշտապես այն ակնկալիքը կա, որ հարցն անմիջապես լուծում կստանա, բայց, ցավոք սրտի, միջազգային համակարգն այդպես չի աշխատում, և  եթե համեմատական տանելու լինենք, ապա պետք է կուտակման էֆեկտի մասին խոսենք: Պետք է ինչ-որ թեմայի շուրջ ազդակներն այնքան կուտակվեն, որ միջազգային հանրությունը գնա կոնկրետ գործողությունների: Համենայն դեպս, մենք պետք է այդ ուղղությամբ աշխատենք: Իհարկե, այդտեղ կան քաղաքական, տնտեսական շահեր, որոնք մեր օգտին չեն այս պահին աշխատում և կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում մեր օգտին էլ չեն լինելու: Բայց մենք ունենք մի կարևոր խաղաքարտ. այն է, որ այս պայքարում մենք արդարացի ենք, ճշմարտությունը մեր կողմն է, և ինչպես նշեցի, միջազգային տարբեր դերակատարների և պաշտոնյաների մոտ համոզմունք կա, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրել իր հողի վրա, կա արձանագրված խտրականություն և կան մարդկանց կյանքի իրավունքի նկատմամբ Ադրբեջանի կողմից անընդհատ ոտնձգություններ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումների ժամանակ գրեթե բոլոր անդամները նախ որևէ ձևով չեն լեգիտիմացրել Ադրբեջանի բնապահպանական պահանջները, այսինքն՝ անտեսել և կեղծ են համարել Ադրբեջանի բնապահպանական մտահոգությունները, բացառությամբ մեկ-երկու երկրի: Հստակ նշել են, որ Արցախի ժողովրդի իրավունքները պետք է ապահովել: Սակայն հարցը Անվտանգության խորհրդում քաղաքական տարբեր շահերով, գործընթացներով պայմանավորված փաստաթղթի չվերածվեց: Բայց դրանից, այնուհետև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում հարցը քննության վերցվեց և դատարանի որոշումը կայացվեց 2023թ. փետրվարի 22-ին ՝ հստակ արձանագրելով, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել միջանցքով մարդկանց, մեքենաների և բեռների երկկողմանի անվտանգ տեղաշարժը:

Մենք գործ ունենք մի երկրի հետ, որը բացահայտ և անթաքույց հայտարարում է, որ չի պատրաստվում հետևել միջազգային կոչերին: Ալիևը բազմաթիվ հայտարարությունների և հարցազրույցների ժամանակ ասել է, որ չկա միջազգային իրավունք: Մենք գործ ունենք մի երկրի հետ, որը չի կատարում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Բայց այնպես չէ, որ դատարանի որոշումը չկատարելը չպետք է իր հետևանքները չունենա: Միջազգային իրավունքով կա սահմանված ընթացակարգ. եթե կողմերից մեկը չի կատարում դատարանի որոշումը, ապա մյուս կողմը պետք է նման հարցով դիմի Անվտանգության խորհուրդ, որը պետք է որոշի դատարանի որոշման կատարման հետագա քայլերը: Այդ քայլերի մեջ կարող են լինել պատժիչ, պարտադրող գործողություններ: Հիմա մենք հենց այդ փուլում ենք. մոտ քսան օր է անցել որոշման հրապարակումից և Ադրբեջանը չի կատարում այն, և ժամանակն է, որ այդ հարցով նորից Անվտանգության խորհրդի նիստ գումարվի: Կարծում եմ, որ եթե իրավիճակը շարունակում է մնալ այսպիսին, ապա ՀՀ-ն պարտադիր պետք է դիմի Անվտանգության խորհուրդ՝ պահանջելով, որ Ադրբեջանը կատարի դատարանի որոշումը: Այս ուղղությամբ պետք է երկկողմ աշխատանքներ տարվեն Անվտանգության խորհրդի բոլոր անդամների հետ՝ նրանց դրական վերաբերմունքը և հարցի վերաբերյալ արդարացի և ճիշտ դիրքորոշումը երաշխավորելու և ապահովելու համար:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031