Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինին կկալանավորե՞ն. JAMnews

Մարտ 20,2023 11:22

JAMnews. Հաագայի միջազգային դատարանը մարտի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների հարցերով Ռուսաստանի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու որոշում է կայացրել։ Երկուսն էլ ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման և տեղահանման մեջ կասկածյալի կարգավիճակ ունեն։

«Սա նշանակում է, որ Ռուսաստանի սահմաններից դուրս Պուտինը պետք է ձերբակալվի և դատվի։ Եվ համաշխարհային առաջնորդները երեք անգամ կմտածեն նրա ձեռքը սեղմելուց կամ նրա հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելուց առաջ»,- ասում է Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը։

Այսպիսով, ի՞նչ է իրենից ներկայացնում Միջազգային քրեական դատարանը և ինչո՞ւ է Պուտինին ձերբակալելու որոշում ընդունել:
Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) լիովին անկախ կառույց է, որը տեղակայված է Հաագայում՝ Նիդերլանդներում: Այն ստեղծվել է Հռոմի ստատուտ կոչվող պայմանագրի հիման վրա, որն առաջին անգամ ներկայացվել է ՄԱԿ-ին։

Մոլորակի երկրների մեծ մասը՝ 123-ը, այդ պայմանագրի անդամ են։

Վրաստանը Հռոմի ստատուտը վավերացրել է դեռևս 2003 թվականին։

Հայաստանն ու Ադրբեջանը այն բացառությունների շարքում են, որոնք չեն վավերացրել Հռոմի ստատուտը։ Այդ ցանկում են նաև Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ուկրաինան և Չինաստանը։ Ճիշտ է՝ Ուկրաինան նախկինում ճանաչել է Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը:

ՄՔԴ-ն կոչված է լինել «վերջին ատյանի» դատարան: Բայց այն չպետք է փոխարինի երկրի արդարադատության համակարգին։

ՄՔԴ-ն կազմված է 18 դատավորներից, որոնց պաշտոնավարման ժամկետն ինը տարի է: Նրանք դիտարկում են հանցագործությունների չորս տեսակ՝

ցեղասպանություն,
մարդկության դեմ հանցագործություններ,
ագրեսիայի հանցագործություններ,
պատերազմական հանցագործություններ։

Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու հրահանգ է տվել՝ ուկրաինացի երեխաներին Ռուսաստան արտաքսելու ենթադրյալ սխեմայի համար։

Ուկրաինայի կառավարությունը հայտարարում է, որ հազարավոր անհետ կորած ուկրաինացի երեխաներ իրականում բռնի ուժով տեղափոխվել են Ռուսաստան։ Ռուսաստանի կառավարությունը չի հերքում, որ տանում է ուկրաինացի երեխաներին։ Ավելին, ռուսական ընտանիքների կողմից նրանց որդեգրումը դարձել է քարոզչության կենտրոնական էլեմենտներից մեկը։

Լվովա-Բելովայի գրասենյակը հայտնել է, որ ուկրաինացի երեխաներին ուղարկել են ապրելու Ռուսաստանի 19 տարբեր շրջանների, մասնավորապես՝ Նովոսիբիրսկի, Օմսկի, Տյումենի և Մուրմանսկի ինտերնատներ և խնամատար ընտանիքներ։

2022 թվականի ապրիլին Լվովա-Բելովայի գրասենյակը հայտարարել էր, որ Ուկրաինայից մոտ 600 երեխայի տեղավորել են Կուրսկի և Նիժնի Նովգորոդի մանկատներում, այնուհետև ուղարկել են Մոսկվայի մարզ՝ ընտանիքներում ապրելու։

Մոսկվայի մարզի նահանգապետը հոկտեմբերի կեսերին հայտնել էր, որ այնտեղ բնակվում են Ուկրաինայի արևելյան Դոնբասից 800 երեխաներ, որոնցից շատերը ընտանիքներում են:

Պուտինին իսկապես կձերբակալե՞ն

Դժվար թե դա տեղի ունենա, համենայն դեպս մոտ ապագայում։

ՄՔԴ-ն հեռակա դատավարություններ չի իրականացնում։ Ուստի Պուտինը կամ պետք է արտահանձնվի Ռուսաստանի կողմից, կամ ձերբակալվի երկրի սահմաններից դուրս։ Երկու տարբերակներն էլ քիչ հավանական են թվում։

Բայց կա մի կարևոր կետ՝ միջազգային հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։

Պուտինը երբեք չի կարողանա մեկնել այն երկրներ, որոնք վավերացրել են Հռոմի ստատուտը, ինչպես նաև այն երկրներ, որոնք ճանաչում են Հաագայի դատարանի իրավազորությունը։ Այդ երկրների ցանկում, ի թիվս այլոց, ընդգրկված են Ռուսաստանի առաջնորդին հավատարիմ Տաջիկստանը, Վենեսուելան և Աֆղանստանը։ Եթե ​​Վլադիմիր Պուտինը այցելի այդ երկրներ, ապա տեղի իշխանությունները ստիպված կլինեն նրան դատարան հանձնել։

Նախազգուշացում ուրիշների համար

«Սա կարևոր օր է 2014 թվականից ի վեր Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից իրականացված հանցագործությունների բազմաթիվ զոհերի համար։ Այս հրամաններով ՄՔԴ-ն առաջին քայլն է արել՝ վերջ տալու անպատժելիությանը, որը չափազանց երկար ժամանակ ոգեշնչում էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեղավորներին»,- ասել է Human Rights Watch-ի փոխտնօրեն Բալկիս Ջարահը:

«Սա հստակ ազդանշան է, որ քաղաքացիական անձանց դեմ լուրջ հանցագործությունների իրականացման հրամանների արձակումը կամ դրանց թողտվությունը կարող է հանգեցնել բանտախցի Հաագայում»:

Պուտինը դարձավ չորրորդ ղեկավարը, ում ձերբակալելու հրաման է տվել Հաագայի միջազգային դատարանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031