Լրահոս
Օրվա լրահոսը

Սթրեսը «խլում է» օրգանիզմից կարևոր սննդանյութերը․ բացասական ազդեցության ևս մեկ մեխանիզմ

Մարտ 20,2023 09:30

Սթրեսն օրգանիզմի ոչ հատուկ պատասխանն է ներքին ու արտաքին ազդեցությունների նկատմամբ։ Այն ինչ-որ չափով անհրաժեշտ է մարդուն նոր պայմաններին հարմարվելու համար, սակայն սթրեսի տևական ազդեցությունը կարող է խաթարել օրգանիզմի բնականոն աշխատանքը։

Կանադացի գիտնական Հանս Սելյեն, որին համարում են «սթրեսի հայր», տարբերակելով դրական ու բացասական սթրեսի տեսակները, առանձնացրել է սթրեսի այն 3 փուլերը, որոնք վտանգավոր են օրգանիզմի համար։

Լարվածության աճ․ երբ մեր գլխուղեղը նյարդային ազդակներ է հղում և սթրեսի հորմոններ արտադրում, որոնք օրգանզիմում իմունոլոգիական ռեակցիա են առաջացնում։ Ադրենալինի, նորադրենալինի ու կորտիզոլի ազդեցությամբ օրգանիզմը «հավաքվում է», կենտրոնանում ու պատրաստվում որոշիչ քայլերի («խփիր ու փոխիր»)։

Բարձրանում է զարկերակային ճնշումը, արագանում են սրտի զարկերը, դժվարանում է շնչառությունը, մկաններում լարվածությունն աճում է․ այսպիսին է օրգանիզմի պատասխանը ֆիզիկական կամ հոգեբանական ուժեղ ազդեցությանը (վեճ, տհաճ լուր և այլն)։

Դիմադրություն. այս փուլում մարդը հաղթահարում է իր հույզերն ու սկսում վերահսկել իրավիճակը։ Այդ ընթացքում հիպոթալամուսը (գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է սթրեսի համար) և մակերիկամները (որոնք ակտիվանում են սթրեսի հորմոնների ազդեցությամբ) հանգստանում են, մկանները թուլանում են, ու մարդը շունչ է քաշում։

Հյուծում․ այս փուլը սկսվում է, երբ չի ստացվում հաղթահարել հույզերն ու ընդունել իրավիճակը։ Նորադրենալինն ու կորտիզոլը շարունակում են անընդհատ արտադրվել, ինչը հանգեցնում է օրգանիզմի գերծանրաբեռնվածության, էմոցիոնալ հյուծման, հոգնածության, ապատիայի, նյարդային լարվածության և այլն։ Ընդհանուր պատկերը լրացնում են անքնությունն ու գլխացավը, առաջանում է անինքնավստահություն, մեկուսանալու, մարդկանց հետ չշփվելու ցանկություն։

Չափից շատ կամ խրոնիկ հոգեբանական, էկոլոգիական սթրեսը կապվում է հոգեկան և ֆիզիկական առողջությանը սպառնացող բազմաթիվ ռիսկերի հետ։ Սթրեսի բացասական ազդեցության չգնահատված մեխանիզմներից մեկը կապված է օրգանիզմում սննդանյութերի պաշարի սպառման հետ։

Սննդանյութերը (վիտամիններն ու հանքանյութերը) անհրաժեշտ են ֆիզիկական ու մտավոր լիարժեք գործունեության համար, իսկ դրանց անբավարարությունը կապված է մի շարք հիվանդությունների հետ։ Մի շարք հետազոտություններ ուսումնասիրել են ֆիզիկական, հոգեբանական ու էկոլոգիական տարբեր սթրեսորների ազդեցությունը սննդանյութերի խտության վրա։ Ընդհանուր առմամբ, տվյալների մեծամասնությունը վկայում է, որ սթրեսը բացասաբար է ազդում օրգանիզմում մի շարք սննդանյութերի խտության վրա՝ նվազեցնելով այն։

Սթրեսորները կարող են շատ տարբեր լինել՝ ֆիզիկական կամ զգացմունքային, իրական կամ երևակայական, սուր կամ խրոնիկ և դրանց ազդեցությունն էլ օրգանիզմի վրա կարող է լինել ինչպես աննշան, այնպես էլ կենսականորեն վտանգավոր։

Սուր սթրեսն, օրինակ, կապվում է ալերգիկ դրսևորումների (ասթմա, էկզեմա, եղնջացան), միգրենի ու գլխացավերի, աղեստամոքսային համակարգի խանգարումների, հոգեկան առողջության խանգարումների (տագնապի գրոհներ) հետ և այլն։

Խրոնիկ սթրեսը կապվում է հոգեկան առողջության խանգարումների, նեյրոդեգեներատիվ հիվանդությունների (Ալցհայմերի հիվանդություն), սիրտ-անոթային հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների (ճարպակալում, մետաբոլիկ համախտանիշ, շաքարային դիաբետ), քնի խանգարումների (անքնություն, անհանգիստ ոտքերի համախտանիշ), քաղցկեղի որոշ տեսակների հետ։

Օրգանիզմի վրա սթրեսի բացասական ազդեցության հետ կապված ֆիզիոլոգիական մեխանիզմները կապվում են սթրեսի հորմոն կորտիզոլի՝ խրոնիկ կամ չափից շատ արտադրությամբ։
Այդ հորմոնի կտրուկ ավելացումն ու գերարտադրությունը կարող է վնասակար ազդեցություն գործել բոլոր օրգանների վրա՝ ժամանակի ընթացքում հանգեցնելով հյուսվածքների քայքայման։ Կորտիզոլի գերարտադրությունը նպաստում է բորբոքային գործընթացների, օքսիդացման սթրեսի ավելացմանը, սեռական հորմոնների ու վահանաձև գեղձի գործառույթի խանգարումների։ Մյուս պոտենցիալ և չգնահատված մեխանիզմը, ինչպես նշվեց վերևում, սթրեսի ազդեցությունն է օրգանիզմի սննդանյութերի պաշարի վրա։

Սննդանյութերը՝ վիտամինները, հանքանյութերը, սպիտակուցները, ճարպաթթուներն անհրաժեշտ են էներգիայի արտադրության, իմունիտետի, հորմոնների սինթեզի, հյուսվածքների աճի ու վերականգնման ու կենսաբանական բազմաթիվ այլ գործընթացների համար։ Հետազոտությունների մոնիթորինգի արդյունքում օրգանզիմում սթրեսի բացասական ազդեցությանը ենթարկվել են հետևյալ սննդանյութերը՝ մագնեզիում, ցինկ, երկաթ, կալցիում, նիացին։

Մագնեզիում

Մագնեզիումը կարևորագույն հանքանյութ է, որը մասնակցում է ԴՆԹ-ի ու ՌՆԹ-ի սինթեզին, ճարպաթթուների ճեղքմանն ու սինթեզին, գլյուկոզի, սպիտակուցի փոխանակությանը և այլն։
Կենդանիների վրա կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ սուր ու խրոնիկ սթրեսի ազդեցությամբ մագնեզիումի խտությունն օրգանիզմում փոփոխություններ է կրում։ Հետազոտության արդյունքները հաստատվել են նաև մարդկանց հետ կատարված ուսումնասիրություններով։

Մագնեզիումով հարուստ են քունջութը, հացահատիկը, վարսակի թեփը, ընդեղենը, դառը շոկոլադը, բանանը, հնդկացորենը, արևածաղկի սերմերը և այլն։

Ցինկ

Ցինկն անհրաժեշտ է 300-ից ավելի ֆերմենտների աշխատանքի համար։ Այն առանցքային դեր ունի գեների, իմունային գործառույթի, ածխաջրերի, սպիտակուցների, ճարպերի ու նուկլեինաթթուների ճեղքման ու սինթեզի համար։

Հետազոտությունների մեծ մասը հաստատել են մարդկանց մոտ սթրեսի ազդեցությամբ ցինկի պաշարի քայքայման մասին ենթադրությունը։

Ցինկով հարուստ են հորթի միսը, տավարի տապակած միսը, դդմի սերմերը՝ բոված վիճակում, քունջութի սերմերը, գառան միսը, կարագով բոված գետնանուշը, նուշը, քեշյու ընկույզը, ոչ քաղցր շոկոլադը, չեդդեր տեսակի պանիրը, հավի կրծքամիսը, ոստրեները, ծլեցրած ցորենը, կաղամբը, սպանախը, բրոկոլին (կանաչ բանջարեղենը) և այլն։

Երկաթ

Երկաթը կարևոր հանքանյութ է, որը մասնակցում է նյութափոխանակության գործընթացներին, թթվածնի, էլեկտրոնների տեղափոխմանը, ԴՆԹ-ի սինթեզին և այլն։

Ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց հետազոտությունները ցույց են տվել, որ հոգեբանական ու էկոլոգիական սթրեսը կարող են փոփոխել երկաթի խտտությունն օրգանիզմում։

Երկաթով հարուստ են սպանախը, ջրկոտեմը, կալե կաղամբը, չամիչը, ծիրանը, սալորաչիրը, միսը, հավի միսը և այլն։

Կալցիում

Կալցիումը բազմաթիվ կարևոր գործառույթներ ունի օրգանիզմում․ մասնակցում է մկանների կրճատմանը, ոսկորների ու ատամների ձևավորմանը, արյան մակարդմանը, նյարդային ազդակների փոխանցմանը, սրտի աշխատանքին և այլն։

Մարդկանց օրգանիզմում կալցիումի խտության վրա սթրեսի ազդեցությունն ուսումնասիրվել է մի շարք հետազոտություններով, որոնք նույնպես հաստատել են կալցիումի քանակի նշանակալի նվազեցում արյան պլազմայում խրոնիկ սթրեսի ազդեցությամբ։ Հոգեբանական ու էկոլոգիական սթրեսի ազդեցության ենթարկված մարդկանց ու կենդանիների մոտ նկատվել է ոսկորներում միներալային խտության ավելի ցածր ցուցանիշ։

Կալցիումով հարուստ են թարմ կաթն ու արածող կովերի կաթից ստացված պանիրները, կաթնաշոռը, կանաչ բանջարեղենը, ցիտրուսայինների պտղամիսը, քունջութի սերմերը և այլն։

Նիացին (վիտամին B-3)

Նիացինը մասնակցնում է էներգիայի արտադրմանը, խոլեսթերինի ու ճարպաթթուների սինթեզին։

Մեկ հետազոտությամբ նկատվել է, որ ֆիզիկական սթրեսորի (ցրտի կիրառումով) ազդեցությամբ կանանց օրգանիզմից նիացինի դուրսբերում է տեղի ունենում։

Նիացինով հարուստ են կարմիր միսը՝ տավարի միս, տավարի լյարդ, խոզի միս, թռչնամիսը, ձկնեղենը, շագանակագույն բրինձը, ընկույզը, սերմերը, բանանը և այլն։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ National Library of Medicine

Pravilamag.ru

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031