ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Մեխակ Հարությունյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 12 տարի ժամկետով ազատազրկման: Մ. Հարությունյանը դեպքի ժամանակ եղել է 19 տարեկան, իսկ տուժողը՝ Հ. Հակոբյանը, 30 տարեկան: Մեխակը սովորել է Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում, բնակության վայրում, դպրոցում եւ համալսարանում բնութագրվել է դրական հատկանիշներով…
Մեղադրական եզրակացության համաձայն, «Մեխակ Հարությունյանը, գործով չպարզված ժամանակահատվածում, ձեռք է բերել եւ պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող գործարանային 1985 թվականի արտադրության 9 մմ տրամաչափի, «ԼԹ 6528» համարի «Մակարով» տեսակի ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության, «Մակարով», «ԱՊՍ» տեսակի ատրճանակներից եւ այլ տեսակի ակոսափող հրազեններից կրակելու համար նախատեսված 9 մմ տրամաչափի (9×18 ՊՄ) ատրճանակային 48 փամփուշտներ, որոնցից 41-ը պահել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Թումանյան փողոցի իրենց տան ննջասենյակում, իսկ «Մակարով» տեսակի ատրճանակը, լիցքավորված 7 փամփուշտներով՝ պահել եւ կրել է: Մեխակ Հարությունյանը 2017 թվականի հունվարի 7-ին, ժամը 12. 20-ի սահմաններում, Գավառի Սայադյան փողոցում տեսնելով «Աուդի Q7» մակնիշի 47 MM 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով երթեւեկող Հայկ Հակոբյանին, նախորդ օրը հայհոյելու եւ ծեծի ենթարկելու համար վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր կողմից վարած «Տոյոտա» մակնիշի 69 MM 900 համարանիշի ավտոմեքենայով իր հանցավոր դիտավորությունն իրագործելու նպատակով կանգնելով Հայկ Հակոբյանի վարած «Աուդի Q7» մակնիշի ավտոմեքենային զուգահեռ՝ մոտ 2 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի միջից, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, մակարովից ուղիղ նշանառությամբ թվով 7 կրակոցներ է արձակել «Աուդի Q7» մակնիշի 47MM777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայում գտնվող Հայկ Հակոբյանի մարմնի կենսական կարեւոր հատվածների՝ գլխի եւ պարանոցի ուղղությամբ, պատճառելով նրան 7 մարմնական վնասվածք…… կյանքի հետ անհամատեղելի հրազենային գնդակային կույր վերքերի ձեւերով, ինչի հետեւանքով Հայկ Հակոբյանը տեղում մահացել է»:
Այս քրեական գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը կայացվել է 2022 հունիսի 20-ին, վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ 2023 թվականի հունվարի 10-ին: Պաշտպանը վճռաբեկ բողոք է բերել, ըստ նրա՝ բողոքը բերվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո գործող կարգով:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ամբաստանյալի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը (լուսանկարում) խնդրում է ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել՝ թիվ ԳԴ5/0015/01/17 քրեական գործով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հունիսի 20-ի դատավճիռը եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի հունվարի 10-ի որոշումը, Մեխակ Հարությունյանին 2003թ. ապրիլի 18-ի Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ եւ արդարացնել:
Կարդացեք նաև
Պաշտպանի գնահատմամբ. «Մեխակ Հարությունյանի գործողությունները կրել են ինքնապաշտպանական բնույթ, նրա արարքը պետք է որակվեր որպես անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված սպանություն», մինչդեռ, նրան դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Ըստ պաշտպանի բողոքի՝ «ՀՀ վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի 2022 թվականի հունիսի 20-ի դատավճիռն, առերեւույթ թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, սխալ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի նորմերը: Վերաքննիչ դատարանի կողմից առերեւույթ թույլ է տրվել դատական սխալ եւ սույն բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար: ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ եւ 64-րդ հոդվածների վերաբերյալ տրված մեկնաբանությունները հակասում են այլ գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում նշված նորմերին տրված մեկնաբանություններին (հիմնավորումներին): Սռերեւույթ թույլ տրված լուրջ դատական սխալի հետեւանքով վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ խաթարվել է արդարադատության բուն էությունը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից թույլ տված դատական սխալը լուրջ է, քանի որ առաջին ատյանի դատարանի կողմից 2003թ. ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելու մասին դատավճիռն անփոփոխ թողնելով՝ Մեխակ Հարությունյանի արարքին տրվել է սխալ իրավական գնահատական»:
Ըստ նրա, նոր՝ համալիր ամբուլատոր դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակվելու դեպքում, ակնհայտ էր, որ ստացվելու էր եզրակացություն այն մասին, որ Մ. Հարությունյանն արարքը կատարելու ժամանակ գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի՝ աֆեկտի վիճակում, որը պայմանավորված է եղել տուժողի վարքագծի հետեւանքով:
«Դատաքննությամբ հետազոտված ապացույցներից բխում է, որ Հայկ Հակոբյանը տեւական ժամանակ հետապնդել է Մեխակ Հարությունյանին, նրա հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, տվել սպառնալիքներ, եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, այսինքն, Մեխակ Հարությունյանի հանդեպ ցուցաբերել է հակաօրինական վաքագիծ: Նշված փաստը նաեւ հաստատված է համարել վերաքննիչ քրեական դատարանը»,-«Առավոտին» երեկ ասաց պաշտպան Լ.Սիմոնյանը:
Փաստաբանը վկայակոչում է վկաների ցուցմունքներից, մասնավորապես, վկաներից Վ. Ս.-ի ցուցմունքով՝ 2017թ. հունվարի 6-ին, երբ Մեխակ Հարությունյանի հետ վերջինիս ավտոմեքենայով է եղել, ավտոմեքենան կանգնեցրել է համագյուղացի Հայկ Հակոբյանը, Մեխակի վարած ավտոմեքենայի դիմաց եւ իջել է ղեկից, մեքենայից էլի մարդիկ են իջել: Հայկ Հակոբյանը հայհոյանքներ է հնչեցրել Մեխակ Հարությունյանի հասցեին, ասելով նաեւ՝ «էս ոնց ես քշում, այլ թուլա», ապա մոտեցել է եւ Մեխակին քաշելով իջեցրել է մեքենայից: Մեխակը այդ ժամանակ փորձել է բացատրել, թե չեն լսել ազդանշանը ու չեն նկատել, որ Հայկը հետեւից գալիս է: Հայկի մեքենայից այլ անձինք են իջել, որոնցից մեկը ասել է. «թողեք սրա բուկը ծակեմ»: …
Ըստ Լիպարիտ Սիմոնյանի՝ 12 տարի ժամկետով ազատազրկումն էապես հակասում է դատական պրակտիկայում նույնանման փաստական հանգամանքներով այլ գործերով նշանակված պատժաչափերին, նույնիսկ այն դեպքում, երբ դատավորների նույն կազմն էր քննել վերաքննիչ բողոքները:
Այս գործով պաժաչափի հետ կապված փաստաբանը հղում է կատարում մի շարք ավարտված գործերին: Մասնավորապես, ԵԴ/1402/01/20 քրեական գործով 27.07.2021թ. դատավճռով Ա. Մադոյանը 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել է 8 տարի 6 ամիս ժամկետով: 8 կրակոց է արձակել տուժողի վրա, որից 7-ը դիպել է: Վերաքննիչ քրեական դատարանի 06.12.2021թ. որոշմամբ դատական ակտը թողնվել է անփոփոխ: Նույնպես առկա է մեղմացուցիչ հանգամանքներ եւ առկա չէ ծանրացուցիչ հանգամանքներ:
Գ. Պետրոսյանի վերաբերյալ գործով՝ ՏԴ/0147/01/20 31.03.2021թ. դատավճռով դատապարտվել է 8 տարի ժամկետով, վերաքննիչ դատարանի 19.05.2021թ.-ի որոշմամբ՝ 9 տարի ժամկետով:
Մեկ այլ՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 06.08.2019թ.-ի դատավճռով՝ ՍԴ/0050/01/19 գործով Ն. Հովակիմյանը մեղավոր է ճանաչվել 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել է ազատազրկման 8 տարի ժամանակով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 17.01.2020թ.-ի որոշմամբ դատավճիռը թողնվել է անփոփոխ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.03.2023