Եսայի Դուրմուզյանը` լուսանկարչության, «Գնդակին հակառակ» ֆոտոշարքի եւ ֆուտբոլի մասին
– Եսայի, պատմիր լուսանկարների մասին` ինչպե՞ս են ստեղծվել ու ստեղծվում: Ի՞նչն է եղել լուսանկարների հիմքը եւ ինչպե՞ս է ստացվել, որ նրանք հավաքվել են մի վերնագրի տակ` «Գնդակին հակառակ»։ Այս շարքը շարունակական բնույթ ունի՞։
– «Գնդակին հակառակը» դոկումենտալ լուսանկարների շարք է, որը պատմում է պատերազմից վերադարձածների մասին։ 2018 թվականին ցուցահանդեսի ժամանակ ներկայացրի առաջին վավերագրական ֆոտոշարքս՝ նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից տղաներին, իսկ 2021 թվականին սկսեցի լուսանկարների միջոցով վավերագրել արդեն 44-օրյա պատերազմի մասնակից տղաներից շատերի անցած ուղին։
Որպես վավերագրող լուսանկարիչ միտք ունեմ դեռ այլ շարքերով ներկայանալու։ Ցանկանում եմ, որ մեր հայրենիքում պատերազմական թեման շարունակական բնույթ չկրի։
Կարդացեք նաև
– Լուսանկարչությունն ինչո՞վ է օգնում քեզ։ Այն գեղեցիկն ավելի խորը տեսնելու եւ վավերագրելու հնարավորությո՞ւն է տալիս, թե՞……
– Լուսանկարելն օգնում է ներկայացնել կյանքը, հաճախ փոխարինում է բառերին ու նախադասություններին։
– Լուսանկարելիս ի՞նչն ես կարեւորում։ Գունային գամման հստակեցնելու համար ֆիլտրեր օգտագործո՞ւմ ես։
– Ինձ համար կարեւոր է, թե որտեղ եմ լուսանկարելու, ում եմ լուսանկարելու, ինչքանով եմ կարողանալու ներկայացնել աշխատանքս։ Լուսանկարում եմ սեւ ու սպիտակ եւ որեւէ ֆիլտր չեմ օգտագործում, քանի որ վավերագրող լուսանկարիչ եմ, իսկ մեր համայնքում ամեն բան ներկայացվում է այնպես, ինչպես կա, ոչ թե այնպես, ինչպես ցանկալի կլիներ։
– Շա՞տ ես փնտրում քո ֆոտոխցիկի հերոսին։ Ի՞նչն է օգնում նրան գտնելու համար։
– Երբեմն անհրաժեշտ է լինում երկար փնտրել, երբեմն փնտրելու կարիք չի լինում, ամեն բան հարաբերական է եւ որոշվում է՝ կախված իրավիճակից։
– Քո կարծիքով` զարգացվածության ո՞ր աստիճանում է գտնվում լուսանկարչությունը Հայաստանում՝ համեմատ մեր տարածաշրջանի մյուս երկրների։
– Կարծում եմ` Հայաստանում պակասում են մասնագիտացված ֆոտոդպրոցները, որոնք հնարավորություն կտան ունենալ կիրթ եւ բանիմաց լուսանկարիչներ։
– Ի՞նչ կասես «Անձնական ուտոպիաներ» վավերագրական ֆիլմի մասին, որի համահեղինակն ես։ Հետագայում այդ ուղղությամբ գործունեությունը շարունակելու նպատակ ունե՞ս։
– Դա իմ առաջին փորձն էր որպես վավերագրող օպերատորի եւ ռեժիսորի։ Ի տարբերություն լուսանկարի, տեսանյութն ավելի շատ ժամանակ, ռեսուրս ու պատրաստվածություն էր պահանջում, բայց լուսանկարելն օգնել էր, որ գործը ի մի բերենք ու այդ ֆիլմով ներկայանանք ֆիլմային մրցույթին։
Ներկայում մասնագիտական շեշտը դրել եմ լուսանկարելու վրա, հետագան ցույց կտա՝ կվերադառնամ երբեւէ ֆիլմարտադրությանը, թե ոչ։
– Իսկ ֆուտբոլի մասին… Ինչպես գիտեմ` անբաժան ընկեր ես ֆուտբոլի հետ։
– Ես եւ ֆուտբոլն անբաժան ընկերներ ենք դեռ մանկուց։ Ժամանակին զբաղվել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլով։ Կարելի է ասել, որ իմ կենսակերպը խիստ կապված է այս սպորտաձեւի հետ։ Այժմ մասնակցում եմ ֆուտզալային առաջնությունների։ Սա ոչ միայն սպորտաձեւ է, այլ նաեւ կյանքի ռիթմ։
– Ի՞նչն ես կյանքում ամենաշատը արժեւորում։
– Սեփական արժեքներին հավատարիմ մնալը։
– Կյանքի ամենամեծ դասը։
– Անկախ իրավիճակից` միշտ շարժվել առաջ եւ շարունակել ապրել։
Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
18.03.2023