Մի դիմանկարի պատմություն
ՀՍՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագետ Սերիկ Դավթյանի մասին կենսագրական գրքիս ավարտին էի, երբ գտա նրա դիմանկարներից մեկը եւ դրա հեղինակի՝ նույնքան հետաքրքիր կենսագրությունը: Երկու պատմություն եւ ճակատագիր:
Անհասկանալի փնտրտուքների մեջ էի՝ շարունակ ուղեկցող տարօրինակ զգացողությամբ, որ անավարտ մի պատմություն է մնացել: Ներքին մի ձայն հանգիստ չէր տալիս: Այդ պարագայում դա վերագրում էի Սերիկի հուշող ձայնին: Չսխալվեցի… Արդյունքում գտնվեց Սերիկ Դավթյանի երրորդ դիմանկարը, որով ամբողջացվելու էր նրա ժանյակահյուս կյանքի վերջին հանգրվանը: Այդ դիմանկարն ամենաառաջինն է ստեղծվել, որը սակայն՝ ամենավերջում գտնվեց: Ասում են, թե՝ «Ճառագայթը չի թաղվում, ամեն ինչ ողողվում է լույսով»:
Կարդացեք նաև
1958թ. Սերիկ Դավթյանին նկարել է Մարտիրոս Սարյանը, իսկ 1954թ. եւ 1977թ. վերջին՝ գծանկար-դիմաշարք թողել Հովհաննես Շարամբեյանը: Սարյանական Սերիկը՝ պայծա՜ռ, արեւոտ, կանացի ու անսահման հմայիչ է, որը՝ ծանրախոհ, կյանքը խորքով ու լայնքով ճանաչող, իմաստություն գիտեցող մի հայացքով է նայել Վարպետին: Դեմքին ու աչքերում թույլ արտացոլվող ժպիտ ու թաքնված թախիծ է: Անվերջ ու անթարթ ուզում ես նայել սերիկյան աշխարհի այդ անվերջությանն ու երանգներին, որը նրա աշխարհի սարյանական պատկերավոր ու ճիշտ արտահայտությունն է: Այլ է շարամբեյանական Սերիկը՝ որում նա առաջացած տարիքում է, արդեն հիվանդ, տխուր ու անհուն թախծությամբ լի աչքերով: Ի՞նչ է մտածում Սերիկը, միայն մնում է կռահել…
Վերջում տեսածս դիմանկարի Սերիկը՝ նման չէ Սարյանի կամ Շարամբեյանի պատկերածներին: Այլ զգացողություն, այլ մտքեր էին հայտնվում: Այստեղ պատկերվածն այն Սերիկն է, որը մագադանյան 10-ամյա աքսորից հետո ապրում եւ հոգեպես ոտքի էր կանգնում իր ծննդավայր Դիլիջանում: Դա 1946-56թթ. ընկած ժամանակաշրջանն էր, երբ Սերիկն աշխատում էր Դիլիջանի Ղ. Աղայանի անվան քաղաքային գրադարանում եւ դասավանդում ասեղնագործության խմբակում:
Ո՞վ է այն գեղանկարիչը, որը Սերիկին պատկերեց ավելի վաղ ժամանակ, տեսավ աչքերի հոգու ցավը, զգաց ներաշխարհի տառապանքն ու հոգու խռովքը: Ո՞վ էր նա, որ՝ ճշգրտորեն նկատեց ու անմահացրեց նրա շնորհաշատ ձեռքերը՝ իրենց ամեն մանրուքով ու կանաչ մետաքսի մեջ հյուսված դիլիջանյան ծաղիկների արարումն ափերի մեջ: Ձեռքեր, որոնք տարիներ շարունակ, տաժանակիր աշխատանք էին կատարել կանանց բռնադատվածների ճամբարում՝ շինարարությունից մինչեւ ասեղնագործություն…
Մեկ դիմանկարով՝ իմ առջեւ բացվեց մի հետաքրքիր ու զգայուն մարդու կենսագրություն, ճակատագիր, ինքնուս գեղանկարչի տաղանդ, որն ապրել է զարմանալի, բայց համեստ կյանք: Ապրել է կարճ՝ աշխարհին թողնելով գեղեցիկը…
…Երեւանի ժողովրդական արվեստների թանգարանում եմ, դիմացս Սերիկի մեծադիր դիմանկարն է, որը պահվում է գեղարվեստական ստեղծագործությունների ֆոնդում: Հուզված եւ լուռ նայում եմ, թվում է անթարթ. պատճառը Սերիկի աչքերի թախիծն է, որը զգայուն նկարիչը կարողացել է արտահայտել մեծ վարպետությամբ ու դիտողին հաղորդակից դարձնել: Սերիկի հայացքը դրոշմվում է հոգուս հայացքի մեջ: Շոյում եմ Սերիկի ձեռքերը, հաղորդվելով դրանց մայրական ջերմությանը, որը փոխանցվում է նույնիսկ վաղուց չորացած կտավից: Այդ ձեռքերն է, որ մի օր, հեռավոր Մագադանում՝ համբուրեց 18-ամյա մի կալանավոր ռուս աղջիկ, որի համար Սերիկը ժանյակե ժապավեն հյուսեց: Այդ մեկ ժանյակը փրկեց Սերիկի կյանքը, կանխորոշելով ապագան…
Անհնար է, որ Սերիկի տառապալից կյանքը, ճակատագիրը չհուզեր նրան ճանաչող որեւէ մեկի, բացառվում է, որ նրա մարդկային կերպարով ու գրավիչ խոսքով չհիանային, նրա ստեղծագործություններով, հատկապես՝ անձեռակերտ ժանյակներով: Ամեն դեպքում՝ արվեստում թախիծն անխուսափելի է, այն ազնվացնող, հարստացնող ու բարձրացնող է: Այդ զգացումով եմ դիտում դիմանկարը: Ստեղծագործող վարպետի յուրաքանչյուր վրձնահարված ու երանգ կարծես թափանցում է ոչ միայն մարդկային հոգու մեջ, այլ ինքնաբերաբար հաղորդվում ես դրան՝ զգալով նկարչի ապրումը, միտքը, պատկերավոր տեսնում ձեռքերի շարժը: Մի ակնթարթ թվում է՝ հայտնվում ես անցյալի ժամանակում, ականատես լինելով ստեղծագործական ընթացքին:
Դիմանկարի յուրաքանչյուր գաղտնիք ու բնավորություն թաքնված է աչքերի մեջ եւ եթե նկարչին հաջողվում է նկարել աչքերդ՝ նշանակում է կարողացավ նկարել քեզ: Նկարիչը մարդուն տեսնում է ոչ միայն ֆիզիկապես, այլ հոգու աչքով ու վարպետությունը հենց դրանում է, որ կարողանա զգալ ու պատկերել դեմքի ու հայացքի արտահայտությունը, թե ի՞նչ է թաքցնում բնորդը: Դժվարը հոգու լուռ երկխոսություն-զգացումը, ապրումն ու արտահայտումն է: Սերիկին պատկերող նկարչի մոտ այն հաջող է ստացվել:
Ներքեւի աջ անկյունում ռուսերենով ստորագրված է՝ «Ս. Գասպարյան, Դիլիջան, 1955»: Սկզբնապես ենթադրում եմ, որ գեղանկարիչը դիլիջանցի է: Նկարողը պետք է որ նրան մոտիկից ճանաչեր, իմանար ով լինելը, որ իր շնորհներով անմահացներ: Հետաքրքրությունս կրկին տանում է փնտրտուքների: Չեմ սխալվել: Նկարչի մասին պատմում են Դիլիջանի Երկրագիտական թանգարան-պատկերասրահի փոխտնօրեն Արկադի Մելյանը եւ գեղանկարիչ Համլետ Ասատրյանը: Օրեր անց Դիլիջանում գտնում եմ արվեստագետի դստերը՝ Անահիտին: Ջերմ զրուցում ենք: Հարցերիս պատասխանում է հուզված: Խոսքում ակնածանք ու հարգանք կա հոր անցած ճանապարհի ու կենսագրության մասին: Եվ դստեր շնորհիվ՝ իմ առջեւ բացվում է զարմանալի ճակատագրով ու կյանքով ապրած մի մարդու կարճ, բայց բովանդակալից կենսագրություն: Ապրել է մեր կողքին, բայց այնքան համեստ ու լուռ, որ տարիներ անց իր մասին հիշեցնել է տալիս ստեղծագործությունը: Ճակատագիրը դաժան է գտնվել նրա հանդեպ:
Սերգեյ Ալբերտի Գասպարյանը ծնվել է Դիլիջանում, 1921 թվականին: Նախնիները գաղթել են Կարսից: Սովորել եւ ավարտել է քաղաքի թիվ 1 դպրոցը: Հեռակա ուսանել է Լենինգրադի լեռնամետալուրգիական ինստիտուտում: Ինքնուս, բնատուր տաղանդով օժտված նկարիչ էր: Ունեցել է նաեւ երաժշտական հակումներ, լավ ակորդեոն է նվագել: Դստեր խոսքով՝ մեղմ ու հանդարտ բնավորությամբ էր: Կարծում եմ, գրեթե բոլոր դիլիջանցիներին բնորոշ հատկանիշ, որը բնությունից է գալիս:
Ուսման հանդեպ մեծ սիրուն զուգահեռ՝ զգացնել է տալիս նաեւ նկարչական ընդունակությունը, որը մի օր պոռթկումի նման արտահայտում է ստեղծագործությունների տեսքով: Երեւի բառերով չասվածը՝ հոգու գույներով ու մտքի մտորումներով պետք է հորդեր ու ասեր:
1941թ. Երկրորդ աշխարհամարտ մեկնած դիլիջանցի զինակոչիկներից մեկը Սերգեյ Գասպարյանն էր: Բելոռուսիայում գերվում է, հայտնվելով՝ գերմանական համակենտրոնացման ճամբարում: Ճանապարհը տանում է Ֆրանսիա: Բախտի բերմամբ, թե ճակատագիրն է բարեգութ գտնվում՝ դառնում է դիմադրության շարժման մարտիկներից մեկը, ընդգրկվելով Հայկական լեգեոնում: Ի դեպ, միայն Դիլիջանի դպրոցում հիմք դրած գերմաներենի հրաշալի իմացությունն ու տիրապետումը թույլ են տալիս, որ հմտորեն յուրացնի եւ գործածի ֆրանսերենը:
Պատերազմի ավարտին վերադառնում է Խորհրդային Հայաստան: Ինչպես հազարավորների պարագայում, այնպես էլ Սերգեյ Գասպարյանին՝ չի ներվում գերության փաստը: Դատապարտվում եւ տասը տարով աքսորվում է Ղազախստանի Գեստազգան բնակավայր, որտեղ աշխատում է հանքահորերում: Աքսորավայրում կատարելագործում է բնատուր նկարչի ընդունակություններն ու հմտությունները: Միայն 1953թ. Ստալինի մահից հետո՝ հաղթահարում է բռնադատվածության շրջանի խարանը: Վերադառնում է ծննդավայր: Տարիներ շարունակ աշխատում է շինտրեստում, որպես պլանբաժնի պետ:
– Հայրս հոգով իսկական արվեստագետ էր, գեղարվեստական մտածողությամբ: Մեծ սեր ուներ նաեւ դեպի կրթությունն ու ընթերցանությունը: Շատ լռակյաց էր, միայն երբեմն ստեղծած աշխատանքի մասին կհարցներ մեր կարծիքը, կլսեր լուռ: Շատ էր սիրում թատրոն եւ կինո, երիտասարդ տարիներից երազել էր կինոռեժիսոր դառնալ, փոքրիկ դերեր է խաղացել Դիլիջանի «Հասմիկ»-ի անվան թատրոնում: Ավա՜ղ, պատերազմն ու աքսորը բոլոր ծրագրերը խառնում են: Հասակով մարդ էր, լայն ճակատով, քիթը կոտրած էր ու դա էլ իր պատմությունն ուներ: Կարդալ շատ է սիրել ու ժամանակը խնայելու համար՝ գիրքը ձեռքին, փողոցում կլանված կարդալով՝ տուն գնալիս է եղել: Այնքան է տարվել ընթերցանությամբ, որ չի նկատել դիմացի սյունը ու հարվածել է:
Նրա հրաշալի ստեղծագործություններն ու հատկապես ճշգրտորեն արտանկարելու մեծ վարպետության շնորհը նկատում է Հովհաննես Շարամբեյանը: Վերջինիս առաջարկով՝ Սերգեյ Գասպարյանը ներկայացվում է Ժողովրդական վարպետի կոչման: Մահկանացուն կնքում է վաղ՝ 1983թ., 62 տարեկանում:
…Սերգեյ Գասպարյանի սերիկյան դիմապատկերը (չափը՝ 60×80սմ) ժամանակին ձեռք է բերել ՀՍՍՀ Ժողովրդական արվեստի ստեղծագործությունների տունը:
Նկարիչը պատկերել է այն Սերիկին, ում ճանաչել ու տեսել է կյանքում, լսել խոսքը եւ ձայնը, հոգու խորությամբ հասկանալով նրա էությունը, ճանաչել մարդկային հարաբերություններում: Արվեստագետն ազնիվ է, անկեղծ, նա զգացել է՝ ինչպես պետք է պատկերի Սերիկին: Դա հրաշալի է ստացվել:
Սերիկը դիմահայաց դեպի ձախ, նստած է աթոռին, ձեռքին ձեռագործն է: Ես, որ հարյուրավոր Սերիկի լուսանկարներ եմ նայել՝ զգացի ու ճանաչեցի այն Սերիկին՝ ում հայացքը ճիշտ այդպիսին էր 1950-ական թվականներին: Դեմքին արտառոց թախիծ, անհուն ու ապրող տխրություն կա, թվում է՝ անվերջ հեռուներին կամ անցյալին հետադարձ նայող: Նկարի ստեղծման ժամանակ Սերիկը 62 տարեկան էր: Հետաքրքիր է, որ նույն տարիքում է մահացել Սերգեյ Գասպարյանը…
Նկարչի տաղանդի շնորհիվ ես կարդում եմ Սերիկի դեմքին անցյալից դրոշմ թողած տագնապը: Բնորդը չի կարող խաբել նկարչին. Սերիկը նրան ներկայացել է այնպես՝ ինչպիսին իրականում էր: Սերգեյ Գասպարյանը, թեեւ երիտասարդ, բայց կյանքի մեծ դպրոց անցած, կարողացել է կարդալ նրա հոգին: Նա գիտեր, թե ինչ է նշանակում լինել բռնադատված, անցնել ստալինյան դժոխքի միջով ու ի վերջո՝ մարդ մնալ…
Նայում եմ Սերիկի աչքերին, դրանք հեռուն են նայում, այդպես նայում են, երբ թաքցնում են հոգու հույզը, երբ կյանքում կորցրած մի թանկ բան ունես. նա չի նայել նկարչին, հակառակ՝ նկարիչն է նայել Սերիկին: Թվում է՝ լուռ է անցել պահը եւ չի կայացել բնորդ եւ նկարիչ զրույցը: Մեկը նկարել է, մյուսը՝ ասեղնագործել: Երկուսն էլ արարել են…Կարծում եմ, մի ակնթարթ է միայն Սերիկը փորձել իր հուգուց ու էությունից, իր կյանքի ալեկոծություններից մի ցավոտ մաս թաքցնել: Ես այդպես եմ զգում: Նույնիսկ մի փոքր ամոթխած է թվում Սերիկի հայացքը, որն իմ աչքին անսահման գեղեցիկ է երեւում: Այդ հայացքն ու աչքերն անդառնալիորեն դրոշմվում են հոգուդ հայացքին:
Հետաքրքիր են դիմագծերը. այդ պահին, ժամանակի այդ միջոցում՝ դեռ ցավի արտահայտություն են փոխանցում: Սերիկը մտքերի մեջ է, ինչ-որ արտաքին, քարացած հանգստություն կա նրա կերպարում: Դիմանկարը հետաքրքրություն է առաջացնում բնորդի մասնագիտության շուրջ: Այստեղ կոնկրետ ասեղնագործուհի Սերիկն է:
Ճերմակ, ալիքաձեւ մազերը ծոծրակին հավաքված են խնամքով ու թույլ: Սերիկը նկարչին ներկայացել է կաթնագույն շապիկով ու սեւ զգեստով: Նա չի կեղծել իրեն: Ինձ ապշեցրեցին ձեռքերը… Ձեռքեր, որ հարյուրավոր ժանյակներ ու ձեռագործներ են հյուսել, գորգ ու կարպետ: Ձախ ձեռքով պահել է ձեռագործի օղակը, աջով ասեղը, միջնամատին մատնոցն է: Ձախ ձեռքի դաստակին միշտ թարս կապված ժամացույցն է: Մի պահ թվում էր, թե չկա Սերիկի ձեռքերի պլաստիկան, որ այն թեթեւության զգացում պետք է թողներ, արտահայտեր ժանյակ հյուսող մատների ու ձեռքերի քնքուշ նրբություն: Բայց այդպես մտածում եմ միայն մի պահ… Գեղանկարիչը պատկերել է այն՝ ինչ զգացել է: Դրանք Սերիկի աքսոր ու տաժանակիր աշխատանք տեսած ձեռքերն են, որոնք հետո, ժամանակի ընթացքում, նորից սկսեցին նրբանալ ու փափկել:
Ապշեցնող է ձեռագործի կանաչն ու աստղածաղիկները. դրանում է ափոփված ողջ կտավի գաղտնիքը: Ճերմակ դաշտային ծաղիկները հյուսվում են Սերիկի ձեռքերում: Ո՞վ գիտե, գուցե այդ պահին նա իսկապես հյուսելիս է եղել իր չքնաղ ծաղիկները, չէ՞ որ Սերիկը բնույթով այնպիսին էր, նա ժամանակի ոչ մի ակնթարթ կորցնել ու բաց թողնել չէր կարող: Կյանքից շատ էր կորցրել, կարեւոր էր ստեղծագործական ամեն ակնթարթ: Ողջ կտավի մույգ երանգի մեջ կանաչը կոտրում է մութը, այն գույն է տալիս մտքին ու երեւակայությանը, ներգործում հոգուդ: Դա մի կանաչ է, որը Սերգեյ Գասպարյանը, կարծում եմ՝ մտածված է գործածել. այն յուրօրինակ արժեք եւ ուժ ունի նկարչի համար: Գույնն օգնել է, որ վերջնականապես կարողանա արտահայտել իր զգացումն ու միտքը, հասնել մտքի ավարտի հանգուցալուծմանը: Նա գտել է Սերիկի ներաշխարհից դեպի լույս տանող հոգու բանալին: Նկարի գաղտնիքի խորհուրդը՝ ձեռագործի կանաչ երանգի մեջ է ու Սերիկի ձեռքերում արարվող ծաղիկներով հյուսված կյանքի շարունակվող արահետի:
Ընդհանրական՝ նկարում երեք ուժ կա, երեք խորհրդավոր միտք ու Սերիկից անբաժան երրորդության իմաստ՝ հայացքը, ձեռքերը եւ կանաչ ձեռագործը, որի ծաղիկները միշտ ծաղկուն եւ անթառամ մնացին Սերիկի շնորհաշատ ձեռքերում…
Մերի ՔԵՇԻՇՅԱՆ
Սերիկ Դավթյանի կենսագիր
Հ.Գ.- Գրելիքս ավարտել էի, բայց նորից նայեցի Սերիկ Դավթյանի լուսանկարները: 1955թ. դիլիջանյան մի պատկերում՝ ձեռքին հազիվ նշմարվող ու դեռ անավարտ նույն ձեռագործն է, որը հավերժացրել է Սերգեյ Գասպարյանը: Ուրեմն այն երեւակայական չէ, նա իսկապես հյուսել է իր ծաղիկները, իսկ թե որտե՞ղ է այդ ձեռագործը՝ թողնենք ժամանակին:
«Առավոտ» օրաթերթ
18.03.2023